Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշումն ու «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 21-ի որոշումները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամներին՝ 4 տարի ժամկետներով:
Հավատարմագրման համար հիմք են հանդիսացել նաև Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված՝ Որակի ապահովման չափորոշիչները, չափանիշներն ու ընթացակարգերը:
Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին: