ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՆԵՅՏՐԱԼ ԴԻՐՔ ԵՄ ԳՐԱՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՓԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ վերջերս հազվադեպ ենք տեսնում երգչուհու կարգավիճակում. ի՞նչ է պատահել, մի՞թե Արփին որոշել է այլեւս չերգել: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում Արփին  նշեց. “Հիմա երգարվեստում ինձ մոտ մի քիչ ստոպ է, դա կախված է ոչ միայն հեռուստատեսությունում իմ աշխատանքից, այլեւ ընտանեկան հարցերից, որոնք չէի ցանկանա մանրամասնել: Բայց ասեմ, որ շուտով կլինի նոր երգ ու տեսահոլովակ: Սիրում եմ անել այն, ինչ ինձ այդ ժամանակահատվածում լավ է ու հաճելի, պարտադրված ոչինչ չեմ անի”: 
-Դուք վարում եք հայտնիներին քննադատող հաղորդում` “Pop hանրագիտարան”, վստահ եմ, շատերը չեն ցանկանա հայտնվել այդտեղ:
-Սկզբնական շրջանում այդ ցայտնոտը կար, բայց հիմա հասկացել են, որ այդ ամենը նորմալ է, ու աշխարհի բոլոր երկրներում էլ կան այդ ֆորմատի հաղորդումներ: Ինչ վերաբերվում է ինձ, ես հրավիրված հաղորդավարուհի եմ, որն անում է միայն հաղորդավարի աշխատանք, ես ընդամենը կարդում եմ տեքստն ու նկարահանվում: Կապ չունեմ ո՛չ թեմայի, ո՛չ լրագրողական աշխատանքի հետ, ո՛չ էլ հյուրերի ու նրանց հետ կապված սկանդալների: 
Ինքս էլ չեմ ուզում խառնվել այդ տեսակ բաներին, ինձ իրավունք չեմ վերապահում, միայն կարդում եմ տեքստն ու նկարահանվում:
-Ուզում էի հենց այդ հարցը տալ, որ լինելով շոու բիզնեսի ներկայացուցիչ՝ մտավախություն չկա՞, որ մի օր էլ մեկ այլ հաղորդման մեջ Դուք կհայտնվեք քննադատության թիրախում:
-Իհարկե կա, ես նորմալ եմ վերաբերում: Հնարավոր է՝ այդպիսի բաներ լինեն, ես էլ հիվանդագին չեմ տանում: Յուրաքանչյուր ասպարեզում էլ լինում է բացասական կարծիք: 
-Մի անգամ Ձեր հյուրերից մեկն ասաց, որ Դուք հրավիրել էիք նրան ,Pop հանրագիտարանե հաղորդման, հետը ջերմ զրուցել, հետո մոնտաժի արդյունքում բոլորովին այլ կերպ մեկնաբանել իր խոսքերը, ինչից ինքն իրեն մի տեսակ խաբված էր զգացել: Նման դեպքեր շա՞տ են պատահել:
-Լինում են այդպիսի բաներ, բայց միայն այն դեպքում, երբ լավ տեղեկացված չեն թեմային, բայց հետո միմյանց հասկացել ենք, ու հարցերը լուծվել են: Այսքան ժամանակ դեռ չի եղել այնպիսի մարդ, որը մինչեւ հիմա մեզանից նեղացած է մնացել: Մեր խմբագրակազմը կարողացել է ճիշտ բացատրել:
-Ձեր կարգավիճակն այս պարագայում չեզոք է ստացվում: 
-Ես միտումնավոր նեյտրալ դիրք եմ գրավել, քանի որ ճիշտ չէ իմ կողմից կոլեգաներիս նկատմամբ քննադատություններ հնչեցնել, դա շատ սուբյեկտիվ կլինի իմ կողմից, որովհետեւ ես էլ այդ նույն կառույցի ներկայացուցիչ եմ: 
-Սկսնակ կատարողների համար սովորաբար շատ ավելի բարդ է առաջ գնալ: Նրանցից, ինչպես կարգն է, գումար են պահանջում տեսահոլովակները եթեր հեռարձակելու համար: Ձեր պարագայում ինչպե՞ս է, Ձեզ համարո՞ւմ են իրենց կոլեգա ու գումար չեն վերցնում, թե՞…
-Անկեղծ ասեմ, երբեք գումար չեն խնդրել, նույնիսկ այն ժամանակ, երբ ես հեռուստատեսությունում չէի աշխատում: Ըստ իս, որակով բան ներկայացնելու դեպքում երբեք փող չեն ուզի: Եթե որակով է, հաստատ ցույց կտան, հնարավոր է՝ քիչ, բայց չեն անտեսի: Ինձ իմ հեռուստաընկերությունն էլ է շատ աջակցել: Երբեւէ տեսահոլովակս ցուցադրելու խնդիր չի եղել, հնարավոր է՝ ես Երգի պետական թատրոնի մենակատարուհի եմ եղել, դրանի՞ց է: 
-Քանի որ Դուք Արթուր Գրիգորյանի սանն եք եղել, դեռ տարիներ առաջ ասում էին, որ հենց նա է օգնել, որպեսզի հեռուստատեսությունում հայտնվեք:
-Հեռուստատեսությունում հայտնվելս շատ պատահական ստացվեց, ես դեռ Թատերական ինստիտուտում էի սովորում, ,ATVե-ն նոր էր բացվել, ինձ էլ Հրաչ Քեշիշյանն ու Արթուր Մանուկյանը հրավիրեցին, որ ես փորձեմ ,Բարի լույսե ծրագիրը վարել: Իսկ ինչ վերաբերում է Գրիգորիչի օգնությանը, նա երբեք չի բարեխոսում իր սաների համար, ինքը ճիշտ գիտելիքներ է տալիս, դպրոց ես անցնում իր մոտ ու վերջ, մնացածն արդեն քեզնից է կախված` կարող ես այդ ամենն օգտագործել, կարող ես` ոչ: 
Երգարվեստի ոլորտում ինձ շատ է օգնել Երգի պետական թատրոնը: Ես եղել եմ “Կանաչ գոտի” նախագծի մեջ ու համարվել Երգի պետական թատրոնի մենակատար: Այնտեղ շատ լավ օրեր եմ ունեցել ու լավ մարդկանց հետ ծանոթացել, գիտելիքներ ձեռք բերել: 
-Համամի՞տ եք այն կարծիքի հետ, որ եթե փող չունես, առաջ գնալ էլ չես կարող:
-Այս տարիների ընթացքում ես տեսել եմ շատ տաղանդավոր մարդկանց, որոնք գումար չունենալու պատճառով այդպես էլ առաջ չգնացին, երգում են ակումբներում, բայց իրենք շատ ավելի մեծ բեմերի են արժանի, պարզապես չունեն ֆինանսավորողներ: Ցավով եմ ասում, բայց կա այդպիսի խնդիր:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս