Աշոտյանը հանձնարարել է սիրիահայ երեխաների կրթության համար ապահովել բոլոր պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր վարել է ավագ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Այս մասին  հայտնում են, որ ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին և հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներին` ՀՀ ԿԳ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նրանց նախորդ տարվա աշխատանքի համար և դիմելով նրանց նշել. “Բոլոր խնդիրներով հանդերձ մեզ հաջողվեց ապահովել անցումը 12-ամյա համակարգին, անցած ուսումնական տարում մենք ունեցանք առաջին 12-րդ դասարանը: Թեև դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և այս փոփոխության հանրային ընկալումը միանշանակ դրական չէ, բայց հերքելով բոլոր ասեկոսեները, ուզում եմ շեշտել, որ 12-ամյա կրթության համակարգը հետադարձ չունի: 
Հերթական անգամ հայտարարում եմ, որ խոսակցություններն այն մասին, թե 12-ամյա կրթության համակարգից կրկին անցում է կատարվելու 11-ամյա կա 10-ամյա համակարգի, ընդամենը խոսակցություններ են: Մենք դեռևս փորձարկման փուլում ենք և ես դժվար է առայժմ հայտարարել, թե 12-ամյա կրթության համակարգը կայացել է: Այդ համակարգի առաջին շրջանավարտները մենք կունենենանք 2018 թվականին: Իսկ մինչ այդ, ուժերի համատեղմամբ պետք է լուրջ աշխատանք տանենք կրթական ծրագրերի, դասագրքերի, գնահատաման համակարգի և այլ խնդիրների բարելավման ուղղությամբ”:
Նախարարը տնօրենների ուշադրությունն է հրավիրել և շեշտել կրթական ոլորտի իրավական պահանջների կատարման կարևորությունը. “Շատ խիստ ենք վարվելու այն տնօրենների հետ, ովքեր կրթության և գիտության նախարարության կողմից կատարված դիտարկումների արդյունքում կունենան իրավական բացթողումներ:”,- նշել է Ա. Աշոտյանը: 
Նախարարը շեշտել է նաև կրթության որակի բարելավման խնդիրը, նշելով, որ այս տարվանից ավագ դպրոցների աշակերտների կրթության կազմակերպման համար կառավարության կողմից հատկացվող ֆինանսավորումը ավելացել է: Նախարարի խոսքով սեպտեմբերի 1-ից սկսած ՀՀ ԿԳՆ-ի կողմից խիստ վերահսկողություն կսահմանվի հատկապես մայրաքաղաքի ավագ դպրոցների նկատմամբ:
Աշակերտների հաճախումների հետ կապված կեղծ տվյալներ հայտնաբերելու դեպքում նախարարության մոտեցումը խիստ է լինելու: 
“Աշակերտների բացակայությունները թաքցնելու դեպքեր հայտնաբերելու դեպքում տվյալ տնօրենը կունենա լուրջ խնդիրներ՝ ընդհուպ կարող է ազատվել աշխատանքից: Ավագ դպրոցի բոլոր աշակերտները պարտավոր են հաճախել դպրոց”,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ ավագ դպրոցներին տրված ազատական մոտեցումները, ինչպես ցույց է տալիս փորձը, երբեմն փորձ է արվում չարաշահել ինչպես կրթության կազմակերպման պատասխանատուների, այնպես էլ աշակերտների ծնողների կողմից :
“Ավագ դպրոցների գործի հաջողությունը, սիրելի տնօրեններ, ձեզանից է կախված, այս հարցում դուք կարող եք ակնկալել ՀՀ ԿԳՆ-ի մշտական աջակցությունըե:
Անդրադառնալով ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման խնդրին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ համատարած աշխատանքներ իրականացնելու և բոլոր խնդիրները միանգամից և հիմնավոր լուծելու հնարավորություն պետությունն առայժմ չունի: Մոտավոր հաշվարկներով ավագ դպրոցների համալիր նորգման համար մոտ 120 մլն ամերիկյան դոլար կպահանջվի, ինչը պետության համար այս պահին լուրջ բեռ է : 
ՀՀ ԿԳ նախարարը նշելով, որ այս փուլում պետական մոտեցումը ավագ դպրոցների առաջնահերթ և հիմնական խնդիրների լուծմանն են միտված, հույս է հայտնել, որ Համաշխարհայաին բանկի աջակցությամբ առաջիկա տարում ավագ դպրոցների նորոգման ծրագիր կիարականցվի: 
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը անդրադարձել է նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործին և հանձնարարել տնօրեններին նրանց համար ապահովել բոլոր պայմանները` նշելով, որ սիրիահայ երեխաները կարող են դիմել և սովորել ցանկացած դպրոցում: 
“Ձեր առաջնային պարտավորությունն է սիրիահայ երեխաների համար ապահովել բոլոր պայմանները, կազմակերպել լրացուցիչ արտաժամյա պարապմունքներ` լեզվական իմացության և ծրագրային տարբերություններով պայմանավորված խնդիրները հարթելու համար: Յուրաքանչյուր սիրիահայ երեխա մեր ժողովրդի զավակն է և նրա կրթությունը քաղաքական և պատերազմական ֆորս մաժորի հետևանքով չպետք է տուժի”,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը : 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ավագ դպրոցների ֆինանսական կարգապահությանը, ՀՀ ԿԳՆ “Թեժ գիծ” հեռախոսակապով ստացված ահազանգերին, կրթական ծրագրերին ու մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցեր:




Լրահոս