ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՆԴԵՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում եւս ՏԻՄ ընտրությունների մեկնարկը տրված է: Չնայած ընտրությունները տեղի չեն ունեցել, սակայն արդեն պարզ է, թե որ քաղաքում ով է լինելու քաղաքապետը: «Ժողովուրդ»-ն օրերս գրել էր, որ ՀՀԿ-ն արդեն որոշել է Սեւանի քաղաքապետ դարձնել Գեղարքունիքի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին (Ուդո), Գավառի գործող քաղաքապետը կշարունակի պաշտոնավարել, իսկ ինչ վերաբերում է Վարդենիսին, ապա այստեղ ՀՀԿ-ն լուրջ խնդրի առաջ է կանգնել. ընտրության հնարավորություն չունի:
Վարդենիս քաղաքում ՀՀԿ-ն ստիպված է ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջեւ: Վարդենիսի պոտենցիալ եւ առաջադրված թեկնածուները մեկը մեկից վարկաբեկված են:
Եւ այսպես, ովքե՞ր են այն մարդիկ, որոնք հավակնում են դառնալ Վարդենիսի քաղաքապետ:
Վարդան Բարսեղյան. Վարդենիսի նախկին քաղաքապետ: Նա եղել է Վարդենիսի ՕԵԿ կառույցի ղեկավարը, այժմ ՀՀԿ անդամ է: Վ. Բարսեղյանի եղբայրը՝ Ստեփան Բարսեղյանը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարն է: Նա եւս նախկինում կարկառուն ՕԵԿ-ական էր, բայց հիմա ՀՀԿ-ական է դարձել: Այսինքն՝ Բարսեղյան եղբայրները շատ արագ կարողացել են մի կուսակցությունից մյուսն անցնել՝ նույն արագությամբ փոխելով իրենց գաղափարները: Իսկ ինչ մնում է նրան, թե Վ. Բարսեղյանն ինչպիսի ղեկավար է եղել Վարդենիսի քաղաքապետ աշխատելու տարիներին, ապա թերեւս մեկ օրինակ նշենք: Նրա ղեկավարման տարիներին, երբ Վերահսկիչ պալատը «մտավ» Գեղարքունիքի մարզ՝ ստուգումներ կատարելու, Վարդենիսում խայտառակ բացահայտումներ արեց՝ կապված դրամաշորթության հետ: Վ. Բարսեղյանի գործերն անգամ հայտնվեցին դատախազությունում: Այստեղ էլ ամիսներ շարունակ դատախազությունը քննեց, քննեց, ու մի «կլորիկ» գումար վերադարձնելով պետբյուջե, գուցե մի որոշ «չափաբաժին» էլ դատախազության «գանձանակ»՝ գործը համարվեց փակված: Վ. Բարսեղյանի՝ քաղաքապետ  եղած տարիներին Գեղարքունիքի մարզը ՕԵԿ-ի քվոտայով ղեկավարում էր եղբայր Ստեփան Բարսեղյանը: Այդ տարիներին երկու եղբայրներով մեկը մյուսին պաշտոնական գրություններ էին գրում. Վ Բարսեղյանը՝ Ս. Բարսեղյանին, Ս. Բարսեղյանը՝ Վ. Բարսեղյանին՝ այդ ընթացքում տեղը տեղին թալանելով Վարդենիսի առանց այն էլ աղքատիկ բյուջեն:
Վարդենիսի քաղաքապետի հաջորդ թեկնածուն Սամվել Խաչատրյանն է, որին վարդենիսցիները ճանաչում են Խռուշ մականունով: Վերջինս երկար տարիներ եղել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը, քաղաքի ՀՀԿ կառույցի ղեկավարը: Խաչատրյանը Վարդենիսում ոչ այդքան սիրված կերպար է, ավելին, վարդենիսցիները, ՀՀԿ-ին ասոցացնելով Խաչատրյանի հետ, միշտ խուսափել են ՀՀԿ-ի հետ գործ ունենալուց:
Խաչատրյանի՝ հոգեբուժարանի տնօրեն աշխատելու տարիներին եւս սկանդալային դեպքեր բացահայտվեցին, այս անգամ՝ Ազգային Ժողովի ամբիոնից: ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը հայտարարեց, որ Վարդենիսի «Տուն ինտերնատ»-ում մահացած մարդկանց մարմնի մասեր են վաճառվում: Սակայն այդ դեպքը եւս դատախազությունը «կոծկեց»: Վերջերս էլ Խաչատրյանն անփառունակ կերպով ՀՀԿ Վարդենիսի կառույցի ղեկավարի «պաշտոնից» «ազատվեց», քանի որ տապալել էր համայնքային ընտրությունները:
Երրորդ թեկնածուն գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանն է (որին վարդենիսցիները գիտեն որպես Խլոյ Վալոդ): Ի սկզբանե ասենք, որ նա եւս որեւէ բանով չի տարբերվում նախորդ երկուսից: Խլոյանը ո՛չ հասարակական ընկալում ունի, ո՛չ հեղինակություն: Միայն հայտնի է իր բարձրախոսությամբ՝ կարծելով, որ այդ կերպ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:
Վարդենիսցիների բնութագրմամբ՝ Խլոյանն իրենց հիշում է միայն ընտրությունների նախաշեմին, երբ արդեն «ձայներ» են պետք լինում: Ցանկացած մեկը կարող է հիշել ու տեսնել Վարդենիսի ճանապարհների վիճակը, լուսավորությունը, աղբահանության մակարդակը եւ այլն: Բայց դա չի խանգարում, որպեսզի նա «ճղճղալով» փորձի իր գործերն առաջ տանել:
Ի դեպ, նշենք, որ երբ Վ. Խլոյանը քաղաքապետ չէր, այլ դիրքորոշում ուներ՝ ընդդիմադիր էր, ավելի կոնկրետ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրը: Բայց դա չխանգարեց, որպեսզի իր միջնորդավորված խնամի, պաշտոնաթող գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանի օգնությամբ քաղաքապետ դառնա: Ու հենց նստեց այդ աթոռին, կրկին հիշեց, որ ինքը ՀՀԿ-ական էր: Նա այսօր զավթել է Սամվել Խաչատրյանի տեղը՝ ղեկավարելով ՀՀԿ Վարդենիսի կառույցը:
Հավելենք նաեւ, որ Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար կռիվ տալու հայտ են ներկայացրել այլ թեկնածուներ եւս, որոնք այնքան էլ ազդեցիկ չեն: Ու հետաքրքիր է, թե Հանրապետական կուսակցությունն ինչ ընտրություն կանի Վարդենիսի հարցում: Համենայնդեպս հանրապետականները վերը նշված երեք թեկնածուների շուրջ են պտտվում:  Ինչո՞ւ ՀՀԿ-ն, քանի որ նրանց աջակցության շնորհիվ է հնարավոր ընտրությունների ընթացքում ապահովել այդքան ցանկալի հաղթանակը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս