«Գումարը վերցրե՛ք, բայց իշխանության օգտին մի՛ քվեարկեք». Ընտրակաշառքի ձևերը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ավանդույթ է ձեւավորվել, ըստ որի՝ ամեն անգամ նախագահական եւ Աժ ընտրությունները իշխանությունների կողմից կեղծվելուց եւ ընդդիմության նախաձեռնած հանրահավաքներով իշխանափոխություն իրականացնելու ծրագրերը չհաջողվելուց հետո թեման համարվում է փակված: Մեզանում ընդունված չէ հրապարակային քննարկել նախընտրական գործընթացներում ընդդիմության մարտավարությունը ճիշտ կամ սխալ լինելու տեսանկյունից:

Ասվածը չի վերաբերում ընդդիմության քաղաքական հայացքներին, խոսքը նախընտրական գործընթացների կազմակերպման զուտ տեխնիկական կողմի մասին է: Որպես կանոն ընտրություններից հետո հանրային քննարկման առարկա է դառնում այն հանգամանքը, թե այս անգամ իշխանություններն ինչպես կեղծեցին ընտրությունները: Իսկ իշխանությունները միշտ կամ առնվազն վերջին 15 տարիներին ընտրությունները կեղծում են շատ լավ` կազմակերպված եւ համակարգված:

Եթե ընդդիմությունն այդ համակարգի դեմ հակազդելու գործիք չունի, ապա պայքարի մեջ մտնելու իրավունք էլ չունի: Ուստի, եթե ընդդիմադիր որեւէ քաղաքական ուժ ընտրապայքարի մեջ է մտել, ապա ընդունում ենք, որ նա ունեցել է իշխանությունների ընտրակեղծիքների համակարգի դեմ պայքարելու իր ռազմավարությունը: Իսկ այն փաստը, որ ընտրական գործընթացների արդյունքում, ներառյալ հետընտրական բողոքի ցույցերը, ընդդիմությանը չի հաջողվել իշխանափոխություն իրականացնել, ենթադրում է, որ մարտավարությունը եղել է սխալ, թույլ, անարդյունավետ, խոցելի եւ այսպես շարունակ (էական չէ, թե անհաջողությունն ինչ բառով կբնորոշենք):

Նախընտրական եւ ընտրական գործընթացները բազմաշերտ են, ու, բնականաբար, մեկ հրապարակման մեջ այդ ամբողջին չենք կարող անդրադառնալ: Ուստի առավել արդյունավետ կլինի, եթե դիտարկենք իշխանությունների կողմից ընտրությունների կեղծման մեթոդներն ու գործիքակազմը` դրանց հետ համադրելով դրանց դեմ պայքարելուն ուղղված ընդդիմության քայլերը:

Հատկապես վերջին տասը տարիներին իշխանությունների կողմից ընտրությունների կեղծման նպատակով առավել շատ օգտագործվող մեթոդը դարձել է ընտրակաշառք բաժանելը եւ «գնված» ընտրողներին տեղամասեր «քշելը»: Հասկանալի է, որ այս դեպքում ընտրակաշառքի դեմ պայքարելու՝ օրենքով նախատեսված միջոցները չեն կարող գործել:

Ընտրակաշառքների գործընթացը վիժեցնելու գործում վերջին բոլոր ընտրություններում ընդդիմությունը փորձել է կիրառել, այսպես կոչված, «փողը վերցրե՛ք, բայց իշխանությունների օգտին մի՛ քվեարկեք» տարբերակը: Փորձը ցույց է տվել, որ ամենալավ եւ համակարգված քարոզչության դեպքում անգամ այս մոտեցումը 30-ից 40 տոկոս արդյունք է տվել: Երբ ընդդիմադիր գործիչները մարդկանց կոչ են անում փողը վերցնել եւ իշխանության օգտին չքվեարկել, փաստացի նրանք ընտրողներին դրդում են «անբարոյականության»: Այս մոտեցումը մարդկանց ենթագիտակցության մեջ նստվածք է թողնում, եւ ընտրողն արդեն սկսում է կասկածով վերաբերել նման հայտարարություններ անող գործիչների մնացած բոլոր ասածներին: Մյուս կողմից, եթե մարդը համաձայնում եւ ընտրակաշառք է վերցնում, նա փաստացի ինքն իրեն դնում է պատանդի վիճակում՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Դա է նաեւ պատճառը, որ որքան ուզում ես ընտրակաշառք վերցնողներին համոզի, որ նրանք քվեարկության խցում «ճիշտ» ընտրություն կատարեն, միեւնույն է՝ նրանք չեն համարձակվում եւ քվեարկում են կաշառողի օգտին, իսկ տեղամասից դուրս գալուց՝ ըստ էության ազատագրվելուց հետո, սկսում են հայհոյել այդ նույն մարդուն:

Կա եւս մեկ գործոն՝ ընտրակաշառք վերցրած մարդիկ, եթե անգամ կարողանան իրենց մեջ համարձակություն գտնել եւ քվեախցիկում չքվեարկել ընտրակաշառք բաժանած իշխանական կուսակցության կամ թեկնածուի օգտին, ապա միեւնույն է՝ ընտրություններից հետո նրանք երբեք դուրս չեն գա փողոց եւ իրենց քվեի համար չեն պայքարի: Պարզապես կմեղադրեն ընդդիմությանն իր «ձայնին տեր չկանգնելու» մեջ եւ կշարունակեն իշխանություններին հայհոյելով ապրել: Ի դեպ, իշխանությունները ընտրակաշառք բաժանելիս, որպես կանոն, իրենց հաշվարկներում լավագույն դեպքում 70-ից 80 տոկոսանոց արդյունք են ակնկալում` շատ լավ գիտակցելով, որ մի մասը կխաբի:

Այսինքն՝ իշխանություններն ընտրակաշառք բաժանելիս հաշվի են առնում այն տարբերակը, որ ընդդիմությունը կարող է մարդկանց կոչ անել գումարը վերցնել, բայց իշխանությունների օգտին չքվեարկել: Ուստի քարոզարշավի ընթացքով պայմանավորված՝ իշխանությունները հաշվարկում եւ որոշում են, թե իրենց ցանկալի «արդյունքը» ստանալու համար որքան գումար հատկացնեն: Այսպիսով անցած ընտրությունների փորձը հաշվի առնելով՝ «գումարը վերցրե՛ք, բայց իշխանության օգտին մի՛ քվեարկեք» տարբերակը գործնականում միայն նպաստում է, որ իշխանություններն իրենց նախատեսածից ավել գումար ծախսեն ընտրակաշառքներ բաժանելու համար:

Ընտրակաշառքների դեմ պայքարելու մյուս տարբերակը, որը մինչ օրս Հայաստանում չի կիրառվել, անմիջական բաժանողների նկատմամբ անհանդուրժողականություն, եթե չասենք՝ թշնամանք, քարոզելն է: Խոսքը չի վերաբերում իշխանության ղեկավար դեմքերին, խոսքը շարքային ընտրակեղծարարների մասին է, որոնք բացառապես լինում են տվյալ թաղամասի բնակիչներ: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մարդիկ սկսեն մասսայական նվաստացնել ընտրակաշառք բաժանող իրենց հարեւաններին՝ հաշվի չառնելով, թե նրանք ովքեր են` թաղային հեղինակություն, իրենց երեխայի ուսուցիչը, թե իրենց համատիրության ղեկավարը:

Եթե «ըմբոստության» մեկ-երկու կամ անգամ տասը դեպքեր լինեն, ապա արդյունք չի տա: Բայց լավ հաշվարկելու եւ համակարգված քարոզչություն իրականացնելու դեպքում, կասկած չկա, որ իշխանությունները կարող են փաստի առաջ հայտնվել, քանի որ ընտրակաշառքները բաժանվում են քվեարկության նախորդ օրը կամ առավելագույնը՝ երկու օր առաջ, եւ իրավիճակը շտկելու համար ժամանակ չի մնում:

Ընտրակեղծարարության մյուս ձեւերին եւ դրանց դեմ ընդդիմության կիրառած մարտավարությանը կանդրադառնանք հաջորդիվ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս