Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանային զորամասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 28-29-ին այցելել է հարավարևմտյան սահմանային զորամասեր, տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: 
ՊՆ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, կատարված շինարարական աշխատանքներին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների պարգևատրել է թանկարժեք նվերներով, իսկ զինծառայողներին` որպես խրախուսանք, տրամադրել արձակուրդներ:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերն այսօր ապահովում են մեր երկրի անվտանգությունը և ինքնուրույն կատարում առաջադրված բոլոր խնդիրները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է նաև, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, նշանակալի ձեռքբերումներ կան նաև օրինականության հաստատման առումով։ Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են զորանոցների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները:  Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը որոշակի հանձնարարականներ է տվել՝ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար:




Լրահոս