«ԴԵՂԻՆ ԼՈՒՅՍԸ ՀԱՆԵԼԸ ՉՆՉԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հանրապետությունում ամեն կես տարին մեկ երթեւեկության կանոնների փոփոխություններ են կատարվում, ինչը հարուցում է վարորդների զայրույթը: Մինչ տաքսիների վարորդները շարունակում են բողոքել լիցենզավորման կարգում կատարված փոփոխությունների դեմ, այս ընթացքում ճանապարհային ոստիկանությունը լուսացույցների գույների հաջորդականությունն է փոփոխում՝ իբր թե ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար:

Տեղեկացնենք, որ տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երեւանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն՝ լուսացույցի կարմիր ազդանշանին անմիջապես հաջորդելու է կանաչ ազդանշանը: Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթեւեկությունը սկսել միայն լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ:
Այս նոր փոփոխության համաձայն՝ լուսացույցի լույսի կարմիրից կանաչ փոխվելու ընթացքում դեղին լույսը չի լինելու, իսկ կանաչից կամիր փոխվելիս՝ այն մնալու է:
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խաչմերուկներում լույսերի հաջորդականության փոփոխությանը դրական է վերաբերում: Նրա խոսքով՝ այս փոփոխության շնորհիվ վթարները կտրուկ կկրճատվեն:
Իսկ, ահա, «Տաքսի ծառայությունների ասոցացիայի» նախագահ Վահագն Սահակյանը, ով նաեւ զբաղվում է էլեկտրոնային սարքերի արտադրությամբ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ դեղին լույսի աշխատանքը հանելով՝ խնդիրն ամբողջությամբ չի կարգավորվի:
«Դեղին լույսի հանելը չնչին փոփոխություն է: Դեղին լույսի առկայությունը շփոթություն է առաջացնում մեր վարորդների մոտ: Վարորդներ կան, որոնք անհանգիստ են, եւ դեղին լույսը տեսնելու դեպքում արագ շարժվում են եւ չեն հասցնում մտնել խաչմերուկ՝ այդպես չթողնելով իրեն նախորդող մեքենային ազատ շարժվել եւ մտնել խաչմերուկ: Նշեմ, որ մեր երկրում դեղին լույսի վառվելու ժամանակահատվածը գրեթե բոլոր խաչմերուկներում սխալ է հաշվարկված»,- տեղեկացրեց Սահակյանը:
Մեր զրուցակիցը մատնանշեց քաղաքակիրթ երկրների օրինակը, որտեղ լուսացույցները կարգավորվում ու ճշգրիտ են աշխատում: «Կան նաեւ երկրներ, որտեղ մինչեւ լուսացույց հասնելը տեղադրված են հատուկ սենսորային տեսախցիկներ, որոնք չափում են խաչմերուկի ծանրաբեռնվածությունը եւ ըստ դրա՝ փոխում են լուսացույցի աշխատանքը: Այսինքն՝ այդ էլեկտրոնային աչքը ֆիքսում է, որ մի կողմի վրա կուտակումը շատ է, ու սկսում է ավելի շատ մեքենաներ բաց թողնել: Երկրներ կան, որտեղ այդ սենսորային տեսախցիկները տեղադրված են ճանապարհածածկույթի տակ, դրանք հաշվում են մեքենաների քանակը` ֆիքսելով, թե որքան մեքենա մոտեցավ, եւ որքան բաց թողեց»,-ներկայացրեց մասնագետը՝ ընդգծելով, որ խնդիրը հնարավոր է կարգավորել՝ միայն լուսացույցների աշխատանքն ըստ ծանրաբեռնվածության աստիճանի կառավարելով:
Մասնագետի պնդմամբ՝ ինչպես մյուս զարգացած երկրներում, այնպես էլ մեր հանրապետությունում ցանկալի է, որ բոլոր լուսացույցները համընթաց աշխատեն, որպեսզի մեքենան շարժվելիս հնարավորինս քիչ հանդիպի կարմիր լույսին. «Դա լուծելի խնդիր է: Ընդամենը պետք է լուսացույցների վրա տեղադրել GPS, GPRS մոդուլներ եւ տվյալ ծրագիրը քաղաքի թվային քարտեզի վրա նախապես մշակել»:
Սահակյանը վստահեցրեց, որ սրանով կնվազի նաեւ մթնոլորտի աղտոտվածությունը, որովհետեւ մեքենաները գերածախս անում են այն ժամանակ, երբ կանգնում են ու նորից շարժվում: «Դա թույլ կտա նաեւ վարորդին վառելիքի խնայողություն անել, էլ չեմ խոսում ժամանակի տնտեսման մասին: Ավելին՝ մեքենայի կանգնելուց, շարժվելուց ավտոմասեր կան, որոնք շատ արագ մաշվում են: Կարճ ասած՝ դա բավականին լուրջ խնդիր է, իսկ աշխարհը վաղուց դրա լուծումը գտել է: Մենք այս խնդրի լուծման առաջարկով ժամանակին դիմել ենք ճանապարհային ոստիկանությանը, սակայն բազմաթիվ անգամ հանդիպել ենք պատնեշի: Մարդիկ նույնիսկ չեն էլ հասկացել, թե ինչի մասին ենք խոսում: Մինչդեռ այսօրվա տեխնիկայի պայմաններում դա լրիվ լուծելի խնդիր է»:
Մեր զրուցակցի խոսքով՝ պատկան կառույցների կողմից պարբերաբար երթեւեկության կարգի փոփոխությունները բացասական են անդրադառնում նաեւ վարորդների աշխատանքի վրա:
«Քանի որ մեր քաղաքը փոքր է, այդ պատճառով մարդիկ հեշտ են սովորում լուսացույցների աշխատանքի ռեժիմին, բայց երբ փոփոխություն է կատարվում կարգերի մեջ, նրանք բազմաթիվ խախտումներ են անում ու տուգանվում են: Ես ինքս մեքենա վարելու երկար տարիների փորձ ունեմ, բայց մի քանի անգամ տուգանվել եմ միայն այն բանի համար, որ առանց վարորդներին զգուշացնելու օրենսդրական ինչ-որ փոփոխություն է կատարվել: Էլ չեմ խոսում այն մասին, որ կարճ ժամանակ անց այդ փոփոխությունը չի արդարացրել իրեն եւ կրկին փոփոխության է ենթարկվել»,- ներկայացրեց Սահակյանը:
Թեեւ առաջին հայացքից թվում է, թե Կառավարությունը վարորդների օգտին օրենսդրական փոփոխություններ է կատարում, սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ դրանք իրենց չեն արդարացնում: Տեսնենք, թե այս փոփոխությունը որքան կտեւի եւ ինչ ազդեցություն կունենա մեր վարորդների աշխատանքի վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱ՞

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ փետրվարի 6-ին հրավիրված Գյումրու ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը ուղերձով դիմեց ավագանուն` միաժամանակ խնդրելով եւ պահանջելով ավագանու անդամներից, որ վերջիններս մարզային իշխանությունների, ԱԺ պատգամավորների, ՀՀ Կառավարության առջեւ հանդես գան Գյումրին ոտքի կանգնեցնելու նոր առաջարկություններով: Քաղաքապետին հատկապես մտահոգում էր Գյումրու ներկա վիճակը, համայնքի աղքատիկ բյուջեն, երկար տարիներ այդպես էլ չլուծվող անօթեւանության խնդիրը եւ ահագնացող գործազրկությունը:

Հենց այս խնդիրների հետ կապված օրերս քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպում ունեցավ ծնունդով շիրակցի եւ Շիրակի մարզից ընտրված պատգամավորների հետ՝ քննարկելու Գյումրու նոր կարգավիճակի եւ ֆինանսավորման հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը: Նշենք, որ հրավիրված պատգամավորներից ոչ բոլորն էին ներկա հանդիպմանը: Բալասանյանի հրավերն ընդունել էին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Սամվել Ֆարմանյանը եւ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Մարտուն Գրիգորյանը հանդես եկավ սեփական նախաձեռնությամբ՝ ընդգծելով, որ իրենց կողմից ամեն ինչ պետք է արվի, որ ՀՀ իշխանության ուշադրությունը հրավիրվի հանրապետության՝ խղճուկ վիճակում հայտնված երկրորդ քաղաքի վրա:
Պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համար անհասկանալի էր, թե ինչու տարիներ շարունակ Գյումրիում չի լուծվում տնակային թաղամասերի վերացման խնդիրը, չէ որ, ըստ պատգամավորի, հանրապետության նախագահը բոլոր ջանքերը գործադրել եւ գործադրում է՝ խնդիրը լուծելու համար: Պատգամավորի խոսքերով՝ մեղքը քաղաքային կամ տեղական իշխանությանն է, քանի որ վերջիններս ներկայացնում են ցուցակներ, որոնցում ճշգրիտ արտացոլված չեն տնակային ավանների քանակները:
Ի դեպ, նշենք, որ Գյումրիում դեռեւս 3250 տնակ կա, 1038 մարդ էլ դուրս է մնացել ԲԳՎ ծրագրից` անօթեւանի կարգավիճակ չունենալու պատճառով: Քաղաքապետն այս խնդրի շուրջ իր առաջարկությունն արեց՝ խնդրելով պատգամավորներին հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի պետությունը տնակների հողատարածքները նվիրաբերի տնակում ապրող բնակչին եւ միաժամանակ արտոնյալ վարկեր տրամադրի՝ տուն կառուցելու նպատակով:
Քաղաքապետի առաջարկություններից սակայն ամենաիրատեսականն ու արդյունավետը Գյումրու քաղաքապետարանի բյուջեին պետության կողմից եկամտահարկը հետ վերադարձնելն է: Ինչպես նշեց քաղաքապետը՝ եթե տարեկան 521 մլն եկամտահարկը մնա համայնքին, ապա մինչ օրս անլուծելի թվացող շատ խնդիրներ լուծում կստանան:
Պատգամավորների եւ քաղաքապետի բուռն քննարկումը թերեւս ավարտվեց միայն առաջարկությունների հնչեցմամբ, իսկ թե երբ, ինչպես եւ նրանցից ովքեր են պատրաստվում խոսքը գործի վերածել, այդպես էլ չհստակեցվեց:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս