ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Երեկ Կառավարության շենքի դիմաց նորից հավաքվել էին նաիրիտցիները, որոնք տարբեր պաստառներով՝ «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Կառավարությունը «Նաիրիտին» պարտք է 5 մլրդ դրամ», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական», փորձում էին իրենց բողոքի ձայնը հասցնել Կառավարությանը: Սակայն գործադիրից ոչ մեկը, նույնիսկ նամակների եւ դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, չբարեհաճեց իջնել եւ որեւէ կերպ արձագանքել: Բողոքավորները որոշեցին վաղը հավաքվել գործարանի մոտ՝ իրենց հետագա անելիքները որոշելու համար եւ հինգշաբթի օրը նորից հավաքվել Կառավարության դիմաց: Ստացվում է՝ պատկան մարմինները նույնիսկ ուշադրություն չեն դարձնում նման ակցիաներին կամ ցույցերին, որոնք նրանց համար արդեն սովորական բնույթ են կրում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հիփոթեքով հողատարածք եմ գնել, որտեղ ցանկանում եմ իրականացնել կառուցապատում: Կցանկանայի իմանալ` կարո՞ղ է արդյոք կառուցապատվել հիփոթեքի առարկա հանդիսացող հողամասը:

Կարեն Նահապետյան (42 տարեկան, սոցիոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ «Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքն օրենքի ուժով տարածվում է նաեւ այդ հողամասում գտնվող կամ կառուցվող գրավատուի շենքերի կամ շինությունների վրա»: Նույն օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ «Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամասում սահմանված կարգով կառուցելու շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը օրենքի ուժով»:

ՀՀ անշարժ գույքին առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ եթե հողատարածքը գնելու ժամանակ գնորդը հիփոթեքի պայմանագրում չի նշել, որ, օրինակ, այդ տարածքում պետք է սրճարան կառուցի, բայց հետո փոշմանի եւ սգո սերվիս բացի, ապա թերեւս խնդիր չկա: Հողի փաստացի սեփականատերը կարող է կառուցել այն, ինչի համար ի սկզբանե նախատեսած է եղել: Ի վերջո, այն բանկը, որտեղ գրավադրված է հողամասը, պետք է ուրախ լինի, որ գրավի առարկայի արժեքը բարձրանում է՝ պակասեցնելով ռիսկը:

 

 
ՀԱՐՑ. Ես հղիության վեցերորդ ամսում եմ, գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Մեր ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը դեկտեմբերի վերջին, բայց ես ժամանակավոր անաշխատունակության թերթիկ պետք է ստանայի հունվարին: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ստանամ ինձ հասանելիք մայրության նպաստը, չէ՞ որ ընկերությունն ինձ ազատում է աշխատանքից: Կխնդրեի պարզաբանել՝ այս դեպքում ումի՞ց պահանջեմ այդ գումարը: Տվյալ ընկերությունում ունեմ 3 տարվա աշխատանքային փորձ, եւ բոլոր հարկերը կատարվել են:

Քնար Գրիգորյան (31 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված, վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների:
Ըստ Քնար Գրիգորյանի էլեկտրոնային դիմումի՝ ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել է 2014թ. դեկտեմբերին, իսկ հղիության եւ ծննդաբերության պատճառով վարձու աշխատողի առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը սկսվել է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրվել է (բացվել է)) 2015թ. հունվարին, երբ նա արդեն ազատված է եղել աշխատանքից եւ չի գտել գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ, հետեւաբար նրան մայրության նպաստ վճարելու իրավական հիմքեր չկան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավաղ, Քնար Գրիգորյանը զրկված է մայրության նպաստ ստանալու իրավունքից: Ինչպես երեւում է՝ նա երկար ժամանակ է աշխատել ընկերությունում, սակայն անաշխատունակության թերթիկը բացվել է այն ժամանակ, երբ արդեն ազատված է եղել աշխատանքից: Դիտմա՞մբ է դա արվել, թե՞ պատահմամբ, դժվար է ասել, բայց որ ուշ է արդեն որեւէ քայլ անելու համար, փաստ է:




Լրահոս