«ԷԼ Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՄՈՏ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական չեմպիոն, ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, 86-ամյա Ալբերտ Ազարյանն իր ամեն օրը սկսում է մարզանքով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է Հայաստանում սպորտային մարմնամարզության պահանջների, մարզիկներին ընձեռված սահմանափակ հնարավորությունների մասին, անդրադարձել է մարզերում այս մարզաձեւի «վերացած» լինելուն, Երեւանում իր անունը կրող մարզադպրոցի կարիքներին եւ այլ թեմաների:

-Պարո՛ն Ազարյան, ինչպես տեսնում ենք՝ տարիները պարզապես անցել են Ձեր կողքով: Այսքան լավ պահպանվելու գաղտնիքը պետք է որ պայմանավորված լինի նաեւ ամենօրյա մարզումներով, որոնցից Դուք չեք պատրաստվում հրաժարվել:
-Իրոք որ, եթե մի օր մարմնամարզությամբ չզբաղվեմ, չեմ կարող ապրել: Երբ հանգստյան օրերին դահլիճ չեմ գալիս, անընդմեջ մտածում եմ` երբ է էլի երկուշաբթի լինելու, որ գամ աշխատանքի: Ի դեպ, այստեղի մարզիչները ժամանակին սաներս են եղել, հիմա ես նրանց պապիկն եմ (ծիծաղում է):
-Խորհրդային Միության տարիներին օլիմպիական չեմպիոնների հանդեպ շատ շռայլ չէին, դրամական պարգեւ, նվերներ չէին տալիս, բայց այսօր հաղթանակ տարած մարզիկներին ինչպես հարկն է` պարգեւատրում են: Թվում է` այս պայմաններում ավելի մեծ թվով չեմպիոններ պետք է ունենանք:
-Այո՛, այն ժամանակ օլիմպիական չեմպիոնին, օրինակ, մեքենա չէին նվիրում, ինչպես այսօր, ընդամենը մեքենա գնելու հերթն էին նվիրում, իսկ ավտոն պետք է քո գումարով առնեիր: Ես էլ սրանից-նրանից պարտքով փող էի վերցնում, որ մեքենա գնեմ, մի երկու անգամ էլ վնասվածքներ ստացա, հետո ավտոս վաճառեցի, որ պարտքերս տամ (ծիծաղում է):
-Իսկ մենք մեր առաջատար մարմնամարզիկներին այլ երկրներ գործուղելու հնարավորություն ունե՞նք:
-Մենք ունենք մարզիկներ, որոնք Հնդկաստանում, Ֆրանսիայում են աշխատում. տեսել են` այստեղ ճար չունեն, տեղափոխվել են այլ երկիր ու այնտեղ վատ չեն վաստակում: Հիմա մեր լավագույն մարզիկի` Արթուր Դավթյանի համար այստեղ միջազգային ստանդարտներին համապատասխան գործիքները չկան: Երբեմն ուրիշ պետություններ ենք ուղարկում` տվյալ գործիքներով մարզվելու համար: Վատ ենք զգում, որ համապատասխան գումար չկա` դրանք ձեռք բերելու համար:
-Քանի՞ տարին մեկ եք մարզագործիքներ ստանում:
-Օրինակ՝ 64 թվականին Սովետական Միությունը երկու տարին մեկ մեզ նոր գործիքներ էր ուղարկում, իսկ այսօրվա մեր գործիքները 12 տարի առաջ ենք ստացել: Դրանք արտերկրից ձեռք բերելու համար գումար է պետք:
-Տեսնում ենք, որ Ձեր մարզադպրոցն էլ շատ բարվոք վիճակում չէ:
-Այստեղ վերանորոգում է պետք անել, պատերը շարքից դուրս են եկել, ընդհանրապես, վիճակը շատ ծանր է: Կան սպորտդպրոցներ, որոնք ունեն հովանավորներ, բայց մենք չունենք: Եթե Խորհրդային Միության տարիներին ունեինք 233 մարզադպրոց հանրակրթական դպրոցներում, ինստիտուտներում, հիմա արդեն Երեւանում միայն մարմնամարզության երկու դպրոց ունենք, բա էլ ո՞նց կարող է մեզ մոտ մարմնամարզությունը զարգանալ:
-Այսինքն` մարզերի մարզիկներն այս ոլորտում հաջողությունների հասնելու գրեթե շանս չունեն:
-Բացի Երեւանից` հիմա մարզադպրոց կա Գյումրիում եւ Վանաձորում, մեկ էլ Էջմիածնում աղջիկների մի խումբ կա: Մարմնամարզությունը մարզերում «վերացած է»: Նախկինում Հրանտ Շահինյանի հետ մարզիչներին ուղարկում էինք շրջանների դպրոցներ, լավ երեխաներին ընտրում, բերում էինք մեզ մոտ սովորելու: Հիմա այդպիսի բան չկա:
-Իսկ վտանգ չկա՞, որ այս պայմաններում լավ մարզիկները կհեռանան երկրից:
-Տեսեք` այսքան վատ վիճակում ունեմ տղաներ, որ հավաքականի թիմի անդամ են, Եվրոպայի, օլիմպիական չեմպիոններ: Բայց նաեւ ունենք, օրինակ, 13-14 տարեկան չտեսնված տվյալներով երեխաներ, որոնք այնքան էլ լավ սոցիալական պայմաններում չեն ապրում, եւ չես կարող նրանց շատ ծանրաբեռնել: Ամեն դեպքում, մարմնամարզությունն իմ դպրոցում «վերականգնվել» է, չեմ կարող ասել, թե հետո ոնց կլինի:
-Պարո՛ն Ազարյան, Դուք էլ Հայաստանից դուրս առավել բարեկեցիկ կյանքով ապրելու մի շարք հնարավորություններ եք ունեցել, բայց նախընտրել եք մնալ հայրենիքում:
-Այո՛, ինձ առաջարկել են մնալ եւ աշխատել Իտալիայում, ապա՝ Հոլանդիայում, որտեղ կնոջս հետ երկու տարի մնալուց հետո խնդրում էին մեզ մշտական բնակություն հաստատել այնտեղ, խոստանում էին ապահովել բնակարանով: Բայց ես ասացի` չէ, պետք է վերադառնանք: Հայաստանն ինձ համար լրիվ ուրիշ է, չեմ կարող դրսում ապրել:

 

 

 

ՖԱՆՏԱՍՏԻԿԱ «ԱՅԼ ՔԱՂԱՔ»-ՈՒՄ

Ֆանտաստիկայի ժանրի սիրահարներն այսուհետ հնարավորություն կունենան հայերենով ծանոթանալու հայտնի հեղինակների ստեղծագործություններին, իսկ երիտասարդ ֆանտաստ գրողներն էլ կարող են հրատարակել իրենց ստեղծագործությունները:

Արդեն մի քանի օր է` մամուլի կրպակներում կարելի է հանդիպել գրական նոր ամսաթերթի: «Այլ քաղաք», այսպես է կոչվում ներկայումս ֆանտաստիկայի ժանրի միակ պարբերականը Հայաստանում: Թերթի խմբագիր Վահե Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ «Այլ քաղաք»-ը ֆանտաստիկայի ժանրի համար գրական պլատֆորմ ստեղծելու նպատակ ունի: «Հայաստանը դեռեւս Սովետմիության տարիներից ունի ֆանտաստիկայի որոշակի ավանդույթներ: Այս ժանրի սիրահարները մեծ թիվ են կազմում նաեւ մեր օրերում: Կան թարգմանիչներ, հեղինակներ, ովքեր փորձում են ստեղծագործել ֆանտաստիկայի ժանրում: Պարզապես մինչեւ վերջերս չկար հստակ ուղղվածությամբ գրական հրատարակչություն, որը հեղինակներին իրենց գործերը տպագրելու հնարավորություն կտար»,-ընդգծեց նա:
Խմբագրի համոզմամբ, առհասարակ, գրականության զարգացման համար անհրաժեշտ են ժանրային ինստիտուտներ: Մեր այն հարցին, թե կոնկրետ հայ ընթերցասերների շրջանում ինչ թիվ են կազմում ֆանտաստիկայի սիրահարները, Վ. Ղուկասյանը պատասխանեց. «Մենք, ծանոթ լինելով գրական շուկայում տիրող իրավիճակին, գիտենք, որ նրանց քանակը բավական մեծ է: Եթե խոսենք մոտավոր թվերով, ապա 10 ընթերցողից 5-6-ն անտարբեր չէ ֆանտաստիկայի նկատմամբ»:
Ամսաթերթ ունենալու գաղափարն, ի դեպ, եղել է նաեւ Ֆրունզ Հարությունյանինը, ով, որքան էլ զարմանալի է, մասնագիտությամբ գինեգործ է. «Ինձ թվում է` մասնագիտությունը չի սահմանափակում նախասիրությունները: Սակայն կուզենայի նշել, որ իմ դեպքում հաճախ դրանք միքսվում են. ես կարողանում եմ միահյուսել գինեգործությունը ֆանտաստիկային»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց նա:
Ամսաթերթը ստեղծողներն այն համոզման են, որ պարբերականը պետք է ծառայի նաեւ հայաստանյան ֆանտաստիկան գլոբալ կոնտեքստում դիտարկելուն. «Գուցե մեզ մոտ կան այնպիսի մտքեր, որոնք կարող են նորություն լինել առհասարակ այս ժանրի համար»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻՆ
Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 6-ին կբացվի Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ): Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 15-ը: Դրա ավարտից հետո ներկայացված ստեղծագործությունները կնվիրաբերվեն Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտին:

 

ՍՓԻՐՍԸ ԽԱՅՏԱՌԱԿՎԵԼ Է
Հայտնի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը խայտառակ է եղել` Լաս Վեգասում գտնվող Planet Hollywood-ում կայացած ելույթի ժամանակ կորցնելով կեղծամը: Ու թեեւ այս դեպքը գրանցվել է օրեր առաջ, բայց դրա վերաբերյալ տեսանյութը նոր է հայտնվել օնլայն տիրույթում եւ պայթեցրել համացանցը. այն դարձել է ամենաքննարկվող հոլովակներից մեկը: Huffington Post-ի փոխանցմամբ` 33-ամյա երգչուհին բեմում հայտնվել է սեւ կոստյումով: «Do Something» երգի կատարման ժամանակ նա կորցրել է կեղծամը:

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՈՈՒ
Ուիթնի Հյուսթոնի դստեր` Բոբբի Քրիստինա Բրաունի առողջական վիճակով հետաքրքրվողներն առաջիկայում կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ նրա մասին, անգամ «գտնվել» վերջինիս հիվանդասենյակում: Նրա ընտանիքը վճռել է ռեալիթի-շոու նկարահանել, որը ցույց կտա Բոբբիի պայքարը իր կյանքի համար: Նշենք, որ բժիշկների խոսքով աղջկա ապրելու հավանականությունը բավական քիչ է: Հիշեցնենք, որ 21-ամյա Բրաունն արդեն 20 օր է` կոմայի մեջ է: Նրան հունվարի 31-ին հայտնաբերել էին իր տան լոգարանում` անգիտակից վիճակում: Փետրվարի 1-ից Բոբբին գտնվում է արհեստական կոմայի մեջ ուղեղի այտուցի պատճառով: Նրա մարմնի եւ դեմքի վրա հայտնաբերվել են կապտուկներ, սակայն աղջկա ընկերը բացառում է ընտանեկան բռնության վարկածը:
Ավելի վաղ լրատվական միջոցները հայտնել էին, թե իբր աղջկա հարազատները որոշել են անջատել նրան միացված արհեստական սնուցման սարքերը: Հետագայում այդ լուրերը հերքվեցին, իսկ աղջիկը շարունակում է կյանքի ու մահվան պայքար մղել:




Լրահոս