ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵ՞Լ ՄԱՆԴԱՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ  սատարում էր անկուսակցական Վորոշ Խաչատրյանին, ու սա այն դեպքում, երբ իրենց կուսակցությունը պաշտոնապես սատարում էր մեկ այլ թեկնածուի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսքանից հետո ՀՀԿ-ում որոշել են Մնացականյանից վրեժխնդիր լինել, ու հիմա քննարկվում է նրան մանդատից զրկելու հարցը:
-Պարո՛ն Մնացականյան, մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն Ձեզ ստիպում է, որպեսզի հրաժարվեք Ձեր մանդատից այն բանի համար, որ Դուք Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարել եք ոչ թե ՀՀԿ թեկնածուին, այլ նրա մրցակցին:
-Ուրեմն ինձ համար անհասկանալի է, թե ովքեր են տարածում այդ լուրերը: Դրանք հիմարություններ են, չգիտեմ՝ ով ա ասում կամ ով չի ասում, տենց բաներ չկա իրականում: Ուրեմն, եթե տենց բաներ լինի, առաջինը դրա մասին Դուք կիմանաք, դե ով որ ասում ա, գլուխը պատին ա տալիս, եղա՞վ:
-Իսկ ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները Ձեր հարազատ կուսակցության հետ:
-Ուրեմն դրանք արդեն անցած պատմություններ են, արդեն էլ ոչ մի բան չկա, թեմաները փակված են շատ վաղուց: Իսկ ես ե՞րբ եմ ՀՀԿ-ի հետ ընդհարված եղել, որ հիմա էլ պիտի հաշտվեմ: Չէ՛, ամեն ինչն էլ նորմալ ա:
-Բայց տարաձայնություններ էին առաջացել Ձեր կուսակցության ղեկավարների եւ մարզպետի հետ այն բանից հետո, երբ Դուք հայտարարել էիք, որ ՀՀԿ-ի թեկնածուին չեք սատարելու:
-Դե արդեն ասել եմ, որ չէ՛, տարաձայնություններ չկան, ո՛չ, нет:
-Ըստ տեղեկությունների՝ Ձեր այդ որոշումից հետո ոչ միայն ստիպում են, որպեսզի Ձեր մանդատից հրաժարվեք, այլեւ Ձեր կնոջն են հեռացրել այն բուժկենտրոնից, որտեղ նա աշխատում էր, ճի՞շտ է:
-Դե հիմա կարող եք էդ հանողներից հարցնել, թե ինչու են հանել, ինչ պատճառով են հանել, բոլորն էլ գիտեն, որ հանել են, ազատվել ա աշխատանքից, հիմա չի աշխատում: Այո՛, իրան հանել են աշխատանքից:
-Ի՞նչ պատճառաբանությամբ են Ձեր կնոջն ազատել աշխատանքից:
-Դե ես տեղյակ չեմ, պատճառները կարող եք գնալ, հանողներից ճշտել: Այդ կարգադրությունը գրողի’ց հարցրեք:
-Ովքե՞ր են այդ կարգադրողներն ու հանողները:
-Ովքե՞ր են, գնացե՛ք, իմացե՛ք: Դե հիմա որ էդքան բանը ճշտել եք, գնացե՛ք, էդքան բանն էլ ճշտե՛ք:
-Մեր տեղեկություններով՝ Ձեր կնոջը ոչ միայն աշխատանքից են հեռացրել, այլեւ քրեական գործ են հարուցել…
-Հիմա մի հատ հարց տվեցիք, ասեցի ո՛չ, չկա նման բան, հիմա էլ սկսել ես ուրիշ հարցեր տալ, հարցազրույց վարել… Ո՛չ, չկա տենց բան: Չկա: Դուք ասում եք՝ Թալինից եք ստացել էդ տեղեկությունները, ես էլ ասում եմ, որ ես Թալինում նման բաներ չեմ լսել: Հաջողություն Ձեզ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս