ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՅՔՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ
Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Վայքում առաջադրվել է 3 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից՝ գործող քաղաքապետ, հանրապետական Հարություն Սարգսյանը, ինքնաառաջադրված, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Բաբա Բաբայանը եւ անկուսակցական Թարո Ավետյանը: Եղեգնաձորում առաջադրված է քաղաքապետի երկու թեկնածու` ՀՀԿ-ի կողմից՝ գործող քաղաքապետ, հանրապետական Սիրեկան Բաբայանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը:

DIY-Ի ՄԱՍՈՎ
Tert.am-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ երեք պատգամավորների մասին ԱԺ էթիկայի հանձնաժողովի ստացած դիմում-բողոքներից երկուսը վերաբերվում են ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին եւ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ կապված  DIY ակումբի պայթեցման շուրջ նրանց արած հայտարարությունների հետ: Դիմում-բողոքի հեղինակը հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկն է: Մինչ այդ, ինչպես հաղորդում է «Փաստինֆոն»-ն, ԱԺ նորակազմ էթիկայի հանձնաժողովի՝ օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դիմումի քննության վերաբերյալ հարցը: Զադոյանի դիմումը վերաբերվում է ԲՀԿ-ից համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո): Նրանց միջեւ դեռեւս 2009թ. տեղի է ունեցել վիճաբանություն, ապա ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Նախապես երկուսն էլ եղել են վկաներ, հետագայում` 2010թ., Ա. Զադոյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ ԱԺ պատգամավոր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Կ. Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար: Ա. Զադոյանը տեւական ժամանակ պահանջում է, որ Կարապետյանին եւս մեղադրանք առաջադրվի, եւ վերջինս չօգտվի պատգամավորին վերապահված անձեռնմխելիության իրավունքից:

ԱՐՏԱՀՈՍՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին սպասարկող «Պեժո» մակնիշի մեքենայի՝ օգոստոսի 26-ին ամբողջությամբ այրվելու վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են. եղել է վառելիքի արտահոսք: «Երբ մեքենայի մեջ միանգամից հրդեհ բռնկվեց, եւ ծխատարի մոտից աղմուկ լսվեց, վարորդը միանգամից կանգնեցրեց մեքենան, փորձեց կրակմարիչով մոտենալ շարժիչին, ապարդյուն, միանգամից հրդեհը տարածվեց: Մենք մի կերպ դուրս եկանք մեքենայից»,-Tert.am-ին պատմել է Մարգարյանը:

ՄԵԿՆԵՑԻՆ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականներն արդեն մեկնել են Ստամբուլ՝ մասնակցելու շախմատի համաշխարհային օլիմպիադային: Այսօր կայանալու է առաջին տուրը: Տղամարդկանց հավաքականը, որի կազմում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը, իր վարկանիշով 150 երկրների մեջ 3-րդն է: Կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը: Կանանց հավաքականն իր վարկանիշով զբաղեցնում է 8-րդ տեղը 129 երկրների մեջ:

ПОД ТРИБУНАЛ
«Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը երեկ հայտարարություն է տարածել, որով   առաջարկվում է ստեղծել Հանրային արդարության տրիբունալ: «Շարժման նախաձեռնող խումբը գործող դատաիրավական մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում է կատարել Վահե Ավետյանի սպանության եւ նրա ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի լրիվ, համակողմանի ու անաչառ քննություն»,-մասնավորապես ասված է հայտարարությունում:




Լրահոս