ԲՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզում լարված մրցակցություն է լինելու: Դիլիջանում քաղաքապետի թեկնածուները 3-ն են` ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել այդ կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ինքնաառաջադրմամբ հանդես է եկել անկուսակցական փաստաբան Գուրգեն Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումով քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ԲՀԿ անդամ Ժորա Սահաբալյանը: 66-ամյա Ժ. Սահաբալյանը Դիլիջանի քաղաքապետ է եղել 2002-2005թթ., դրանից հետո որոշ ժամանակ ղեկավարել է բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժինը, ներկայում չի աշխատում:
Բերդում քաղաքապետի թեկնածուները 4-ն են. ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Շառյանը, ինքնաառաջադրմամբ՝ «Էլցանց»-ի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը, ԲՀԿ-ի որոշմամբ քաղաքապետի թեկնածու է առաջադրվել  ԲՀԿ-ական,  անհատ ձեռներեց Հմայակ Ադամյանը, ինքնառաջադրմամբ՝ անկուսակցական, անհատ ձեռներեց Արամ Աթոյանը:
Նոյեմբերյան քաղաքում թեեւ երկու թեկնածուներ կան, սակայն այդ համայնքում էլ մեծ մրցակցություն է լինելու: Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ի որոշմամբ, ինքնաառաջադրմամբ առաջադրվել է անկուսակցական, անհատ ձեռներեց Քաջիկ Անանյանը:
Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքում՝ Կողբում, գործող գյուղապետ, ԲՀԿ անդամ Արսեն Աղաբաբյանն առաջիկա ընտրություններում չի առաջադրվել, սակայն Կողբում էլ պայքարը թեժ է լինելու, այստեղ գյուղապետի 4 թեկնածու է առաջադրվել:




Լրահոս