ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՊԻԿԻ ՓՈԽԱՐԵՆ
Նեպալում մի գյուղացի իր որդուն կապիկի տեղ է դրել ու կրակել է նրա ուղղությամբ: Գյուղացին կարծել է, թե կենդանին մտել է իր այգի՝ բերքը գողանալու: Նա բարձրացել է ծառ՝ կապիկներին քշելու համար: Դժբախտաբար, կապիկի փոխարեն նա կրակել է իր 12-ամյա որդու վրա: Տղան ծառի վրա է եղել հորը օգնելու համար: Հայրը ձերբակալվել է: Նշենք, որ Նեպալում բնակվում է կապիկի 3 տեսակ: Գյուղացիները նրանց համարում են սուրբ կենդանիներ, ուստի, որպես կանոն, նրանց քշում են իրենց այգիներից՝ աշխատելով նրանց վնաս չպատճառել:

ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐ
Ամերիկյան Մեն նահանգի բնակչուհին իր թոռան համար դարձել է փոխնակ մայր՝ զավակ պարգեւելով իր դստերն ու փեսային: 49-ամյա կինը որդի է պարգեւել իր 25-ամյա դստերը, որը երեխա չէր կարող ունենալ անառողջ սրտի պատճառով: Կինը դիմել է բազմաթիվ հիվանդանոցներ՝ նպատակ ունենալով դառնալ փոխնակ մայր, սակայն հաշվի առնելով նրա տարիքը՝ մերժել են: Միայն Մասաչուսեթս նահանգի Լեքսինգթոնի վերարտադրողական կենտրոնում են համաձայնել օգնել նրան: Ստուգումներից հետո պարզվել է, որ նրա օրգանիզմը լիարժեք առողջ է զավակ ունենալու համար: Լինդայի խոսքերով՝ այդ 9 ամիսների ընթացքում ինքն ուղղակի դայակություն է արել իր թոռնիկի համար:

ՆԻԶԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ատլետիկայի երիտասարդական մրցաշարի ժամանակ նիզակի հարվածից մահացել է մրցավարը: 75-ամյա մրցավարը նիզականետման հատված է դուրս եկել արդյունքը նշելու համար: Նիզակը վնասել է տղամարդու քներակը: Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մի քանի ժամ անց մահացել է: Ողբերգության պատճառով մրցաշարը հետաձգվել է:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս