ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաղթեց բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցին ու դարձավ WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն:
Իր կարիերայի 38-րդ մրցամարտում Արթուր Աբրահամը տոնեց 35-րդ հաղթանակը ու 3 տարվա ընդմիջումից հետո կրկին տիրացավ չեմպիոնական գոտուն: Սուպերմիջին քաշային կարգում սա Աբրահամի առաջին հաջողությունն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորեց Աբրահամին հաղթանակի առիթով եւ նրան մի քանի հարց ուղղեց՝ պարզելով նաեւ, թե ինչպիսի հոգեվիճակում է աշխարհի չեմպիոնը: Արթուրի խոսքերով՝ կարեւորը հաղթանակն էր, ինչի համար շատ լավ էր պատրաստվել.  «Մենք ճիշտ մարտավարություն էինք ընտրել, եւ այն իրեն արդարացրեց»: Հարցին, թե ինչու էր այդքան հուզվել, Արթուրը պատասխանեց. «Հուզմունքս չկարողացա զսպել, տարիներ շարունակ պայքարում էի երկրորդ միջինքաշային կարգում չեմպիոնական գոտի նվաճելու համար: Լավ էր, որ աշխատանքս ջուրը չընկավ, հուզմունքս էլ անկախ ինձնից էր: Իմ կողքին էին նաեւ իմ հարազատները, Հայաստանից էլ շատ մտերիմներ էին եկել, այդ ամենն ինձ ոգեւորում էր»: Մենամարտի ավարտից հետո էլ Արթուրը չմոռացավ  հիշեցնել, որ ինքը շատ հպարտ է հայ լինելու համար. «Կապ չունի, թե մենք որտեղ ենք ապրում: Մենք մեզ միշտ հայ ենք զգում, ես հպարտ եմ, որ հայ եմ»:
Հարցին, թե ինչով է զբաղվելու առաջիկայում, Աբրահամը նշեց. «Հանգստանալու եմ առաջիկա մի քանի շաբաթը, պետք է Գերմանիայում հանդիպեմ ԶԼՄ-ների հետ, մասնակցեմ մի քանի հեռուստահաղորդումների: Եւ, ավանդույթի համաձայն, անպայման գալու եմ Հայաստան»: Մոտ ապագայում «Ժողովուրդ»-ը խոստանում է ծավալուն հարցազրույց  ներկայացնել հայազգի բռնցքամարտիկի հետ:




Լրահոս