ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԱԳԻ ԴՈՒՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երբ ԱԺ ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստան”-ը հրաժարվեց կոալիցիա մտնել եւ հայտարարեց իշխանությանն այլընտրանք լինելու մասին, շատերը դա որակեցին բազմակոմբինացիոն քաղաքական խաղ` միտված գալիք նախագահական ընտրություններից առաջ իրական ընդդիմության թուլացմանն ու ընդդիմադիր դաշտի գրավմանը: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
ԲՀԿ-ի` ընդդիմադիր դաշտ տեղափոխվելուն թերահավատորեն վերաբերվողներն անգամ սկսեցին տատանվել, երբ ՀՀ կառավարության ներկայացրած 2012-2017թթ. ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամները, հատկապես Նաիրա Զոհրաբյանը բառացիորեն “քարը քարի վրա չթողեց” եւ իր ելույթի շեշտադրումների սրությամբ ստվերեց անգամ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Արամ Մանուկյանի ելույթները: Իհարկե, դրանից կարճ ժամանակ անց ԲՀԿ-ն քվեարկեց հօգուտ Սեւանից ջրառի ավելացման տխրահռչակ նախագծի, սակայն դա մի տեսակ աննկատ անցավ: Ավելի ուշ արդեն “Հարսնաքար”-ի դեպքի առթիվ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության ընթացքում ԲՀԿ-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ պատգամավորներին հաջողվեց  քաղաքական  շահարկումները տեղափոխել ԲՀԿ-“Ժառանգություն” հակասությունների դաշտ`  այդպիսով հանրային ուշադրությունը շեղելով այն հարցից, թե ինչու իշխանությանն այլընտրանք համարվող ԲՀԿ-ականները չմիացան այդ իշխանության կարկառուն դեմքերից մեկի մանդատազրկման  գործընթացի արագացմանը: Այնուհետեւ արդեն ԲՀԿ-ն անթաքույց ձեւով հրաժարվեց միանալ  “Հարսնաքար”-ի գործով ՀՀ դատախազությանն ուղղված ընդդիմադիր ուժերի համատեղ հարցաշարին`  դա կրկին պայմանավորելով “Ժառանգության” հետ ունեցած հակասությամբ:
ԲՀԿ-ի իրական կեցվածքը, սակայն, առավել ակնհայտ դարձավ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացում: Հատկապես՝ Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրու քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի առաջադրմամբ: Ուշագրավ է, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար ԲՀԿ-ն ուներ երեք թեկնածու, սակայն ընտրեց հենց այն թեկնածուին, որն առավել սերտ հարաբերություններ ուներ իշխանության ղեկավարի` Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, նախքան առաջադրվելը Բալասանյանն առանձին հանդիպում ունեցավ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո էլ ՀՀԿ-ն հայտարարեց ԲՀԿ-ական թեկնածուին սատարելու մասին: Ու որքան էլ ԲՀԿ խոսնակը փորձի համոզել, թե ՏԻՄ ընտրությունների դեպքում առաջնային են թեկնածուների անհատական հատկանիշները, որ դրանք քաղաքական ընտրություններ չեն, ակնհայտ է, որ ԲՀԿ-ի` ընդդիմություն լինելուն այլեւս ոչ ոք չի հավատում: Ընդ որում, չնայած հուսահատ փորձերին՝ այդ հարցում միասնական դիրքորոշում չկա անգամ ՀԱԿ-ում, որի կենտրոնական գրասենյակը, շարունակելով ԲՀԿ-ին սիրաշահելու անհասկանալի գործելաոճը, չկարողացավ համոզել Գյումրու սեփական կառույցին սատարել Բալասանյանին: 
Ու ընդհանրապես, այս օրերին ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, միասին նստած, գծում, բաժանում են ՏԻՄ ընտրությունների քարտեզը: Սակայն որպեսզի “այլընտրանք” օպերացիան ժամանակից շուտ չարժեզրկվի, ԲՀԿ-ն, այդուամենայնիվ, գոնե մեկ հարցում շարունակում է իսկապես ընդդիմադիր լինել` այդպիսով համադրելով հաճելին օգտակարի հետ: Խոսքը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է, որին քննադատելը յուրաքանչյուր ԲՀԿ-ականի “սուրբ պարտքն” է: Ավելին, վերջերս նրանք ակնարկեցին, որ պատրաստվում են տապալել 2011թ. բյուջեի կատարողականը` այդպիսով փորձելով հասնել Տ. Սարգսյանի հրաժարականին: Կհաջողվի դա, թե ոչ` ցույց կտա ժամանակը, սակայն Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն ինչ որոշվում է բացառապես նախագահի մակարդակով, դժվար է համոզել, որ դու ընդդիմադիր ես, երբ քննադատության թիրախ ես ընտրում ոչ թե որոշումները կայացնողին, այլ դրանք կատարողին: Ժամանակին նման պսեւդոընդդիմադիր կեցվածք էր որդեգրել նաեւ “Դաշնակցություն”-ը` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված պահանջելով ոչ թե երկրի նախագահի, այլ նրա որոշումները կատարող արտգործնախարարի հրաժարականը: Արժե, որ ԲՀԿ-ն հաշվի առնի, թե այդ ամենից հետո ՀՅԴ-ն ինչպիսի վարկանիշ ունի այսօր: 
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս