Ո՞վ է ստում` Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավա՞րը, թե՞ անդամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը, ով հայտնի է Ծիտ Արմեն մականունով, խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել, որը երկուշաբթի օրը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում այսօր ասել է, որ ինքը որևէ դիմում չի ստացել: Պողոսյանը միայն ասաց, որ Արմեն Սահակյանն իրեն բանավոր ասել է կուսակցությունից դուրս գալու մասին:

Մենք կապ հաստատեցինք նաև Արմեն Սահակյանի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ և մեզ տրամադրեց Թամար Պողոսյանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունով մակագրված դիմումը, որը, նրա խոսքով, վերջինիս հասել է:

Կապ հաստատեցինք նաև քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշեց` իրենք ավագանու անդամների` քաղաքապետին ուղղված դիմումներն ընդունում են որպես ի գիտություն և խմբակցության ղեկավարին այդ մասին տեղեկացնելու պարտավորություն չունեն, ընթացակարգ չկա այդպիսի:

Նշենք, որ Արմեն Սահակյանը` Ծիտ Արմենը, Գագիկ Ծառուկյանի հավատարիմ մարդկանցից է: Նա նաև սերտ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` Պզոյի հետ:

foto

foto2




Լրահոս