Վալերի Պերմյակովի մեղսունակ-անմեղսունակության հարցը կարող է որոշել միայն դատաբժշկական փորձաքննությունը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա ընդգծեց, որ քննությունը պետք է հիմնվի փաստերի վրա, իսկ փաստը դատաբժշկական փորձաքննությունն է:
«Նրա հարազատների, ծառայակիցների, ծանոթների պատմածներն այստեղ բացարձակապես նշանակություն չունեն»,-հավելեց Կոստանյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ՌԴ գլխավոր դատախազին նամակ գրելուց և այդ նամակի պատասխանը չստանալուց հետո արդյոք բարոյական չէ՞ Գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմում գրելը, նա պատասխանեց երկու հարթությամբ՝ բարոյական և մասնագիտական.
«Իմ կենսագրության մեջ թե՛ պաշտոնական, թե՛ զուտ անձնական հարթության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ ու չկատարեմ, որովհետև տալիս եմ միշտ այն խոստումները, որոնք ի վիճակի եմ կատարել, ավելին՝ երբեք չեմ տվել ու չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով, հետևաբար, էլեմենտար համադրություն անցկացնենք»,- նշեց Կոստանյանը, այնուհետև անդրադարձավ հարցի մասնագիտական կողմին.
«Դիմումի փաստը ինքնին չի կարող երաշխավորել արդյունքը, որովհետև հարցն ունի նաև միջազգային իրավական կոնտեքստ, և հետևաբար, ՀՀ գործողություններով չի կարող պայմանավորված լինել, և ես բազմիցս ասել եմ, որ հարաբերությունները երկկողմանի, առնվազն միջազգային պայմանագրերով են կարգավորված: Հետևաբար, այդ պայմանագրերով կան համապատասխանող ընթացակարգեր: Հայկական կողմն իր oրենսդրության ընթացակարգերին համապատասխան իրացրել է իր հնարավորությունները»,- նշեց Գլխավոր դատախազը: