Այսօր լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե մարտի 6-ի երեկոյան «Նացիոնալ» հյուրանոցում հանդիպում է տեղի ունեցել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի և գյումրեցի «օրենքով գող» Զապի՝ Անդրանիկ Սողոյանի մասնակցությամբ:
Տարածված լուրերի համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է մի քանի քրեական հեղինակություն ևս: Քննարկել են «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Գյումրի ավտոերթը խափանելու հարցերն ու վերջին օրերին քրեական աշխարհում տեղի ունեցած դեպքերը:
Իմանալու համար` ճիշտ են արդյոք նշված հանդիպման մասին տարածված լուրերը, և եթե այո, ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ, Armlur.am-ը կապ հաստատեց Արգամ Աբրահամյանի հետ: Վերջինս վստահեցրեց` այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Նմանատիպ որևէ հանդիպում տեղի չի ունեցել»,- կարճ պատասխանեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը, շրջանառվող լուրերի համաձայն, համարվում է մարտի 4-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ մոտակայքում սպանված քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) գործընկերը: Լուրեր կան, որ նրանք համատեղ բիզնես ունեին: Նշենք, որ փոխհրաձգության հետևանքով սպանվածների հոգեհանգստի արարողությանը ներկա է գտնվել նաև վարչապետի որդին: