Քրեական աշխարհը վերահսկվում է իշխանությունների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի քրեական աշխարհը վաղուց սերտաճել է իշխանությունների հետ և ընտրություններից ընտրություն այն օգտագործվում է իշխանական քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի «հաղթանակն» ապահովելու համար, վաղուց հայտնի իրողություն է: ԲՀԿ-ի «վնասազերծումից» հետո, այս կուսակցությունը թերեւս կդադարի օգտվել նախկին արտոնություններից, եւ քաղաքական դաշտում այդպիսով կմնա մեկ իշխանական քաղաքական ուժ` ՀՀԿ-ն:

Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտնի ելույթում, որով սկսեց ԲՀԿ-ի դեմ «խաչակրաց արշավանքը», միաժամանակ ասվել էր, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Այս հայտարարությունը որոշ մարդկանց մոտ, թեկուզ փոքրաթիվ, այնուամենայնիվ, հույսեր էր առաջացրել, թե իշխանության վերնախավում վերհիշել են, թե ինչ է նշանակում պետական գործիչ, եւ որոշել են ընդհանուր քաղաքական դաշտը մաքրել: Սակայն իրականությունն այն է, որ ՀՀԿ-ի վերնախավում գտնվող, տարբեր պաշտոններ զբաղեցնող քրեական դեմքերը եւ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչներն անձեռնմխելի են:

Նրանց համար, ովքեր դեռեւս փորձում են ՀՀ իշխանություններին չնույնականացնել քրեական աշխարհի հետ, անցած շաբաթ օրը ևս մեկ անակնկալ էր սպասվում: Այդ օրը ազդարարվեց, որ Գյումրիի քրեական աշխարհն է որոշում՝ ով պետք է մտնի քաղաքը, ով` ոչ: Ինչպես հայտնի է՝ մարտի 7-ին տեղի ոստիկանության լուռ աջակցությամբ Գյումրիի քրեական աշխարհի ներկայացուցիչները Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցներին թույլ չէին տվել մտնել քաղաք: Դրանից քիչ հետո լուրեր տարածվեցին, որ Գյումրին «անառիկ» պահողները եղել էին «օրենքով գող» Զապի` Անդրանիկ Սողոյանի «տղաները»:

Տեղի ունեցածն անսպասելի էր այն պատճառով, որ սովորաբար իշխանությունները քրեական աշխարհին քաղաքական գործընթացներում բացահայտ ներգրավում են հատկապես ընտրությունների ժամանակ: Հենց այս զանգվածն է ամեն անգամ իշխանություններին օգնում կեղծել նախագահական եւ Աժ ընտրությունները: Իսկ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում քրեական աշխարհը, որպես կանոն, քաղաքական անցուդարձում նկատելի դերակատարություն չի ունենում: Ու թերեւս Գյումրիում տեղի ունեցածը եւսս մեկ անգամ պարզաբանեց, թե ՀՀ իշխանություններն ինչու ազատ արձակեցին Չեխիայի դատարանի կողմից 22 տարվա ազատազրկման դատապարտված եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող Անդրանիկ Սողոյանին` Զապին: Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից հայտարարված հետախուզման հիման վրա կալանավորվեց անցած տարվա հոկտեմբերին, իսկ այս տարվա հունվարի վերջին ազատ արձակվեց:
Ինչո՞ւ ԱԱԾ-ն

Մի քանի օր առաջ տեղի ունեցած աղմկոտ սպանությունների փաստի առիթով հարուցված քրեական գործը, որի արդյունքում սպանվեցին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը եւ նրա երկու ընկերները, ինչպես հայտնի է՝ քննում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Բնական հարց է ծագում՝ ինչպես կարող է քրեական հեղինակության սպանությունը սպառնալ Հայաստանի անվտանգությանը, որ այդ գործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին: Իրականում այդ դեպքը պետության անվտանգությանը ոչ մի կերպ չի սպառնում, բայց Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած ՀՀԿ-ի իշխանությանը կարող է սպառնալ:

Ինչպես հայտնի է՝ Երրորդմասցի Լյովիկը ԱԺ եւ նախագահական վերջին երկու ընտրություներում` 2007-ից սկսած, Շենգավիթում ընտրությունների կեղծման գործընթացը կազմակերպելու հարցում եղել է ամենաառանցքային դերակատարը: Ամենեւին պատահական չէ, որ նա սերտ կապեր է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա ընտանիքի հետ: Եթե իշխանությունները չկարողանան հայտնաբերել իրենց հովանավորյալ քրեական հեղինակության սպանողին եւ իրավիճակը թողնեն ինքնահոսի, ապա քրեական Երրորդմասցի Լյովիկի կողմնակիցներն էլ իրենց հերթին կարող են հակահարված հասցնել` տեղի ունեցածի, իրենց կարծիքով, մեղավորներին:

Արդյունքում, կարող է սկսվել քրեական խմբավորումների պատերազմ, ինչի հետեւանքով էապես կարող է թուլանալ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության հենարանը: Այսինքն՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի բացահայտեն Երրորդմասցի Լյովիկի սպանությունը եւ այսքանով կանգնեցնեն քրեական աշխարհի ներկայացուցիչների միջեւ սկսված պատերազմը: Հակառակ դեպքում հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել:

Ի դեպ, ամեն անգամ ընտրությունների ժամանակ լուրեր են տարածվում, թե այս կամ այն քրեական հեղինակությունն ընդդիմության դեմ չի գործի, սակայն նման բան ո՛չ եղել է եւ ո՛չ էլ կարող է տեղի ունենալ: Եթե որեւէ քրեական հեղինակություն փորձի չենթարկվել, ապա նա նույն ակնթարթին առնվազն կկալանավորվի` նախկինում կատարած հանցանքի համար, եւ նրա տեղը կզբաղեցնի մեկ այլ քրեական հեղինակություն:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները եւ քրեական աշխարհը, մեղմ ասած, առանց մեկը մյուսի կյանք չունեն եւ երկուստեք այդ փաստը գիտակցում են: Այդ իսկ պատճառով էլ քրեական աշխարհին ապահովում են կացության համար անհրաժեշտ միջոցներով` նրանց բիզնեսներ են տալիս, դարձնում են իրենց բիզնես գործընկերը՝ տեղը ստանալով քվե, եւ այսպես շարունակ:

Աներկբա է, որ քրեական աշխարհն առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացում եւս լուրջ անելիք կունենան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս