Քննարկվել են բրուցելոզի վերահսկմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը եւ ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի եւ մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վադանյանը հանդիպել են ԱՄՆ գյուղդեպարտամենտի խորհրդատու, Մերելանդի համալսարանի տարածքային անասնաբուժական քոլեջի տնօրեն Վալերի Ռագանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել բրուցելոզ հիվանդության վերացման ծրագրի մշակման նպատակով:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նախ ծանոթացան անասնաբուժասանիտարական վերահսկողության՝ մեր երկրում գործող համակարգերին, այնուհետեւ հայ գործընկերների հետ քննարկեցին բրուցելոզի վերահսկման համատեղ ծրագրի ստեղծմանն առնչվող հարցեր: Ծրագիրը, ըստ Վալերի Ռագանի, ուղղված է հիվանդությունների դեմ պայքարի ու դրանց կանխարգելման աշխատանքների բարելավմանը: Այս նպատակով առաջիկայում ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում տեղի են ունենալու համաճարակաբանական դասընթացներ անասնաբույժների համար, որոնց կմասնակցեն ներկայացուցիչներ նաեւ Հայաստանից:

Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ ՍԱՊԾ-ն, որպես լիազոր մարմին, արդյունավետ է համարում համագործակցության այս ձեւաչափը եւ պատրաստ է աշխատել միջազգային կառույցների հետ: Քանի որ հանրապետությունում վարջերս նկատվել են բրուցելոզի եզակի դեպքեր եւ այն զոոնոզ հիավանդություն է, բանախոսը հատկապես կարեւորեց դրա կանխարգելման համար միջազգային փորձն ու մասնագիտական խորհուրդները, որոնք կարող են օգտակար եւ ուսանելի լինել:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի փոխհամագործակցության շրջանակներին վերաբերող մի շարք հարցեր, կողմերն անդրադարձան ոլորտի օրենսդրական վերջին կարգավորումներին՝ «Անասնաբուժության մասին » փոփոխված օրենքին և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» նոր օրենքին, պայմանավորվածություններ ձեռք բերեցին առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ:




Լրահոս