Կոտայքում դեռ պայքարում են բրուցելոզի դեմ. անասունների սպանդը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է բրուցելոզ տեսակի հիվանդությունը գլուխ է բարձրացրել Կոտայքի մարզի մի քանի գյուղերում: Այդ գյուղերն են Սոլակ, Ֆանտան, Բջնի եւ Արզական: Իսկ մինչ այդ բրուցելոզի դեպքերը մարդկանց մոտ արձանագրվել էր Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Գյուղարտ» ընկերության սպանդանոցի աշխատակիցների մոտ:

ՀՀ Կոտայքի մարզում բնակչության շրջանում բրուցելոզի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում այսօր առկա է հիվանդության 22 դեպք: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանից տեղեկացավ, որ հիվանդների ինքնազգացողությունը բավարար է, եւ նրանք ունեն առողջացման դրական շարժընթաց:

«Ժողովուրդ»-ը Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանից տեղեկացավ, որ գյուղի բրուցելոզով հիվանդ անասուններն արդեն հարկադիր սպանդի են ենթարկվել: «Այս պահի դրությամբ մաքուր է ամեն ինչ, եւ հիվանդ անասուն չունենք: Ապրիլի 24-ին մեր մարզի գլխավոր անասնաբույժը զեկուցագիր ներկայացրեց պատկան մարմիններին, որով հայտնեց, որ գյուղում բրուցելոզ չկա: Իսկ այն մարդիկ, ովքեր նույնպես հիվանդ էին, գնացել եւ նորմալ բուժում են ստացել»,- փոխանցեց Բադալ Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ Սոլակ գյուղում բրուցելոզի հետեւանքով հարկադիր սպանդի են ենթարկվել 7 խոշոր եւ 25 մանր եղջերավոր անասուն: «Համագյուղացիներին զգուշացրել ենք, որ այլ մարզերից, գյուղերից անասուն առայժմ չգնեն ու գյուղ բերեն, կամ էլ միայն անասնաբույժի միջամտությամբ, համապատասխան ստուգումներից հետո»,- նշեց Սոլակի գյուղապետը: «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց՝ անասուն կորցրած գյուղացիներին փոխհատուցում տրվելո՞ւ է, թե՞ ոչ. «Համայնքի ավագանու անդամների հետ այս պահին քննարկում ենք այդ հարցը: Գուցե կարողանանք տվյալ մարդկանց հարկերը, տուրքերը ինչ-որ չափով զեղչել: Տեսնենք, թե ինչպես կստացվի»:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բրուցելոզի դեպքեր հայտնաբերվել են ոչ միայն Կոտայքի մարզի Սոլակ համայնքում, այլեւ Բջնիում, Արզականում եւ Ֆանտանում:
Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գյուղում խոշոր եղջերավոր անասունի կասկածելի մեկ դեպք է եղել, որն էլ ուղարկել են լաբորատորիա՝ փորձաքննության: Գյուղապետի խոսքերով՝ այն հերքվել է: «Բայց գյուղը մեր հսկողության տակ ենք պահում»,- վստահեցրեց Մովսիսյանը: Նույն մարզի Բջնիի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանը փոխանցեց, որ իրենք դեռ սպասում են լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ Բջնիում բրուցելոզի չորս դեպք էր արձանագրվել, որոնք եւս ենթարկվել են հարկադիր սպանդի:

Հ.Գ. Հավելենք, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ի սպանդանոցում բրուցելոզի դեպքեր արձանագրվելու մասով ապրիլի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ 18 անձ ճանաչվել է որպես տուժող:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս