ԿՐԱԿՈՑՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ժամը 22:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Գյումրիում: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փաստում են, որ տեղի ունեցածը քաղաքական հիմքեր ունի՝ առնչվում է առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ:  Այդ օրը Գծի հետեւ կոչվող թաղամասում իր քարոզարշավն է անցկացրել Սամվել Բալասանյանը: Հանդիպումը ընտրողների հետ կազմակերպել են հիշյալ թաղամասի այսպես կոչված հեղինակություն ունեցող մի խումբ երիտասարդներ, որոնց հրահանգ է եղել, որ սեպտեմբերի 9-ին սատարեն Բալասանյանի թեկնածությունը: Սակայն այն հանգամանքը, որ թաղի ջահելները պարտաճանաչորեն կատարել են հրահանգները, դուր չի եկել Վարդան Ղուկասյանի «հեղինակավոր» որդուն՝ Սպարտակին, եւ նա իր թիմով գնացել է թաղամաս՝ հաշիվներ պարզելու: «Ռազբորկան» տեղափոխվել է քաղաքապետի ընտանիքին պատկանող «Հրաշքների տուն» զվարճանքի կենտրոնի մոտակայք:
Այն, որ Վ. Ղուկասյանի գերդաստանը առնչվում է տեղի ունեցածի հետ, ապացուցում է նաեւ այն փաստը, որ երեկ՝ ժամեր շարունակ, քննչականի դիմաց կայանած էր նրանց պատկանող մեքենան: «Ժողովուրդ»-ին, սակայն, Շիրակի մարզի քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սայաթ Գարեգինյանը փոխանցեց, որ չի կարող կոնկրետ անուններ հրապարակել: Մեր այն հարցին, թե արդյոք Ս. Ղուկասյանը հարցաքննվել է, պատասխանեց. «Ես ոչ թե չեմ ասում, թաքցնում եմ, այլ իրավասու չեմ ասելու: Երբ որ մեղադրանք առաջադրենք կոնկրետ մարդկանց, Դուք էլ ու բոլորը կիմանան անունները»:
Զրուցեցինք նաեւ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Արտյոմ Օվսյանի հետ: «Օգոստոսի 27-ին ոստիկանության Գյումրու բաժնից մարզի քննչական բաժին գրություն է ստացվել, համաձայն  որի՝  Գյումրու Սայաթ Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» խաղասրահ-սրճարանի դիմաց տեղի է ունեցել խուլիգանություն: Հավաքված տղաները վիճաբանել են, որի ընթացքում հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, եւ արձակվել կրակոցներ: Դեպքի կապակցությամբ անմիջապես հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով, 235 հովածի 1-ին մասով: Կատարվել են քննչական գործողություններ: Պարզվել է խուլիգանություն կատարած անձանց շրջանակը, եւ քննությունը շարունակվում է տվյալ անձանց հայտնաբերելու եւ նրանց արարքին իրավական գնահատականներ տալու համար: Հարցաքննվել են ականատեսներ, վկաներ, դեպքին առնչություն ունեցող անձինք, որոնք հիմնավորել են կատարված խուլիգանությունը»,-ներկայացրեց քննիչը: Նա չհերքեց, որ Ղուկասյանի ընտանիքին պատկանող մեքենան եղել է քննչականի դիմաց,  սակայն հրաժարվեց նշել, թե ով է բերել մեքենան, եւ արդյոք Սպարտակ կամ Վարդան Ղուկասյանները եղել են իրենց մոտ. «Նախաքննության գաղտնիության շահերից ելնելով՝ չեմ կարող ասել»:
«Մեքենայի հետ կապված՝ ես նման ինֆորմացիա չունեմ: Չգիտեմ՝ ում մեքենան է եւ ինչու է կայանած այդտեղ: Քաղաքապետի որդին քաղաքում չի եղել եւ չէր կարող որեւէ կապ ունենալ միջադեպի հետ: Բայց թե ովքեր են ուզում ընտրական այս շրջանում քաղաքապետին եւ նրա ընտանիքին դարձնել թիրախ, սա ինձ համար անհայտ է: Թեեւ Դուք էլ ինձ պես կարող եք կռահել»,-հայտարարեց քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը: Նա նաեւ նշեց, որ հիմա էլ Ս. Ղուկասյանը բացակայում է ՀՀ-ից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս