ԿՔՆՆԵՆ ՔՆՆԻՉԻՆ ՈՒ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության երեկվա նիստում որպես վկա պետք է հարցաքննվեր քննիչ Լեւոն Պետրոսյանը: Սակայն նա դատարան չէր ներկայացել, քանի որ գործուղման էր մեկնել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Երեկվա նիստի ընթացքում ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը դատարանին միջնորդություն ներկայացրին դատատեսաձայնագրային փորձաքննության ենթարկել վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսաերիզը: Պաշտպանների համոզմամբ՝ այդ փորձաքննությունն անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, թե Ա. Մնացականյանին բացատրվել են վկայի իր իրավունքները, տեսագրության մեջ հնչող ձայնն արդյոք Ա. Մնացականյանինն է: Պաշտպան Հրանտ Գեւորգյանի խոսքերով՝ հակասություններ կան այդ տեսաերիզի եւ Ա. Մնացականյանի գրավոր ցուցմունքների միջեւ, քանի որ տեսաերիզում երեւում է, թե ինչպես է Մնացականյանը քննիչի հարցերին պատասխանում՝ ասելով «այո» կամ «ոչ», իսկ վերջինիս գրավոր ցուցմունքները գրված են քննիչի կողմից, չեն բխում Արմանի խոսքերից: Հրանտ Գեւորգյանն ասաց, որ քննիչի կողմից այդ կերպ խախտվել են Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:
5 ամբաստանյալները, ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը, Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միացան միջնորդությանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ տեսաերիզի բովանդակության եւ Ա. Մնացականյանի գրավոր ցուցմունքի միջեւ հակասություններ կան, ինչից հետո կարելի է խոսել օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցի մասին:
 Մեղադրող Հարություն Հարությունյանը ստիպված եղավ բացատրել, որ առկա է Ա. Մնացականյանի գրավոր ցուցմունքը, այդ վկան դատարանում ցուցմունք է տվել, նշված տեսաերիզում քննիչի ռեժիսորական վատ աշխատանք կա, եւ հավելեց, որ այդ տեսաերիզը քրեական գործով որպես ապացույց չի համարվում, դա ընդամենը կցված է գրավոր ցուցմունքին: Գործով մյուս մեղադրող Հայկ Հարոյանը պնդեց, որ միջնորդության քննարկումը հետաձգվի, մինչեւ դատարան ներկայանա քննիչ Լեւոն Պետրոսյանը, որը պարզաբանումներ կտա այդ առնչությամբ:
 Դրան հակադարձեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Նա հայտարարեց` եթե տեսաերիզը ապացույց չէ, ինչո՞ւ այդ մասին ապացույցների հետազոտման ժամանակ չհայտարարվեց, ինչո՞ւ այն հետազոտվեց: Դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց սույն հակափաստարկը: Երեկվա նիստում դատարանը բավարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների մեկ այլ միջնորդություն: Դրանով դատարանում որպես վկա կհարցաքննվի «Մեհրաբ» զորամասի նախկին հրամանատար Ղազարյանը:
Դատարանը բավարարեց նաեւ մեղադրող կողմի՝ քննիչներ Հարություն Հարությունյանի եւ Հայկ Հարոյանի միջնորդությունը, որպեսզի դատակոչվի եւ որպես վկա հարցաքննվի դատական բժիշկ Վիգեն Ադամյանը: Միջնորդության հիմք էր ծառայել այն, որ դատական բժշկի կողմից քննիչին ուղարկված 19 լուսանկարներից 3-ը քրեական գործի նյութերից բացակայում են:
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս