ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՓՈՂՆ ԷԼ ԿՈՐԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի հիմնադրված Երեւանի ոչ ֆորմալ կրթության համալսարանի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: Տեւական ժամանակ է, ինչ ուսանողների ծնողները համալսարանի տնօրինությունից պահանջում են հետ վերադարձնել մեկ տարվա համար նախապես վճարված ուսման վարձերը: Սակայն տնօրինությունը հրաժարվում է պահանջը կատարել՝ խորհուրդ տալով դիմել դատարան:

ՀՀ քաղաքացիներ Սիրանույշ Աղաջանյանի եւ Քնքուշ Կիրակոսյանի դուստրերը ուսում ստանալու նպատակով դիմել են Երեւանի ոչ ֆորմալ կրթության համալսարան, բայց երկու ամիս անց՝ համոզվելով, որ պայմանագրով նախատեսված կրթության որակը չի ապահովվում, այսօր հետ են պահանջում իրենց վճարված ուսման վարձերը: Սակայն համալսարանի տնօրինությունը հրաժարվում է դրանք հետ վերադարձնել: Տուժած ծնողների պատմելով՝ իրենց երեխաները վճարած գումարի դիմաց ոչինչ չեն սովորել, իսկ երբեմն էլ ժամերով ազատ են մնացել, քանի որ դասախոսները բացակայել են:
Ոչ ֆորմալ կրթության համալսարանի գործունեությունից տուժած քաղաքացիների պատմելով՝ դիմորդները գործերը հանձնել են 2014 թվականի օգոստոսին, իսկ պայմանագիր կնքել են հոկտեմբերին: Նրանցից մեկը՝ Գոհարը, ընդունվել է բեմարվեստի, իսկ Անահիտը՝ պարարվեստի բաժին: Բեմարվեստ սովորելու նպատակով Գոհարի ծնողը վճարել է մեկ տարվա համար նախատեսված վարձը՝ 150 հազար դրամ, իսկ Անահիտը պարարվեստի համար՝ 300 հազար դրամ: Վերը նշված պատճառներով հիմա ծնողները պահանջում են իրենց վճարած գումարը, սակայն համալսարանի տնօրինությունը հրաժարվում է վերադարձնել՝ խորհուրդ տալով նրանց դիմել դատարան՝ գումար բռնագանձելու պահանջով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ Երեւանի ոչ ֆորմալ կրթության համալսարանի տնօրեն Արմեն Նալբանդյանը նաեւ Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի հիմնադիրն է:
Մենք զրուցեցինք ոչ ֆորմալ կրթության համալսարանի տնօրեն Արմեն Նալբանդյանի հետ, ով զայրացած հայտարարեց, թե այս հարցով դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն: «Մենք գործ ունենք հոգեւոր ճգնաժամի մեջ գտնվող ծնողների հետ, որոնց երեխաները երկու ամիս սովորել են մի համալսարանում, բայց չգիտեն, թե որն է այն: Իրենք սովորել են ոչ ֆորմալ կրթության համալսարանում, բայց բողոքում են Գալանտերյանի անվան բեմարվեստի համալսարանի դեմ: Նրանց դժգոհությունները, բողոքները արդարացի չեն»,- ներկայացրեց համալսարանի տնօրենը:
Տուժած քաղաքացիներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ նույնիսկ դասախոսները դասաժամերին չեն այցելել: Նրանց խոսքով՝ դիմորդներն այնքան քիչ են եղել, որ համալսարանի տնօրինությունը չի կարողացել վճարել դասախոսների աշխատավարձերը:
Տուժած քաղաքացիները պնդում են, որ իրենց երեխաները բոլոր դասաժամերին ներկա են գտնվել եւ դասի այցելել են մինչեւ դեկտեմբերի 25-ը: Սակայն համալսարանի տնօրենը հակառակն է պնդում՝ դեկտեմբերի 1-ից նրանք մշտապես բացակայել են: «Իրենք հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նորմալ մասնակցել են դասերին, բայց դեկտեմբերի 1-ին եկան ու սկսեցին դիմումներ գրել, որով պահանջում էին, թե իրենց որոշ առարկաներից ազատենք: Վճարումները կատարել են, որ դասերին մասնակցեն, այլ ոչ չգան: Հրահրում են, որ ես դիմեմ դատախազություն եւ պարզեմ, թե այս ամենի կազմակերպիչն ով է: Դեկտեմբեր ամսից դասի չեն եկել, ընկել են որեւէ մեկի ազդեցության տակ: Ի՞նչ է, գնամ, զենքով բերեմ ու դասի՞ նստացնեմ: Ոստիկան էլ են ուղարկել համալսարան՝ մեր դեմ: Դժգոհող ծնողներից մեկը ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ է: Ես նույնիսկ փաստեր ունեմ այն մասին, որ նամակով դիմել եմ այդ ծնողներին եւ պահանջել, որպեսզի վերջիններիս երեխաները ներկայանան դասերի»,- վրդովված պատմեց Նալբանդյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ լիցենզավորման գրանցամատյանում Երեւանի ոչ ֆորմալ համալսարանի մասին ոչ մի տեղեկություն չկա: Ավելին՝ ըստ ԿԳ-ի՝ Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի համալսարանը լուծարվել է: Սակայն տնօրենը հակառակն է պնդում՝ ոչ թե լուծարվել է, այլ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը:
«Իսկ ոչ ֆորմալ կրթության համար լիցենզավորում հարկավոր չէ: Քանի որ 2014 թվականին «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ամրագրվել է, որ կրթության ոչ ֆորմալ ձեւը լիցենզավորման կարիք չունի: Եթե կրթությունը կոչվում է ոչ ֆորմալ, դա կարո՞ղ է լիցենզիա ունենալ: Իհարկե՝ ոչ: Ավելին՝ տեղեկացնեմ, որ ոչ ֆորմալ կրթության ավարտական փաստաթուղթը գործատուն պարտավոր է ճանաչի որպես մասնագիտական որակավորում»,- հայտնեց մեր զրուցակիցը: Տնօրենի խոսքով՝ այս պահին ոչ ֆորմալ կրթության համալսարանը թվով ութ ուսանող ունի:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ դեռեւս 2010-ին այս համալսարանում ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել եւ բավականին լուրջ խախտումներ է արձանագրել: Ըստ ՎՊ-ի՝ համալսարանի իրականացրած գործունեությունն ապօրինի է, այսինքն՝ առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը քրեական արարք է եւ կարող է պատժվել օրենքի ողջ խստությամբ: Սակայն այդպես էլ քրեական գործ չի հարուցվել համալսարանի տնօրենի նկատմամբ:
Բայց կարծես թե այս անգամ սխալն ուղղվում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի ոչ ֆորմալ համալսարանի գործունեությունից տուժած քաղաքացիները դիմել են նաեւ իրավապահ մարմիններին, ինչի առիթով ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս