ՀՀԿ-ականներին հրահանգվել է սկսել սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման գործընթացը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մարտի երկրորդ տասնօրյակն է, եւ անցած նոյեմբերին արած հայտարության համաձայն՝ Սերժ Սարգսյանը պետք է որ արդեն հայտներ իր դիրքորոշումը` կապված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ: Այս ընթացքում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը կարողացավ բլից կարգով վերացնել սահմանադրական բարեփոխումների անցկացման հարցում հիմնական խաչընդոտը` ի դեմս ԲՀԿ-ի եւ մասամբ նաեւ՝ ՀԱԿ-ի: Ուստի հիմա պետք է որ այլեւս ոչինչ չխանգարեր Ս. Սարգսյանին` խոստացված ժամկետում իր դրական եզրակացությունը հայտնելու հարցում: Սակայն ինչպես երեկ հայտարարել է Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը. «Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մեր երկրի քաղաքական ուժերի հետ, եւ վաղվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Քննարկումների վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»:

Թե որն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը լրացուցիչ քննարկումների անցկացման կարիք է զգում, դժվար է միանշանակ ասել: Գուցե ներքաղաքական շոկաթերապիայի վերջին սեանսից հետո նա ցանկանում է հարցը մի որոշ ժամանակ էլ ձգձգել, որպեսզի այդ ընթացքում նաեւ ԲՀԿ-ն կարողանա վերջնականապես վերաձեւել եւ վերանայել իր դիրքորոշումը: Ի վերջո, ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էր, որ 2012 թ-ին հայտարարեց այլ ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Շուրջ երկու շաբաթ ինտենսիվորեն ընթացած այդ կոնսուլտացիաների հիմնահարցերից մեկն էլ հենց սահմանադրական փոփոխությունների հարցն էր:

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված քաղաքական ուժերի հետ քննարկումներ սկսելու պատճառներից մեկը կարող է լինել բռնաճնշումների սպառնալիքներով կուսակցություն քանդողի իմիջից ձերբազատվելու եւ քաղաքական ուժերին կոնսոլիդացնողի իմիջով հանդես գալու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունը: Ի վերջո, իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա մշտապես ցանկացել է հանդես գալ համազգային առաջնորդի դերում, եւ նրա պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ չէ, որ շրջանառվել է ազգային համաձայնության կառավարության ստեղծման գաղափարը:

Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ լրացուցիչ քննարկումների, ավելի ճիշտ` հարցի լրացուցիչ ձգձգման այս գործընթացը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով: Պարզ է, որ Ս. Սարգսյանն առանց քաղաքական կենտրոնների համաձայնության չի կարող Հայաստանում կառավարման մոդելի փոփոխություն իրագործել: Եվ հնարավոր է, որ այս հարցում դեռեւս վերջնական համաձայնեցման եւ ճշգրտումների խնդիր կա:

Ամեն դեպքում, ՀՀԿ-ականներին արդեն իսկ տրված է համապատասխան հրահանգը` տեղերում սկսել սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման գործընթացը: Իսկ թե երբ, եւ արդյոք այն կիրագործվի, հստակ կդառնա արդեն կարճ առաջիկայում:




Լրահոս