ՀՀ դեսպանը Բան Կի Մունին է հանձնել Հայոց ցեղասպանության հռչակագրի տեքստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին մարտի 11-ին ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունը, որի ժամանակ ՀՀ դեսպանը նրան է հանձնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով դեսպան Մնացականյանին` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ցուցաբերվող աջակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը Գլխավոր քարտուղարին փոխանցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը` թարգմանված ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով` նշելով, որ Հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը:

Դեսպան Մնացականյանը Գլխավոր քարտուղարին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարեւորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման եւ ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետեւողական ջանքերի ամրապնդման առումով: Դեսպան Մնացականյանը բարձր գնահատեց ցեղասպանության կանխարգելմանն ուղղված գործընթացներում ՄԱԿ-ի առանցքային դերակատարությունը` որպես համամարդկային եւ բարոյական արժեքների վրա հիմնված միջազգային կարեւորագույն նշանակություն ունեցող կառույց:

Զոհրաբ Մնացականյանը Բան Կի-Մունին տեղեկացրեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 LIVES» նախաձեռնության շրջանակներում ս/թ. մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման հնարավորությունների վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարը վերահաստատեց ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Դեսպան Մնացականյանի կողմից ընդգծվեց վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարեւորությունը, մասնավորապես` շփման գծից դիպուկահարների հետքաշման, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համանախագահների առաջարկները: Դեսպան Մնացականյանը մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ համանախագահների կողմից առաջարկվող այս միջոցները շարունակում են մերժված լինել Ադրբեջանի կողմից` ընդգծելով միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի կարեւորությունը: Այս համատեքստում անդրադարձ եղավ հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարությանը եւ դրա մեջ տեղ գտած հասցեական կոչերին:




Լրահոս