ՁԱՅՆ՝ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԱՆՏԵՍԵԼՈՒ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի քրեական աշխարհը վաղուց սերտաճել է իշխանությունների հետ եւ ընտրություններից ընտրություն այն օգտագործվում է իշխանական քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի «հաղթանակն» ապահովելու համար, վաղուց հայտնի իրողություն է: ԲՀԿ-ի «վնասազերծումից» հետո, այս կուսակցությունը թերեւս կդադարի օգտվել նախկին արտոնություններից, եւ քաղաքական դաշտում այդպիսով կմնա մեկ իշխանական քաղաքական ուժ` ՀՀԿ-ն:

Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտնի ելույթում, որով սկսեց ԲՀԿ-ի դեմ «խաչակրաց արշավանքը», միաժամանակ ասվել էր, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Այս հայտարարությունը որոշ մարդկանց մոտ, թեկուզ փոքրաթիվ, այնուամենայնիվ, հույսեր էր առաջացրել, թե իշխանության վերնախավում վերհիշել են, թե ինչ է նշանակում պետական գործիչ, եւ որոշել են ընդհանուր քաղաքական դաշտը մաքրել: Սակայն իրականությունն այն է, որ ՀՀԿ-ի վերնախավում գտնվող, տարբեր պաշտոններ զբաղեցնող քրեական դեմքերը եւ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչներն անձեռնմխելի են:
Նրանց համար, ովքեր դեռեւս փորձում են ՀՀ իշխանություններին չնույնականացնել քրեական աշխարհի հետ, անցած շաբաթ օրը եւս մեկ անակնկալ էր սպասվում: Այդ օրը ազդարարվեց, որ Գյումրիի քրեական աշխարհն է որոշում՝ ով պետք է մտնի քաղաքը, ով` ոչ: Ինչպես հայտնի է՝ մարտի 7-ին տեղի ոստիկանության լուռ աջակցությամբ Գյումրիի քրեական աշխարհի ներկայացուցիչները Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցներին թույլ չէին տվել մտնել քաղաք: Դրանից քիչ հետո լուրեր տարածվեցին, որ Գյումրին «անառիկ» պահողները եղել էին «օրենքով գող» Զապի` Անդրանիկ Սողոյանի «տղաները»: Տեղի ունեցածն անսպասելի էր այն պատճառով, որ սովորաբար իշխանությունները քրեական աշխարհին քաղաքական գործընթացներում բացահայտ ներգրավում են հատկապես ընտրությունների ժամանակ: Հենց այս զանգվածն է ամեն անգամ իշխանություններին օգնում կեղծել նախագահական եւ Աժ ընտրությունները: Իսկ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում քրեական աշխարհը, որպես կանոն, քաղաքական անցուդարձում նկատելի դերակատարություն չի ունենում: Ու թերեւս Գյումրիում տեղի ունեցածը եւս մեկ անգամ պարզաբանեց, թե ՀՀ իշխանություններն ինչու ազատ արձակեցին Չեխիայի դատարանի կողմից 22 տարվա ազատազրկման դատապարտված եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող Անդրանիկ Սողոյանին` Զապին: Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից հայտարարված հետախուզման հիման վրա կալանավորվեց անցած տարվա հոկտեմբերին, իսկ այս տարվա հունվարի վերջին ազատ արձակվեց:

Ինչո՞ւ ԱԱԾ-ն
Մի քանի օր առաջ տեղի ունեցած աղմկոտ սպանությունների փաստի առիթով հարուցված քրեական գործը, որի արդյունքում սպանվեցին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը եւ նրա երկու ընկերները, ինչպես հայտնի է՝ քննում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Բնական հարց է ծագում՝ ինչպես կարող է քրեական հեղինակության սպանությունը սպառնալ Հայաստանի անվտանգությանը, որ այդ գործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին: Իրականում այդ դեպքը պետության անվտանգությանը ոչ մի կերպ չի սպառնում, բայց Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած ՀՀԿ-ի իշխանությանը կարող է սպառնալ: Ինչպես հայտնի է՝ Երրորդմասցի Լյովիկը ԱԺ եւ նախագահական վերջին երկու ընտրություններում` 2007-ից սկսած, Շենգավիթում ընտրությունների կեղծման գործընթացը կազմակերպելու հարցում եղել է ամենաառանցքային դերակատարը: Ամենեւին պատահական չէ, որ նա սերտ կապեր է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա ընտանիքի հետ: Եթե իշխանությունները չկարողանան հայտնաբերել իրենց հովանավորյալ քրեական հեղինակության սպանողին եւ իրավիճակը թողնեն ինքնահոսի, ապա քրեական Երրորդմասցի Լյովիկի կողմնակիցներն էլ իրենց հերթին կարող են հակահարված հասցնել` տեղի ունեցածի, իրենց կարծիքով, մեղավորներին: Արդյունքում, կարող է սկսվել քրեական խմբավորումների պատերազմ, ինչի հետեւանքով էապես կարող է թուլանալ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության հենարանը: Այսինքն՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի բացահայտեն Երրորդմասցի Լյովիկի սպանությունը եւ այսքանով կանգնեցնեն քրեական աշխարհի ներկայացուցիչների միջեւ սկսված պատերազմը: Հակառակ դեպքում հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել:
Ի դեպ, ամեն անգամ ընտրությունների ժամանակ լուրեր են տարածվում, թե այս կամ այն քրեական հեղինակությունն ընդդիմության դեմ չի գործի, սակայն նման բան ո՛չ եղել է եւ ո՛չ էլ կարող է տեղի ունենալ: Եթե որեւէ քրեական հեղինակություն փորձի չենթարկվել, ապա նա նույն ակնթարթին առնվազն կկալանավորվի` նախկինում կատարած հանցանքի համար, եւ նրա տեղը կզբաղեցնի մեկ այլ քրեական հեղինակություն: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները եւ քրեական աշխարհը, մեղմ ասած, առանց մեկը մյուսի կյանք չունեն եւ երկուստեք այդ փաստը գիտակցում են: Այդ իսկ պատճառով էլ քրեական աշխարհին ապահովում են կացության համար անհրաժեշտ միջոցներով` նրանց բիզնեսներ են տալիս, դարձնում են իրենց բիզնես գործընկերը՝ տեղը ստանալով քվե, եւ այսպես շարունակ:
Աներկբա է, որ քրեական աշխարհն առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացում եւս լուրջ անելիք կունենա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԱԹՈՌԱԿՌԻՎ ՀՈՐԵՂԲՈՐ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀՀ Շիրակի մարզի Կարմրավան համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեժ պայքար է սպասվում: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ Ֆելիքս Հարությունյանը եւ ՀՀԿ-ական Մանուկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ նրանք հորեղբոր որդիներ են: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործող գյուղապետ Ֆելիքս Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, մարտի 15-ին գյուղապետի պաշտոնի համար մրցակցելու եք Ձեր ազգականի հետ:
-Այո՛: Իմ հորեղբոր որդին է:
-Գյուղում նախընտրական ի՞նչ մթնոլորտ է: Լարվածություն կա՞:
-Դե, ժողովրդի ըսելով, կողքից նայելով՝ հա, լարվածություն կա: Ես չէի նկատել, բայց օր օրի, երբ մոտենում է ընտրությունների, այնքան լարվածությունը մեծանում է:
-Ձեր անհաշտությունն ընտրությունների հե՞տ է կապված:
-Չէ, անձնական խնդիրներ ունենք, ընտրությունների հետ կապված չեն: Ես գյուղապետ եմ, ինքն էլ՝ գյուղի բնակիչ, երկար ժամանակ հողի հարկերը չէր վճարում, ու այդ պատճառով վիճեցինք: Հիմի ինքը կուզե իմ ինադու գյուղապետ դառնալ:
-Իսկ գյուղացիներն ի՞նչ են խոսում: Ձեզ կընտրե՞ն:
-Գյուղի կեսն իրեն կընտրի, կեսն էլ՝ ինձ: Բայց ընտրությունների օրը պարզ կդառնա: Նա ծրագիր չունի: Կոնկրետ չի ըսում՝ դու էս մի բանը չես էրել, ես գամ, էնեմ: Զուտ պրինցիպն է, թասիբի ընկած ասում է՝ ես պետք է ընտրվեմ:
-Ազգականնե՞րն էլ են երկու մասի բաժանվել:
-Բնականաբար: Ես միշտ իրեն աջակցել եմ, ոչ մի անգամ չեմ խանգարել, իրեն էսքան ժամանակ նեղեցրած չկամ: Հիմնական մեր միջի խնդիրը հողի հարկերն են: Ինքը չի տալիս, իսկ ես էլ դիմում եմ մարզպետարանի կրթության վարչություն, ու այդտեղից սկսվում է լարվածությունը:
-Ինչո՞ւ հենց այդ վարչություն:
-Նրա կինը գյուղի դպրոցի տնօրենն է, ազդող լծակ է, որը փորձել եմ օգտագործել:
-Ձեր ազգականն առաջի՞ն անգամ է առաջադրում իր թեկնածությունը:
-Այո՛: Ընտրությունների համար դարձավ ՀՀԿ-ական, որ իրեն պադերշկա էնեն: Բայց երկուսս էլ ՀՀԿ-ական ենք, ու ոչ մեկն էլ մեզ չի օգնի: Մեր պադերշկեն գյուղացին է ու իր քվեն:
-Իսկ Ձեր մրցակիցը ինչպե՞ս է համոզում գյուղացիներին:
-Ինքը խանութ ունի, իսկ գյուղացիներն էլ խանութում պարտքեր ունեն: Ինքն էլ առիթից օգտվելով՝ խոստացել է, որ այդ պարտքերը հեչ կանի: Ովքեր պարտք ունեն խանութում, ինքն էլ նրանց է ճնշում, թե՝ եթե չեք ընտրելու, բերեք, պարտքը տվեք:
-Իսկ Դուք ի՞նչ եք խոստանում գյուղացիներին:
-Իմ ազնիվ աշխատանքը: Ես գյուղի համար որոշ գործեր արել եմ՝ ճանապարհ եմ վերանորոգել, ջրի պոմպեր եմ տեղադրել, հեռու տնից-տեղից, գյուղապետարանի շենքում թաղման արարողությունների համար սրահ եմ ստեղծել: Ութը տարի է՝ գյուղապետ եմ, բայց այսքան ժամանակ ոչ ոք չի իմացել, որ Կարմրավանում գյուղապետի ընտրություններ են, իսկ հիմա ամբողջ հանրապետությունն է տեղյակ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ԷԼԻ ԿՀԱՎԱՔՎԵՆ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մարտի 12-ին, ժամը 11:00-ին կրկին կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց` իրենց աշխատավարձերի մարման վերջնաժամկետների վերաբերյալ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից պատասխան պահանջելու: Երեկ առավոտյան եւս նրանք գործարանում բողոքի ակցիա էին իրականացրել, որի ժամանակ հանդիպել էին գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի հետ: Armlur.am-ին նաիրիտցիները փոխանցել են, որ որեւէ հստակ բան Սաղաթելյանը չի ասել: Միայն եւս մեկ անգամ կրկնել է, որ աշխատավարձերի վճարում տեղի կունենա, սակայն թե երբ, չի նշել:

 

ՔԱՂԱՔԸ ԿԾԱՂԿԱՊԱՏՎԻ
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած երեկվա խորհրդակցության ընթացքում բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Նա տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից կմեկնարկեն կանաչապատման հիմնական աշխատանքները: Ծաղկապատման հետ կապած էլ նշվել է, որ արդեն իսկ ներկրվել ու ծաղկաբաժակներ է տեղափոխվել 280 հազար ծաղկասածիլ, առաջիկայում կներկրվի եւս 500 հազարը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել ապրիլի 1-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների եւ ապրիլի 7-ից շատրվանների գործարկման ուղղությամբ:

 

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ: «Ժողովուրդը» եւս ցավակցում է Կարապետյանի հարազատներին եւ ընկերներին` ծանր կորստի կապակցությամբ:

 

ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը անցած ուրբաթ շրջանառության մեջ է դրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է ընդունել օրենքի անցումային դրույթների նոր խմբագրություն՝ հնարավորություն տալով 2 տարով երկարաձգել մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը: Հիշեցնենք, որ գործող օրենքով այդ լիցենզիաների գործողության ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսին: Նախագծի ընդունմամբ անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2017թ. հուլիսը:




Լրահոս