Այսօր 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1897թ. մարտի 13-ին (նոր տոմարով` մարտի 25) Կարսում:
Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։ Կարծես ամբողջ հայ գրական միտքը, հինգերորդ դարից սկսած, հասունացել էր, որպեսզի իր խոսքերից ծնունդ տար այս հանճարին։ Սա նշանակում է, որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, ծնունդ է առել հայ գրականության ընդերքից, առասպելական եղեգան փողից՝ որպես բանաստեղծության մի նոր «հուրհեր պատանեկիկ»։ Դեռ մարդիկ կան, ովքեր առասպելներ են պատմում Չարենցի մասին։ Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի։ Չարենցն իվիճակի էր ոգևորության պահերին հասնել ստեղծագործական հզոր շիկացման, նա գրում էր միանգամից, մեկ բռնկումով։ Թեև դժվար կյանք վիճակվեց նրան, բայց նա իր կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես, բարձր պահեց թե՛ գրողի, թե՛ իր մարդկային առժանապատվությունը և երբեք չխոնարհվեց ժամանակի իշխանավորների առջև։
1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին, և ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ 1915 թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը ։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում և մնում է այնտեղ մինչև 1917 թվականի գարնանը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը ։
1920-1921 թվականներին Չարենցին գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ 1922-1924 թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է, ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, « Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ» թամաշան։ 1915 թվականին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան։ 30-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։