Նախագահական նստավայր մուտք եմ գործում հիմնական մուտքից, թաքուն բաների կողմնակից չեմ. Գուրգեն Արսենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ:

«Միավորված աշխատանքային կուսակցության» (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ եւս հանդիպել է Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ մինչ այդ էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հանդիպում էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ այս անգամ քննարկելու, թե ԲՀԿ-ի «փլուզումից» հետո ինչպիսին պետք է լինեն իր քայլերը, ինչպես նաեւ՝ պարզելու, թե ինչպիսին է Ս. Սարգսյանի վերաբերմունքն իր անձի ու կուսակցության հանդեպ:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Գ. Արսենյանից պարզել, թե ներկայումս նա ինչ «փնտրտուքների» մեջ է ու արդյո՞ք քաղաքական ապաստանի խնդիր ունի:

-Պարո՛ն Արսենյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջին օրերին Դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հարցերի քննարկման համար են եղել այդ «թաքուն» հանդիպումները:

-Ընդհանրապես նախագահական նստավայր ես մուտք եմ գործում հիմնական մուտքից, ես թաքուն բաների կողմնակից չեմ: Առանձնազրույց եղել է նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքական նոր իրավիճակը եւ այն խնդիրները, որոնք որ շուտով վերաբերելու են հայեցակարգի քննարկմանը:

-Նշվում է, որ այս օրերին Դուք փորձում եք հասկանալ, թե որ «ճամբարում» շարունակեք «գործել» եւ որ հենց այս հարցն եք փորձել պարզել Սերժ Սարգսյանի հետ Ձեր առանձնազրույցի ժամանակ: Արդյո՞ք Դուք քաղաքական «ապաստան» եք փնտրում, որոշել եք հեռանա՞լ ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերից:

-Քաղաքական ապաստան փնտրելու թեորիայի հեղինակներին՝ իմ եւ ՄԱԿ-ի մասին «անհանգստացողներին», շնորհակալություն եմ հայտնում իրենց մտահոգության համար, առաջարկում եմ նաեւ մի քիչ ավելի շատ անհանգստանան իրենց հիվանդ երեւակայության համար եւ ավելի ուշադիր լինեն իրենց անձնական խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանի հետ այս հանդիպումից առաջ եղել է մի հանդիպում, ու այդ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ քննարկվել է այն հարցը, որի հետ կապված արդեն տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ մեր կուսակցության անդամների հանդիպումը: Ինչ վերաբերում է ներկուսակցական այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում ԲՀԿ-ում, լսել եք մի հայտարարություն իմ կողմից, որը վերաբերեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում տեղի ունեցող պրոցեսներին, հաստատ չեք լսել: Այսինքն՝ ես՝ որպես քաղաքական դաշնակից, պահում եմ էթիկան եւ կոռեկտությունը` սպասելով, թե այդ կուսակցության ներսում պրոցեսները երբ կավարտվեն եւ ինչ արդյունք կունենանք հետո: Համարում եմ, որ դա ամենաճիշտ կեցվածքն է: Խմբակցության հարց դեռեւս օրակարգում չկա, դեռ կուսակցության հարց կա, եթե Դուք ուշադրություն դարձնեք, ապա այդ իրադարձությունները վերաբերում են կուսակցությունից անդամների դուրս գալուն, դրանք ներկուսակցական հարցեր են, իսկ երբ հարցերը կլինեն խմբակցության վերաբերյալ, այդ հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը կասենք, որպես խմբակցության անդամ: Ամեն ինչ պետք է արվի իր հերթականությամբ:

-Մինչեւ վերջերս ԲՀԿ-ականները, ինչպես նաեւ Դուք, դեմ էիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Սերժ Սարգսյանի հետ այս հարցի քննարկումից հետո ինչպիսի՞ դիրքորոշում ունեք, արդյո՞ք Ձեր դիրքորոշումը փոխվել է:

-Սահմանադրական բարեփոխումների հետ կապված կա ընդամենը հայեցակարգ, մանրամասներ դեռեւս չկան, մանրամասները կլինեն, երբ հայեցակարգը կհանվի քննարկման: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել մասնակցելու հանրային քննարկմանը` որպես երկրի քաղաքական օրակարգում կարեւորագույն հարցերից մեկը, որից հետո կգա դիրքորոշում հայտնելու ժամանակը:

Հ. Գ. Դաշնակցականները ևս երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ: Սակայն այդ հանդիպման վերաբերյալ պաշտոնական լուսանկար չի հրապարակվել, միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում իրենց առաջակությունների մեծ մասն ընդունվել է:

«Այս պահի դրությամբ գրեթե բոլոր կետերում կա փոխադարձ ընկալում, առաջարկություններն ամբողջական իրացման ենթակա են, հայեցակարգում կա լիակատար համաձայնություն քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների եւ այլ հարցերով»,-նշել է Ա. Մինասյանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս