Ես կուսակցական մտածելակերպ չունեմ, ես Գագիկ Ծառուկյանի կողմն եմ կանգնել. Մարտուն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի հետ` պարզելու համար, թե ինչու նա, ի վերջո, որոշեց լքել ԲՀԿ շարքերը:

-Պարո՛ն Գրիգորյան, թեեւ այլեւս ԲՀԿ-ական չեք, բայց Ձեր աշխատանքները շարունակելու եք ԲՀԿ խմբակցությունում: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը, ո՞ւմ շահերն եք ներկայացնելու եւ ի՞նչ քաղաքական ուղղվածություն եք ունենալու:

-Ես ներկայացնելու եմ հատկապես Գյումրի քաղաքն ու գյումրեցու շահերը: Այն խնդիրները, որոնք կներկայացնեմ Ազգային ժողովում, վերաբերելու են Գյումրի քաղաքին, քանի որ ինձ համար այսօրվա դրությամբ առաջնային նպատակը Գյումրիի խնդիրը ներկայացնելն ու այդ խնդրին լուծում տալն է: Թե այդ խնդիրների լուծման ճանապարհին ովքեր պատրաստակամություն կհայտնեն աջակցելու` կախված է իրավիճակից: Այսինքն՝ ես պատրաստ եմ, պարզ, արդար, թափանցիկ աշխատելուն, լավին լավ ասելուն, վատին վատ ասելուն: Դա կլինի ընդդիմություն թե իշխանություն, ես ազատ եմ իմ գործողությունների մեջ: Այն ժամանակ, որպես կուսակցական, ինչ-որ տեղ կարող էր այնպես լինել, որ կուսակցական գիծը պետք է պահվեր` անկախ ամեն ինչից, բայց այս պահին ես ազատ եմ իմ գործողությունների մեջ, եթե դրական բաներ կլինեն Գյումրի քաղաքում, ես պատրաստ եմ դրան էլ արձագանքելուն, որեւէ կաշկանդվածություն չունեմ:

-Այսինքն՝ այդ կաշկանդվածությունը կլիներ, եթե Դուք շարունակեի՞ք մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում:

-Ես այդ հարցի պատասխանը բավականին հանգամանալից տվել եմ, իմ կարծիքով դրան անդրադառնալ պետք չէ: Ես նշել եմ, որ իմ անդամակցությունը կոնկրետ անձով է պայմանավորված եղել, ու ես այս պահի դրությամբ հարմար չգտա շարունակելու կուսակցությունում իմ աշխատանքը: Ես՝ որպես անկուսակցական պատգամավոր, համոզված եմ, որ այս կարգավիճակում ավելի շատ օգտակար կարող եմ լինել, քան այսօրվա վիճակում ԲՀԿ-ում մնալով, քանի որ իմ խնդիրը ոչ թե անձնականն է, այլ ժողովրդի խնդիրներին լուծում տալն է: Ես երկար մտածեցի ու հասկացա, որ այդ կարգավիճակում օգուտ չեմ կարող տալ քաղաքին:

-Փաստորեն ստացվում է, որ այն ԲՀԿ-ականները, որոնք լքել են ԲՀԿ շարքերը, ոչ թե ԲՀԿ-ի գաղափարախոսության շուրջ էին հավաքվել, այլ ընդամենը՝ Գագիկ Ծառուկյանի, համամիտ ե՞ք:

-Ես այդ տեսակետը հայտնողներից մեկն եմ եղել, ես կուսակցական մտածելակերպ չունեմ, ես անձի կողմն եմ կանգնել, ես անձին եմ սատարել, անձով պայմանավորված՝ նաեւ անձի կուսակցությանն եմ անդամագրվել, ու այն ծրագրերը, որոնք որ կային Ծառուկյանի մոտ, բնականաբար նաեւ այդ ամեն ինչը ԲՀԿ-ի ծրագրերն էին, ու հենց այդ սկզբունքով էլ աշխատել եմ: Բայց քանի որ այսօրվա դրությամբ չկա Ծառուկյանը ու այն ծրագրերը, այն գաղափարները, որոնք մենք իրար հետ՝ Գյումրի քաղաքի հետ ենք մշակել, ծրագրել, պլանավորել, իրականացրել, այսօրվա ԲՀԿ-ով, բնականաբար, ես մեր քաղաքին չէի կարողանալու օգտակար լինել:

-Դուք Ձեզ «խաբված» զգո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանի կողմից, քանի որ նման պլաններ եք կազմել միասին, իսկ «գործի կեսից» Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, հետ է կանգնել, ու կարելի է ասել՝ հրաժարվել է այդ ծրագրերն իրականացնել:

-Ես անձամբ հանդիպում ունեցել եմ պարոն Ծառուկյանի հետ, զրուցել եմ: Այն, ինչը որ կար, այն, ինչը որ տեսել եմ, այն, ինչը որ զգացել եմ, ես այդ ամենի մասին խոսել եմ Գ. Ծառուկյանի հետ: Այդ մասին ինչ-որ հարցի պատասխանելը հարմար չեմ գտնում:

-Դուք այժմ ղեկավարում եք ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն եք: Դուք հրաժարվելո՞ւ եք նաեւ այդ պաշտոններից:

-Ես այս պահի դրությամբ նախագահելու եմ հանձնաժողովը, այս պահի դրությամբ ես այդ հարցերում խնդիր չեմ տեսնում, քանի որ հանձնաժողովը բավականին լավ աշխատում է, բավականին լուրջ ծրագրեր ունենք, ակտիվ համագործակցում ենք հասարակական սեկտորի հետ: Այսինքն՝ մենք մեր աշխատանքը շատ նորմալ կատարում ենք, շատ կազմակերպված, պլանավորված, ծրագրավորված աշխատանք է գնում, ու ես մնալու եմ որպես ԲՀԿ խմբակցության անդամ, իսկ եթե ես խմբակցությունից դուրս չեմ գալիս, ինչ-որ խնդիրներ չեն առաջանում այս պահի դրությամբ: Որոշումս նաեւ պայմանավորված է հանձնաժողովում իմ ունեցած ներդրումով, ծրագրերով, մեր պլաններով, որոնք դեռ պետք է իրականացնենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս