ԴԱՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է «ՉԱՐ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր աղբյուրներից սպրդող տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանը մտադիր չէ ընկրկել եւ առաջիկայում նոր թափ է հաղորդելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ցույց են տալիս, որ սույն հիմնահարցը առաջիկայում դառնալու է Հայաստանի ներքաղաքական պայքարի առանցքը: Հաշվի առնելով նաեւ այս հանգամանքը՝ հարկ է կրկին անդրադառնալ «Հայեցկարգ» կոչված փաստաթղթին, որտեղ իշխանությունները հասարակությանը ցույց են տալիս բարեկեցության ճանապարհը:

Սարգսյանի կողմից ստեղծված այդ հանձնաժողովի՝ նախաձեռնած փոփոխությունները հիմնավորելու փաստարկներից հերթականը առնչվում է արդարադատության համակարգին եւ հասարակություն-սահմանադրություն անջրպետին:
Այսպես՝ փաստաթղթի «Ներածություն» բաժինն ավետում է, որ «սահմանադրական մակարդակում դատական իշխանության մարմինների գործառութային անհստակությունները, կառուցակարգային լուծումների ու դատավարական ընթացակարգերի անկատարությունը բացասական լուրջ ազդեցություն են ունենում հատկապես դատական իշխանության գործառութային անկախությունը երաշխավորելու գործում»: Այս պնդումը հատկապես կարեւորվում է այն համատեքստում, որ հեղինակները, թեկուզ եւ անուղղակիորեն, ընդունում են գործադիր իշխանության՝ իրական անկախություն չունենալու հանգամանքը: Այլ խնդիր է, որ «մեղքը» տվյալ պարագայում բարդվում է սահմանադրականության հիմնախնդրի վրա: Սակայն հարցը դիտարկելով մեկ այլ հարթության մեջ՝ տեսնում ենք, որ իրավական նորմերի ու ընթացակարգերի անկատարությունը բնավ էլ չեն կարող գերակշիռ ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության վրա:
Ըստ էության, սահմանադրականությունը գործնական նշանակություն ունի այնքանով, որքանով այն կիրառվում է եւ որքանով դրա տառին հետեւում է քաղաքական վերնախավը: Ի վերջո, դատավարական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելով՝ համեմատաբար արագ ու ճկուն մեխանիզմներով կարելի էր հաղթահարել այդ իրավական բացը եւ ոչ թե հենվել սահմանադրության վրա: Փաստերին անդրադառնալով՝ շեշտենեք, որ հայաստանյան դատական համակարգում ընթացակարգային առումով ամենահաճախը հանդիպող դժգոհությունը կապված է դատավորներին բացարկ հայտնելու խնդրի հետ: Այստեղ, օրինակ, իսկապես իրավական հստակեցման անհրաժեշտություն կա, թեպետ մեծ հաշվով, եւ փորձն էլ դա է ապացուցել, որ իշխանության վերնախավի ամենաթողությունը նման նորմերով անհնար է հաղթահարել: 2007թ. դատավոր Պարգեւ Օհանյանը «Ռոյալ Արմենիա» ընկերության գործով Քոչարյանին անհաճո վճիռ էր կայացրել, ինչը հանգեցրեց թե՛ այս դատավորի պաշտոնազրկությանը, թե՛ դատախազության կողմից վճռի բողոքարկմանն ու հաջորդ դատական աստիճանում ցանկալի արդյունքի արձանագրմանը: Դատավորին անկախ վճիռ կայացնելու համար պաշտոնազրկելով՝ Քոչարյանը սաստեց մյուսների հնարավոր ըմբոստությունը: Հիշենք 2008թ. մարտի 1-ից հետո ձերբակալված գործիչների դատավարությունները, երբ դատավորները, ի հեճուկս փաստաբանների հիմնավորումների, կամայականորեն հրաժարվում էին ինքնաբացարկներից եւ համատարած նույնաբովանդակ վճիռներ կայացնում:
Քաղաքական բնույթ ունեցող դատավարություններում այս խնդիրը առավել ցցուն է, մինչդեռ հասարակ քաղաքացիների ու ԶԼՄ-ների ուշադրությունից վրիպող դեպքերում դրությունն ավելի խայտառակ է: Դժվար է պատկերացնել, որ դատախազության բերած մեղադրանքը այսօրվա դատարաններում չդակվի ու չհաստատվի: Հատկանշական է, որ անգամ արտասահմանյան դիվանագետների ծիծաղն էին հարուցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի այն պնդումները, թե ընդդիմությունն ու նրա առաջնորդը նեյրոլինգվիստիկ հնարքներ են բանեցրել հանրահավաքների ընթացքում: Ի վերջո, հենց այս օրերին Գյումրիում ծավալված իրադարձությունները ոչ միայն ցույց տվեցին ՀՀ դատախազության ու մյուս իրավապահ մարմինների ահաբեկվածությունը ռուսների նկատմամբ, այլեւ կրկին ապացուցեցին վերջիններիս՝ ՀՀ քաղաքացիների հանդեպ ցուցաբերած չարությունն ու արհամարհանքը:
Եվ ահա, այսքանից հետո «Հայեցակարգում» ներառված մեկ այլ պնդման համաձայն՝ Սահմանադրության ու իրական կյանքի միջեւ առկա է անջրպետ, որը պետք է հաղթահարվի «հասարակական հարաբերությունների սահմանադրականացման ճանապարհով»: Հեղինակները վստահ են, որ «սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարումն է կայուն զարգացման երաշխիքը»: Ավելին՝ «սահմանադրական մակարդակով պետք է կարեւորվի անձի սոցիալական վարքագծի, ինչպես նաեւ իշխանության քաղաքական ու հանրային վարքագծի սահմանադրականացումը, եւ երկուսի հիմքում պետք է ընկած լինի իրավունքի գերակայության սկզբունքը»: Պարզապես անհնար է հակաճառել վերը նշված պնդման հետ, քանզի հասարակական ու քաղաքական գործընթացների սահմանադրականացման եւ Սահմանադրության գործոնը այդ համատեքստում իմպերատիվ դարձնելու գործողություններն են ապահովելու մեր պետության զարգացման կայուն երաշիքը: Նման ճանապարհով են անցել, 17-րդ դարից սկսած, անգլիացիները, 18-րդ դարից՝ ամերիկացիները եւ ֆրանսիական Մեծ հեղափոխության հիմամբ ստեղծված ժողովրդավարական բոլորատեսակ ավանդույթները սերտած ու պաշտպանած ժողովուրդները: Հայաստանն էլ, ըստ այդմ, բացառություն լինել չի կարող:
Խնդիրը, սակայն, կրկին տեղափոխվում է այլ հարթություն՝ ինչպե՞ս հասկանալ սահմանադրականացման գործընթացը: Դրա միակ բանալին բացառապես Սահմանադրությունը հարգելու ու այն ամեն ինչից վեր դասելու սկզբունքն է: Իսկ վերջինս էլ ամենեւին կապված չէ թղթի վրա նշված արձանագրումներից ու հռչակագրային բնույթ ունեցող ելույթներից: Հասարակական հարաբերությունների սահմանադրականացումն, արդ, պետք է տեղի ունենա գործնական դաշտում, երբ պետության նախագահն ու մնացած բոլոր պաշտոնյաներն իրենց քայլերում հիմնվեն Սահմանադրության վրա: Ցավալիորեն, սահմանադրական այս փոփոխություններով նպատակ է դրված միմիայն պահպանելու Սերժ Սարգսյանի՝ իշխանության նկատմամբ ունեցած վերահսկողությունը: Ուստի ներպետական հարաբերությունների սահմանադրականացման մասին թեզը նվազագույնը արժեզրկում է սահմանադրական փոփոխությունների ինստիտուտը եւ ձեռնոց նետում ողջ հասարակությանը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԱՇԽԱՏՈՂ ԵՎ ԱՇԽԱՏԱՑՆՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ

Երեկ ՀՀ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կանանց տոնի առթիվ ՀՀ մարզերի համայնքների կին ղեկավարներին, ավագանու կին անդամներին, համայնքային կին ծառայողներին, հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներին պարգեւատրեց:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանի հետ, ով 1997 թվականից մինչ օրս որոշ ընդհատումներով համայնքի ղեկավար է աշխատում՝ այդ ընթացքում հասցնելով 8 երեխա ունենալ:
Նշենք, որ Մեղվահովիտը այս պահի դրությամբ ունի 270 բնակիչ: Գյուղապետի խոսքով՝ վերջին տարիներին գյուղն ուղիղ կեսով դատարկվել է: Գյուղում չկա նաեւ դպրոց ու մանկապարտեզ, Մեղվահովիտի աշակերտները գնում են հարեւան՝ Բլագոդարնոյե գյուղի դպրոց:
-Տիկի՛ն Շահբազյան, ո՞ւմ միջոցներով են աշակերտները գնում հարեւան գյուղի դպրոց:
-Դրա համար ավտոբուս ունենք, որի ծախսերը գյուղի բյուջեի հաշվին են: Մեղվահովիտի բյուջեն կազմում է 9 մլն 700 հազար դրամ: Եւ այս խղճուկ բյուջեից ես ավտոբուսի համար դեռ ծախսեր եմ անում, որը մեծ հարված է մեր բյուջեին:
-Դուք երկար տարիներ է, ինչ գյուղապետ եք, այս ընթացքում նման միջոցառումներ կազմակերպվե՞լ են:
-Այո՛, բայց դա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում էր: Իսկ նոր նախարար Արմեն Երիցյանը շատ զգոն մարդ է: Երբ նա նշանակվեց, ես շատ ուրախացա, որովհետեւ նա ե՛ւ աշխատող է, ե՛ւ աշխատեցնող նախարար:
-Որպես կին՝ դժվա՞ր է Ձեզ համար համայնք ղեկավարել:
-Գյուղը վերաբնակեցված է: Դժվարը սկիզբն էր, կարելի է ասել, որ այդ գյուղն իմ աչքի առաջ է կայացել, իսկ հիմա ես այդ գյուղի հետ ձուլվել եմ: Միայն սոցիալական հարցերն են, որոնք ճնշում են բնակիչներին: Իսկ նախարարը խոստացել է դրանք լսել: Ես դեռեւս նախկին նախարար Արմեն Գեւորգյանին հրավիրել էի գյուղ, եւ նա եկավ ու խոստացավ, որ կօգնի գյուղին, բայց եղավ այն, ինչ եղավ. ոչ մի բան չեղավ գյուղի համար: Հիմա տեսնենք, թե նոր նախարարն ինչ կանի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՑԻՆ
Մարտի 10-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Հովք գյուղում կայացավ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի նախկին զինծառայող Արթուր Աֆյանի հուղարկավորությունը: Նրա մայրն ու եղբայրը՝ Արկադին, ովքեր Հովքում են բնակվում, ցանկացել են, որ Արթուրը հայրենի գյուղում հուղարկավորվի: Հիշեցնենք, որ 26-ամյա Ա. Աֆյանը անհետ կորել էր փետրվարի 21-ին: Մարտի 8-ին հայտնաբերվել էր նրա մարմինը՝ կախված վիճակում: Հովքի գյուղապետ Գրիգոր Գեւորգյանից տեղեկացանք, որ Ա. Աֆյանի դիակը Շիրակի մարզից Հովք է տեղափոխվել ռուսական ռազմաբազայի հրամանատարության միջոցով: Արթուրի հոգեհացի ծախսերը հոգացել է զորամասը, որոշակի աջակցություն է ցուցաբերել Հովքի գյուղապետարանը: Գյուղապետից տեղեկացանք, որ հուղարկավորության արարողությանը չի մասնակցել Ա. Աֆյանի կինը, սակայն ներկա են եղել Արթուրի աները եւ երկու քենակալները՝ իրենց տիկնանց հետ: Գ. Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի հավատում, թե կենսախինդ Արթուրը կարող էր պարտքերի պատճառով ինքնասպան լինել: Նրա խոսքով` Աֆյանի ունեցած պարտքերի չափը 15.000 դոլար էր, եւ նա դժվար թե այդպիսի գումարի համար կյանքին վերջ տար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԷԼ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԻ
Երեկ ՌԴ նախագահ Վ.Պուտինը ստորագրել է ՌԴ եւ ՀՀ քաղաքացիների գրանցման կարգի պարզեցման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: ՌԴ-ն նման համաձայնագրեր վավերացրել էր Ղազախստանի եւ Բելառուսի հետ: Պուտինի ստորագրած օրենքը ենթադրում է մի շարք արտոնություններ հայաստանյան միգրանտների համար, որոնցից ամենակարեւորը ՌԴ-ում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին գրանցվելու պարտականությունից ազատելն է: Նշենք, որ նախկինում նրանք պետք է գրանցվեին ՌԴ պատկան կառույցներում ժամանումից սկսած՝ 30 օրվա ընթացքում: Այս նոր օրենքի հաստատումից հետո ՀՀ-ից մեկնած միգրանտները կարող են ՌԴ-ում գտնվել առանց գրանցման 90 օրից մինչեւ 180 օր, եւ Դաշնային Միգրացիոն ծառայությունը նրանց չի անհանգստացնի գրանցման մասին պահանջներով:
ՌԴ Դաշնային Միգրացիոն ծառայության «սեւ ցուցակներում» հայտնված ՀՀ հազարավոր քաղաքացիների նկատմամբ ներկայումս համաներում կիրառելու ուղղությամբ բանակցություններ չեն ընթանում: Նախորդ տարի ՀՀ եւ ՌԴ համապատասխան մարմինների բանակցությունները մարդկանց այդ ցուցակներից հանելու ուղղությամբ որոշակի արդյունք տվել են. «Յուրաքանչյուր դեպք անհատական է եւ պետք է կարգավորվի անհատական դիմումի շրջանակում: Այսինքն` քաղաքացին կարող է դիմել այն մարմնին, որն արգելել է մուտքը, որոշումը վերանայելու խնդրանքով»,-168.am-ին ասել է ՌԴ միգրացիոն ծառայության օտարերկրյա քաղաքացիների հրավերների եւ վիզաների տրամադրման բաժանմունքի պետ Նիկոլայ Բիչկովը: Հարցին, թե ՌԴ համապատասխան մարմինները չե՞ն պատրաստվում վերանայել իրավախախտումների շրջանակը, քանի որ հաճախ անհեթեթ խախտումների համար են միգրանտները հայտնվում «սեւ ցուցակներում», Բիչկովը պատասխանել է, որ այս պահին նման տեղեկություն իրեն հայտնի չէ:




Լրահոս