ՄՆՈՒՄ ԷՐ՝ ՓՈՒՉԻԿՆԵՐԻՆ ԴԱՏԵԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ երեկ սկսվեց ՀՀԿ փուչիկների պայթյունի գործով դատավարությունը: Խոսքը Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ փուչիկների պայթյունի ու հրեհի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին է: Իսկ որպես ամբաստանյալ՝ այս գործով հանդես են գալիս ոչ թե միջոցառման կազմակերպիչները՝ ՀՀԿ-ականները, այլ փուչիկները գազալիցքավորած Սերոբ Բոզոյանը:
Երեկվա դատական նիստը չսկսված ավարտվեց. պատճառը միակ ամբաստանյալի՝ Սերոբ Բոզոյանի բացակայությունն էր. դատական նիստի վերաբերյալ վերջինիս ուղարկված ծանուցումը հետ էր վերադարձվել՝ նշումով, թե Ս. Բոզոյանը նշված հասցեում չի բնակվում: Բացի այդ, դատարան չէր ներկայացել նաեւ տուժողների մեծ մասը: Ուշագրավն այն է, որ այս քրգործով անցնում է 197 մարդ, թեեւ ՀՀԿ հանրահավաքից այրվածքներով հիվանդանոց տեղափոխվածների թիվն ավելի շատ էր: Երեկ դատարան չէր եկել 118 տուժող: Պարզվեց՝ մյուս 79 տուժողի համար էլ հատկացված դատական դահլիճը փոքր էր: Արդյունքում` դատարանը հարկադրված էր տեղափոխվել ավելի ընդարձակ դահլիճ:
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանն էլ, ստեղծված իրավիճակից ելնելով, դիմեց դատարանին՝ հայտարարելով, որ այս պայմաններում հնարավոր չէ դատական նիստ անցկացնել, միջնորդեց հետաձգել դատական նիստը եւ միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին «դարի ոճրագործության միակ պատասխանատուի»՝ Ս. Բոզոյանի ու տուժողների ներկայությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ): Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու համար, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս