«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից` «Ժառանգությունը» շարունակելու է իր պայքարն ընդդիմադիր դաշտում եւ բաց է լինելու համագործակցության համար:
-Պարո՛ն Մարտիրոսյան, այն բանից հետո, երբ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին, ոչ իշխանական դաշտի ուժերը փորձում են իրենց դերակատարությունը ճշտել: Իսկ իշխանություններն էլ վստահեցնում են, որ ՀՀ-ում այլեւս ընդդիմություն գոյություն չունի կամ այն «կաղում» է: Ի՞նչ է այս օրերին անում «Ժառանգությունը», արդյո՞ք Ձեր կուսակցությունն ունի «ճանապարհային քարտեզ», որով պետք է առաջնորդվեք:
-«Ժառանգություն» կուսակցության պլանները երբեք չեն փոխվում, մենք ունենք մեր հստակ ծրագրային մոտեցումները, մեր նախընտրական հայտարարած քայլերն ու այդ քայլերի շրջանակում ենք գործում: Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանում էական փոփոխություններ լինեն, ու մենք կարողանանք այս համակարգային ճգնաժամից դուրս գալ: Բոլոր այն քայլերը, որոնք կարող են նպաստել այդ ճգնաժամից դուրս գալուն, մենք անելու ենք՝ սկսած խորհրդարանում, Երեւանի ավագանիում աշխատելուց, վերջացրած հրապարակային միջոցառումներով: Ամեն ինչ որոշվում է ըստ նպատակահարմարության ու ըստ նրա, թե տվյալ խնդրի լուծման համար տվյալ պահին որ քայլն է առավել նպաստավոր:
-Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը որեւէ ուժի հետ համագործակցելո՞ւ է, ինչպես նախկինում անում էր ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ, թե՞ այսուհետ որոշել եք առանձին պայքարել, քանի որ մյուս ուժերի հետ համագործակցությունից արդյունք չեք ստացել:
-«Ժառանգություն»-ը միշտ բաց է եղել համագործակցության համար ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե մենք կոնկրետ խնդրի վերաբերյալ ունենք միանման մոտեցում, ապա մենք համագործակցում ենք:
-Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ղեկավարելու է Նաիրա Զոհրաբյանը, շարունակելու ե՞ք ԲՀԿ-ի հետ համագործակցել, թե Դուք եւս «հավաքվել» էիք Գագիկ Ծառուկյանի շուրջ ու այժմ անիմաստ եք համարում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը:
-Անկախ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի անունից՝ մենք համագործակցում ենք, քանի որ դա անում ենք ոչ թե կուսակցությունների առաջնորդների անունների, այլ առկա խնդիրների լուծման համար: Ով փոքրիշատե քաղաքականությանը կամ քաղաքական դաշտի օրինաչափություններին տիրապետում է, նա հստակ գիտի, որ ուժեղ իշխանության օրոք է լինում ուժեղ ընդդիմություն, մինչդեռ թույլ իշխանության ժամանակ լինում է թույլ ընդդիմություն: Եթե մենք այդ քաղաքագիտական սկզբունքով ենք մոտենում, ապա պարզ է, որ եթե ընդդիմությունը թույլ է, իշխանությունը ուժեղ չի կարող լինել:
-Հիմա, ըստ Ձեզ, այսօրվա ընդդիմությունը «արժանի՞» է ՀՀ իշխանություններին:
-Ես կարծում եմ, որ Հայաստանում ե՛ւ ընդդիմությունն է թույլ, ե՛ւ իշխանությունը, բայց ընդդիմությունը` որպես հասկացություն, ուժեղ է, որովհետեւ հասարակության ճնշող մեծամասնությունն ունի ընդդիմադիր հայացքներ:
-Բայց չեք կարծում, որ ՀՀ բնակչությունն արդեն չի հավատում ընդդիմությանը: Դուք ինքներդ հիմա հիասթափված չե՞ք այն իրավիճակից, որն առկա է ՀՀ-ում, եւ որի գլխավոր մեղավորը ոչ միայն Գագիկ Ծառուկյանն է, այլ նաեւ եռյակի մնացած առաջնորդները, այդ թվում եւ` Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Պարզ է, որ մեր ակնկալած փոփոխությունները մենք մինչեւ հիմա չունենք, բայց եթե ասեմ, որ դա ինձ ոգեւորել է, այդպես չէ, այդ առումով որոշակի ցավ կա, բայց մյուս կողմից էլ սա չի նշանակում, որ պետք է թեւաթափ նստենք եւ սպասենք, թե իրեն-իրեն ամեն ինչ ստացվելու է: Պայքարն անընդհատ է, պայքարը միշտ շարունակվում է, եւ կարծում եմ, որ իսկապես հուսալքության տարրեր կան, բայց վհատվել պետք չէ ու պետք է առաջ շարժվել: Բոլորս էլ որոշակի մտահոգություններ ունենք, բայց դա առաջին անգամը չէ: Քանի որ մեր գործունեությունը բացառապես քաղաքական դաշտում է, ուստի մենք աշխատում ենք մեր քաղաքական օրակարգի ուղղությամբ:
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ԼՂՀ ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԻՆ
ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջնորդելու է ԼՂՀ ընդդիմությանը, իրականությանը չեն համապատասխանում: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը օրերս հեռախոսազրույց է ունեցել Ս. Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է:
-Պարո՛ն Թովմասյան, ԼՂՀ-ում արդեն մեկնարկել են մայիսի 3-ին կայանալիք ԱԺ ընտրությունների առաջադրումները: «Ազատ հայրենիք» կուսակցությունն արդեն իր թեկնածուներին առաջադրե՞լ է մեծամասնական եւ համամասնական ցուցակներով:
-Դեռեւս ցուցակը չունենք պատրաստ, դա պարզ կլինի վերջին օրերին: Մի բան նշեմ, ֆրանսիացի հայտնի քաղաքագետ Մորիս Դյուվերժն ավելի շատ ուշադրություն է դարձրել ժամանակակից կուսակցություններին, այսինքն՝ նա ժամանակակից կուսակցություններ է համարել տվյալ պետությունում ստեղծված այն կուսակցությունները, որոնք բռնել են ժողովրդավարության ուղին: Ըստ քաղաքագետի՝ ամեն մի կուսակցություն ցանկացած համապետական ընտրություններից առաջ, եթե ուզում է, որ հաջողություն ունենա, թարմացումներ է կատարում ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական ընտրակարգով:
-Այսինքն՝ հիմա Ձեր կուսակցության շարքերում «թարմացումնե՞ր» են կատարվում:
-Այո՛, հիմա այդ պրոցեսն է ընթանում, ինչի համար էլ մենք դեռեւս կոնկրետ ցուցակ չենք ներկայացրել: Մեր կուսակցության ներսում նոր մարդիկ են ինտեգրվում: Դա միայն ԼՂՀ-ում չէ, դա երեւում է նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում: Մենք չպետք է առաջադրենք այն մարդկանց, որոնցից ժողովուրդը հոգնել է, պետք է լավ մարդիկ լինեն, լավ աշխատողներ լինեն:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԼՂՀ իշխանությունները մտահոգված են այն բանից, որ խորհրդարանական ընտրություններին որոշել է իր մասնակցությունն ունենալ նաեւ ԼՂՀ ՊՆ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը, որն այժմ բնակվում է Մոսկվայում: Նշվում է, որ Ս. Բաբայանը մտադիր է դառնալ ԼՂՀ ընդդիմության առաջնորդը: Արդյո՞ք այդ ամենն անհանգստացնում է ԼՂՀ իշխանություններին:
-Ես ուրեմն Ձեզ մի բան ասեմ, սա ոչ թե իմ անձնական կարծիքն է կամ համոզմունքն է, այլ հստակ ինֆորմացիա է՝ Սամվել Բաբայանը չի գլխավորելու ԼՂՀ ընդդիմությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
-Իսկ ո՞րն է Ձեր նշած հստակ ինֆորմացիայի աղբյուրը:
-Ես հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Բաբայանի հետ: Ինքը, «Ժողովուրդ»-ին տված իմ վերջին հարցազրույցի հետ կապված, ցանկացել է պարզաբանում ստանալ, որի ժամանակ էլ նշել է, որ ինքը նման հայտարարությամբ երբեք հանդես չի եկել, իր անունից են նման հայտարարություններ արել: Ու ինքը նշեց, որ չի ցանկանում առաջնորդել ընդդիմությունը: Հարցեր կան հարցազրույցում, որտեղ ինքը համամիտ չի ինձ հետ, մենք խոսել ու հասկացել ենք: Իսկ մնացած հարցերը, խնդրում եմ, իրեն ուղղեք: Ի դեպ, նշեմ, որ ես «Դաշինք» կուսակցության անդամ չեմ եղել, այս ընթացքում թյուրիմացաբար տարբեր տեղեկություններ են տարածվում այդ մասին, ու հիմա, խնդրում եմ, նշեք, որ ես այդ կուսակցության անդամ չեմ եղել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԶՈՒԳԱՀԵՌ ՔՆՆՈՒՄ ԵՆ
Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել` պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում: Բանն այն է, որ եթե այս դեպքը չբացահայտվի, ապա այն անպայման շարունակություն կունենա, եւ հետագա արյունահեղություններն անխուսափելի կլինեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի ընկերները միջադեպից հետո Հայաստանում շրջում են զրահապատ ավտոմեքենաներով: Մասնավորապես, քրեական հեղինակություն Տույը` Արթուր Ղազարյանը, օրերս զրահապատ ավտոմեքենա է ձեռք բերել եւ դրանով է շրջում:
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
2013թ. ապրիլի 2-ին սպանվեց Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Դեպքից անցել է շուրջ 2 տարի, սակայն մինչ օրս գյուղապետի սպանությունը բացահայտված չէ: Պաշտոնապես գործով քննությունը շարունակվում է, սակայն այն փաստը, որ ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ մեղադրյալներ կան, արդեն իսկ վկայում է այն մասին, որ գործն այդպես էլ չի բացահայտվի: Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել էր Պռոշյան համայնքի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որին հետագայում ազատ արձակեցին: Նա ի սկզբանե պնդում էր, որ սպանության հետ կապ չունի` բերելով ապացույցներ, որ սպանության պահին չէր կարող տարածքում լինել:
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ
«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության «Երեւան» մասնաճյուղի գործունեությունը դադարեցվել է: Այս մասնաճյուղը գտնվում էր Մարշալ Բաղրամյան պողոտայի 68 շենքում: Այն դադարեցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի մարտի 4-ի որոշումով եւ մասնաճյուղը հանվել է գրանցումից: «Երեւան» մասնաճյուղի փակման մասով «Ֆինքա»-ի պաշտոնական կայքէջում նշված էր, որ հաճախորդների համար ավելի հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով այն փակվել է, եւ դրա փոխարեն բացվել «Կոմիտաս» մասնաճյուղը:
ՄՐՑՈՒՅԹ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթ է հայտարարել: Ըստ այդմ, մրցույթը կանցկացվի մայիսի 14-ին, իսկ դրան մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է սահմանվել ապրիլի 15-ը: Հիշեցնենք, որ այս մանկատան տնօրենն էր Արշալույս Հարությունյանը, որը դեռեւս 2013 թվականին երեխայի առքուվաճառք կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել: Սակայն որոշ ժամանակ անց նրա մասով տեղեկությունները հերքվեցին, եւ երեխայի առքուվաճառք կազմակերպելու կասկածանքով ձերբակալվեցին Լոռու մարզպետարանի մի քանի աշխատակիցներ: