ԱՇՈՏՅԱՆԸ ԿՆԵՐԻ՞ ՍԵՔՍ-ՍԿԱՆԴԱԼԻ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾ ՌԵԿՏՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) շուրջ բորբոքված կրքերը նոր երանգներ են ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված բուհում ավելի քան մեկ ամիս տեւած ԿԳՆ-ի կողմից իրականացվող աուդիտն արդեն ավարտվել է, սակայն ԿԳՆ-ն դեռ չի շտապում հրապարակել աուդիտի արդյունքները:

Սեքս-սկանդալի սկիզբը
Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին համացանցում հայտնվել էր պոլիտեխնիկի ռեկտորի ԺՊ Հովհաննես Թոքմաջյանի եւ բուհի միջբուհական համագործակցության եւ տեղեկատվության վարչության պետ Ռուզաննա Հայրապետյանի ֆեյսբուքյան նամակագրությունը, որի միջոցով բացահայտվեց Թոքմաջյանի սիրային կապը: Ռեկտորի էջը դեռ սեպտեմբերի 5-ին կոտրել էին, Թոքմաջյանն աշխատանքային համակարգչից ֆեյսբուքյան էջ մտնել չի կարողացել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ կիբերհանցագործները կոտրել էին գաղտնաբառը եւ կեղծ նամակագրությունն ուղարկել լրատվամիջոցներին, ինչից հետո պոլիտեխնիկի ղեկավարությունը դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ «հանցագործությունը» բացահայտելու համար: Իսկ աղմկահարույց երկխոսությունը հրապարակվել էր էջը կոտրելուց մի քանի ժամ անց: Տեղեկացնենք, որ համացանցում հայտնված նամակագրությունը լի էր գռեհիկ բառապաշարով, ինտիմ զրույցներով: Այդ երկխոսության ընթացքում ակնարկ կա նաեւ մեկ այլ աշխատակցուհու հետ ռեկտորի ունեցած սիրային կապի մասին: Հիշեցնենք, որ Թոքմաջյանը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է:

Սեքս-սկանդալի արդյունքները
Այս դեպքից հետո համալսարանի դասախոս, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության արդեն նախկին պետ Վլադիմիր Խոեցյանն ազատվեց աշխատանքից: Թեեւ համալսարանի տնօրինությունը պնդում էր, որ նշված քաղաքացիների՝ աշխատանքից ազատվելն ընդհանրապես կապ չունի ֆեյսբուքյան նամակագրության հետ, այնուամենայնիվ, նշենք, որ այս պատմության հիմնական կասկածյալը հենց Խոեցյանն էր: Նրան կասկածում են կիբեռհանցագործության մեջ: Սակայն պաշտոնապես Վլադիմիր Խոեցյանին աշխատանքից ազատել են ոչ թե այս կասկածների, այլ աշխատանքից բացակայելու երկու նկատողությունների հիման վրա: Իսկ, ահա, վերջինս շարունակում է պնդել, որ աշխատանքի չի եկել, քանի որ Հովհաննես Թոքմաջյանի վիրտուալ սկանդալի գործով իրեն ոստիկանություն էին կանչել: Տեղեկացնենք նաեւ՝ նույն օրերին պաշտոնից հեռացվել էր նաեւ Խոեցյանի մորեղբայրը՝ Աշոտ Խաչատրյանը:

«Մուրադը կատաղեց»
Նշենք, որ բացի ննջարանային մանրամասնություններից՝ ռեկտորի եւ նրա աշխատակցի ֆեյսբուքյան նամակագրության մեջ տեղ էին գտել նաեւ գռեհիկ արտահայտություններ` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հասցեին: Բնականաբար, այն առաջացրել էր Աշոտյանի զայրույթը, եւ նա հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործեց՝ ռեկտորին ճնշելու համար: Ու այդ ճնշումը նա կիրառեց նաեւ պոլիտեխնիկի ուսխորհուրդի միջոցով: Ինչից հետո սկսվեց ուսխորհուրդի նախագահ Գոռ Վարդանյանի եւ ռեկտոր Թոքմաջյանի հակամարտությունը: Այսպիսով՝ ուսանողական խորհրդի նախագահ, ասպիրանտ Գոռ Վարդանյանի պնդմամբ՝ բուհի ղեկավարությունը փորձում է իր ձեռքը վերցնել ուսանողական կառույցի ղեկավարումը: Նա հայտնեց, թե էլեկտրոնային նամակ է ստացել այն մասին, որ բուհի իրավաբանական վարչությունը ուսխորհրդի կանոնակարգ է մշակում: Եւ ուսանողների փաստարկները, թե իրենց կառույցը ինքնավար մարմին է, չեն ընդունվել: Եւ Թոքմաջյանից վիրավորված նախարարը կանգնեց ուսանողների կողքին եւ այդպիսի բովանդակությամբ պատասխան ուղարկեց բուհ: Ու եթե Թոքմաջյանին չհաջողվի այս պատմությունն իր օգտին լուծել, ապա այլեւս չի կարող հույս ունենալ, որ կընտրվի ռեկտորի պաշտոնում:

Ու սկսվեց աուդիտը
Պաշտոնական տվյալներով՝ ԿԳՆ-ն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան-հիմնադրամի գիտական եւ ուսանողական խորհուրդներից ստացված համապատասխան գրությունների հիման վրա պոլիտեխնիկում աուդիտ սկսեց: Առաջին աուդիտին հաջորդեց երկրորդը: Նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրեցին խնդիրը: Սա եւս մեկ անգամ փաստեց, որ Աշոտյանը խիստ զայրացած է ռեկտորի վրա:

Կների՞ Աշոտյանը, թե՞ ոչ
Երեկ «Ժողովուրդ»-ը ԿԳՆ-ից տեղեկացավ, որ ավելի քան մեկ ամիս տեւած աուդիտներն արդեն ավարտվել են, իսկ արդյունքների մասին տեղեկությունն անհրաժեշտության դեպքում կհրապարակվի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ ԿԳՆ-ն դեռ չի շտապում հրապարակել աուդիտների արդյունքները: Եւ հիմա դեռ անհայտ է՝ Աշոտյանն ի վերջո կների՞ Թոքմաջյանին՝ իրեն «քաչալ» անվանելու համար, թե ոչ: Մյուս կողմից էլ Թոքմաջյանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի կանխի իր պաշտոնաթողությունը: Մեզ լուրեր հասան, որ այս ընթացքում Թոքմաջյանը ծանոթ-հարազատ է փնտրում, որպեսզի միջամտեն եւ Աշոտյանին համոզեն, որպեսզի վերջինս իրեն ների: Թոքմաջյանը դիմել է նաեւ Արցախի իշխանություններին, որոնց հետ նա ջերմ հարաբերություններ ունի: Հիմա անհայտ է՝ Թոքմաջյանն այսքանից հետո կներվի՞ Աշոտյանի կողմից եւ կշարունակի՞ մնալ ռեկտորի պաշտոնին, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՆ ԷԼ ԿԹԱՆԿԱՆԱՆ

Շուրջ մեկ ամիս է, ինչ ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում մանկապարտեզների վարձավճարները թանկանալու են, քանի որ ամեն ինչ, այդ թվում եւ սնունդը, թանկացել է:

Արդարացված է արդյոք ծնողների մտավախությունը, փորձեցինք պարզել Սեւանում, Հրազդանում եւ Գյումրիում կատարած հարցախույզի միջոցով: «Արդեն մի քանի շաբաթ է՝ ականջիս լուրեր են հասնում, որ մանկապարտեզի վճարը բարձրացնելու են, նախկին 4000 դրամը դարձնելու են 7000: Ասողներն էլ ներսի աշխատողներն են, հաստատ մի բան գիտեն: Եթե այդպես լինի, բալիկիս մանկապարտեզից կհանեմ»,- մեզ հետ զրույցում նեղսրտած ասաց Հրազդանի թիվ 12 «Զատիկ» մանկապարտեզի սաների ծնողներից մեկը՝ չցանկանալով ներկայանալ:
Մինչդեռ Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անահիտ Նազարյանը շտապեց հանգստացնել՝ ասելով, որ քաղաքի 13 գործող մանկապարտեզներից ոչ մեկում թանկացում չի սպասվում:
Սեւան քաղաքում նույնպես ծնողների շրջանում լուրեր են պտտվում, թե նախկին 5000 դրամի փոխարեն այսուհետ վճարելու են 7000: Ծնողներից մեկն ասաց. «Ես երկու երեխա եմ պարտեզ տալիս, ամսական 10.000-ը կա ու կա, էլ չեմ ասում մանր-մունր բաները, որոնք ամսվա մեջ ստիպված ենք գնել, հենց թանկացրին, երկուսին էլ հանում եմ»: Ի դեպ, հենց այս ծնողից էլ տեղեկացանք, որ Սեւանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզում վարձավճարն արդեն իսկ 7000 դրամ է:
Սական Սեւանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սվետլանա Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ այս պահի դրությամբ որեւէ մանկապարտեզի վարձավճար չի բարձրացել, այնուամենայնիվ, բաժնի պետը չհերքեց, որ սննդի թանկացման պատճառով մանկապարտեզների տնօրենների կողմից վարձավճարները բարձրացնելու առաջարկներ եղել են, որոնք, սակայն, դեռեւս ուսումնասիրման փուլում են: Ինչ վերաբերում է «Գալիք» մսուր-մանկապարտեզում 7000 դրամ վարձավճարին, ապա ըստ Ս. Ներսիսյանի՝ Սեւանի ավագանին, հաշվի առնելով, որ թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը 2012թ.-ին հիմնանորոգվել է եվրոչափանիշներին համապատասխան, կահավորված է նոր եւ ժամանակակից գույքով, որոշում է կայացրել ծնողական վճարի չափը սահմանել ամսական 7000 դրամ:
Տարբերակված մոտեցում է ցուցաբերված նաեւ Գյումրիում: Քաղաքի 24 նախակրթարաններում վարձավճարները տարբեր են: Քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանի խոսքերով՝ իրենց մոտ դեռ նախորդ տարվանից մանկապարտեզների վարձավճարները, կախված շենքային եւ գույքային պայմաններից, տատանվում են նվազագույնը 5000 դրամի, առավելագույնը՝ 8000 դրամի սահմաններում: Ուստի նոր թանկացումների մասին այս դեպքում խոսելն ավելորդ է, քանի որ արդեն իսկ թանկ է:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս