Թատրոնից շահույթ պետք չէ ակնկալել. Սամվել Թոփալյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սամվել Թոփալյանը, ում հանդիսատեսն առիթ ունեցավ ճանաչել սերիալներից եւ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմից, վերջին շրջանում էկրաններից մեզ ներկայանում է որպես հաղորդավար` «Հայադարան»-ի շրջանակում, իսկ որպես դերասան նրան կարելի է տեսնել միայն բեմում: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Սամվել Թոփալյանի հետ:

-Սամվե՛լ, տեւական ժամանակ է` էկրաններին որպես դերասան չեք երեւում: Ֆիլմերից, սերիալներից առաջարկներ չե՞ն լինում, թե՞ ուրիշ պատճառ կա:

-Առաջարկներ, որպես այդպիսին, չեն լինում, կամ լինում են` ես չեմ ընդունում: Դրանք, բնականաբար, նվազել են, քանի որ, օրինակ, սերիալները պակասել են, այսօր, համեմատած նախորդ տարիների հետ, դրանք քիչ թիվ են կազմում: Իսկ ինչ վերաբերում է ֆիլմերին, թերեւս պատճառն այն է, որ ռեժիսորներն ունեն իրենց համար նախատեսած դերասաններ:

samvel3

-Այսօր մի տարածված միտում կա՝ որոշ ստեղծագործական խմբեր ունեն կոնկրետ կազմ, եւ որեւէ նոր անդամի մուտքը գրեթե անհնար է: Գուցե Դուք որեւէ խմբում չե՞ք «տեղավորվում»:

-Դա նորմալ երեւույթ է, որը նախկինում էլ եղել է: Օրինակ` հիշենք Հենրիկ Մալյանի եւ Մհեր Մկրտչյանի մշտական համագործակցությունը: Սակայն ես խոսում եմ մի բանի մասին, որը բացարձակ կապ չունի այսօրվա իրականության հետ (ծիծաղում է): Այդ մարդիկ արվեստի խնդիրներ էին լուծում, ոչ թե ճանաչվածության կամ բիզնեսի: Նման «խմբավորումներում» չեմ տեղավորվում, երեւի իմ տեսակից է:

samvel topalyan2

-Հայկական ֆիլմերին այսօր ի՞նչն է պակասում, որ երբեմն չեք համաձայնում նկարահանվել:

-Ամենավատն այն է, որ այսօր չի նկարահանվում մարդու մասին ֆիլմ, կորել է մարդը: Նրան շրջանցում ենք ու ներկայացնում բաներ, որոնք մեր իրականության հետ կապ չունեն:

-Էկրանին Ձեզ չենք տեսնում, փոխարենը հանդես եք գալիս «Գոյ»-ի եւ Հ. Մալյանի անվան թատրոններում: Միայն թատրոնում աշխատելով` ֆինանսական բացը ստացվո՞ւմ է լրացնել:

-Փորձում եմ ֆիլմերի կրկնօրինակումներ անելով լրացնել այդ բացը, եթե, իհարկե, լրացնում եմ: Բայց եկեք ծանր թեմաներից չխոսենք (ծիծաղում է): Թատրոնից երբեք էլ շահույթ ակնկալել պետք չէ: Գաղտնիք չէ, որ մեր թատրոնները պետական հովանավորչության կարիք ունեն: Ցավոք, մեզ մոտ թատրոնը՝ որպես կարեւոր օղակ, դեռւես չի ընկալվում:

samvel topalyan

-Եվ վերջում` առաջիկայում Ձեզ ի՞նչ նոր դերերում կարող ենք տեսնել:

-Չեմ սիրում դեռ չիրականացված ծրագրերից խոսել, հենց պահը գա, կտեղեկացնեմ:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները` Սամվել Թոփալյանի ֆեյսբուքյան էջից:




Լրահոս