Ախթալայի կոմբինատը խախտումներն անում ու չի պատժվում. որն է ամենաթողության պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ ստեղծված աղմուկը նոր երանգներ է ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռեւս 2013 եւ 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը այս ընկերությունում լայնածավալ ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերել է լուրջ խախտումներ, սակայն ընկերությանը ո՛չ պատժել է, ո՛չ էլ տուգանել:

Ինչո՞ւ լռեց Խաչիկյանը

Ինչպես գիտենք՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գործունեությունից դժգոհում են ոչ միայն բնապահպանական կազմակերպությունները, այլեւ հարակից համայնքների բնակիչները: Նրանց պնդմամբ՝ Ախթալայի ԼՀԿ-ի շահագործման արդյունքում տուժում է շրջակա միջավայրը, ինչի հետեւանքով մեծապես վնասվում է տեղի բնակիչների առողջությունը: Ավելին՝ երբ Ախթալայի ԼՀԿ-ի տնօրենը Սերոբ Տեր-Պողոսյանն էր, որը հետագայում մանկապղծության համար դատապարտվեց, ապա նրա կինը՝ Մադլեն Թաշչյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը ամեն ջանք գործադրում էին, որ ընկերությանն արգելվեր հումքով բեռնված մեծ մեքենաներով քաղաքի միջով երթեւեկը: Եւ նա մշտապես այս հարցի շուրջ պայքարում էր «Մեթլ Փրին» ընկերության դեմ, որի տնօրենը հենց Մադլեն Թաշչյանն էր: Իսկ հիմա, երբ Ախթալայի ԼՀԿ-ն «Մասկո Մայն» ընկերությանն է պատկանում, կարծես Խաչիկյանն ամեն ինչ մոռացել է: Այսօր արդեն այդ նույն բեռնատար մեքենաներն ազատորեն շրջում են Ախթալա քաղաքով՝ աղտոտելով օդն ու քանդելով ներքաղաքային ճանապարհը: Նոր բաժնետիրոջ՝ «Մասկո մայն»-ի հայտնվելուց հետո բոլոր դժգոհողները շատ արագ անհետացան: Նշենք, որ այս ընկերության սեփականատերն է Մաքսիմ Հակոբյանը, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից է եկել Ախթալա: Իսկ թե ինչու այժմ Խաչիկյանը չի բարձրաձայնում շրջակա միջավայրի աղտոտման մասին, անհասկանալի է: Գուցե Մաքսիմ Հակոբյանին հաջողվել է նրա սիրտը շահե՞լ:

Ի՞նչ փոխվեց Ախթալայի ԼՀԿ-ում

Մաքսիմ Հակոբյանի՝ Ախթալայի ԼՀԿ գալուց հետո ընկերության շուրջ մեծ աղմուկ ստեղծվեց: Այս անգամ էլ աշխատակիցները սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել: Նրանց պատմելով՝ ավելի քան երեք ամիս առաջ աշխատավարձերն իջեցվել են, դրա փոխարեն ԼՀԿ-ի տնօրինությունը բանավոր կերպով խոստացել է պլանի կատարման դեպքում պարգեւավճար տալ: Աշխատակիցների պնդմամբ՝ իրենք պլանը կատարել են, բայց հավելավճարներ այդպես էլ չեն ստացել: Նկատենք, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում հանքարդյունաբերության ոլորտում աշխատող քաղաքացու աշխատավարձը բարձր է, քանի որ նա իր կյանքն ու առողջությունը վտանգելով է նման վայրերում աշխատում: Սակայն մեր հանրապետությունում, ինչպես միշտ, ամեն ինչ հակառակն է: Այստեղ հանքավայրում աշխատողի աշխատավարձը ցածր է, իսկ ընկերության տնօրենինը՝ բարձր:

Բաժնետերերի առեղծվածային փոփոխությունը

Այն, թե ինչպիսի արագությամբ «Մեթլ Փրինս» ընկերությանը փոխարինեց «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ»-ը, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավելի քան չորս ամիս է, ինչ չի պատկանում «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ընկերությանը: Այժմ կոմբինատի բաժնետոմսերի 100 տոկոս բաժնետերը «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն է, որը գրանցված է Երեւանում: Այստեղ եւս մեկ հարց է ծագում՝ ինչպես է տեղի ունեցել բաժնետերերի փոփոխությունն այն դեպքում, երբ Մադլեն Թաշչյանը երկրում չէ, եւ նրան են փնտրում: Չէ որ նա է «Մեթլ Փրինս» ընկերության տնօրենը: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն` այս ընկերությունն ունի երեք բաժնետեր` Էլիչկա Հարությունյան (67 տոկոս), Լիդա Հարությունյան (8 տոկոս), Կարինե Մարության (25 տոկոս): Իսկ թե բաժնետերերի այս «արագ» փոփոխությունից պետությունն ի՞նչ ստացավ կամ ի՞նչ շահեց, դեռ հայտնի չէ: Սակայն այստեղ հարց է ծագում՝ բաժնետերերի փոփոխության ընթացքում արդյոք պահպանվեցին օրենսդրական նորմերը: Չէ՞ որ դա պետական հարստություն է, որը ժամանակավորապես տրված է ինչ-որ ՍՊԸ-ի կամ ՓԲԸ-ի: Փաստորեն, ինչպես ցանկանում են, այնպես էլ վարվում են, իսկ պետական վերահսկողությունը բացակայում է:

Խախտել ու չեն պատժվել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էներեգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը դեռեւս 2013 եւ 2014 թվականներին ստուգումներ է իրականացրել ընկերությունում: Ի դեպ, այս ստուգումները համընկել են բաժնետերերի փոփոխության ժամանակաշրջանի հետ: Տեղեկացնենք, որ բացի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից՝ նշված ընկերությունում ստուգումներ է իրականացնում նաեւ բնապահպանության նախարարությունը: «Ժողովուրդ»-ը անցկացված ստուգումների արդյունքների մասին տեղեկանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից 2014 թվականին ստուգումներ իրականացվել են «Ախթալայի ԼՀԿ»-ում:

Ստուգման արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման ոլորտի եւ պայմանագրային պարտավորությունների կատարման որոշ խախտումներ, որոնցից մի մասն արձանագրվել է նաեւ նախորդ ստուգման ժամանակ: Արձանագրված խախտումների վերաբերյալ ընկերությունը ներկայացրել է առարկություններ եւ բացատրություններ, իսկ որոշների մասով հայտնել է, որ դրանց վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները գտնվում են ընթացքում: Աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից ընկերությանը տրվել է հանձնարարական ծանուցում արձանագրված խախտումները վերացնելու համար»:

Նախարարությունից տեղեկացրին նաեւ, որ «Ախթալայի ԼՀԿ»-ն ընդգրկված է այս տարվա ընթացքում ընդերքի պետական տեսչության կողմից ստուգման ենթակա ընկերությունների ցանկում, եւ առաջիկա ստուգումների արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե որքանով են տրված հանձնարարականի ուղղությամբ ընկերության կողմից իրականացված միջոցառումները բավարար: Այսինքն՝ նախարարությունը ստուգումներ կատարել է, խախտումներ հայտնաբերել, սակայն տեղյակ չէ, ընկերությունը դրանք վերացրե՞լ է, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, փաստենք, որ այս կառույցը տվյալ ընկերությունում երկու տարի շարունակ ստուգումներ է իրականացրել, սակայն այդպես էլ ո՛չ պատժել է, ո՛չ էլ տուգանել:

Ինչ վերաբերում է բնապահպանության նախարարության ստուգումներին, ապա դրանք դեռ ընթացքի մեջ են: Թեեւ որեւէ երաշխիք չկա, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում այս կառույցը եւս նախորդի նման չի վարվի:

Այսքանով հանդերձ` ընկերությունը դեռ հանրային լսումներ է կազմակերպում՝ նոր պոչամբար կառուցելու ուղղությամբ: Ընդ որում, այն նախատեսվում է կառուցել այնպիսի հատվածում, որը, մասնագետների պնդմամբ, մեծ վտանգ է ներկայացնելու միջպետական ճանապարհի համար:

Հ.Գ. Վերոնշյալ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ Մաքսիմ Հակոբյանի հետ, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում համառորեն չէր պատասխանում մեր զանգերին, իսկ օրվա վերջում ասաց՝ վաղը զանգահարեք, եւ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս