ՈՎ Է ՏՆՕՐԻՆԵԼ ԱՄՍԱԿԱՆ 300 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզում տեղի ունեցող քրեական բնույթի միջադեպերը սովորաբար հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվում, երբ դրանց մասնակից են լինում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կամ նրա հարազատները: Ամեն միջադեպից հետո հիմնական հարցը որ ծագում է, այն է, թե իշխանությունները ինչպես եւ ինչու են հանդուրժում այդ մարդկանց: Այս մարզում ձեւավորված ֆեոդալական համակարգում, սակայն, Սուրիկ Խաչատրյանն ընդամենը երեւացող մասն է:

Սյունիքի մարզում փողի հիմնական աղբյուրն, ինչպես հայտնի է, տեղի հանքերն են: Դրանցում ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային մակարդակով լրջագույն գումարներ են շրջանառվում: Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունն է, որը, սովորաբար, տեղ է զբաղեցնում խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում, հրապարակված վերջին ցուցակում այն չորրորդն է:
Մեկ տարի առաջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում «իշխանափոխություն» տեղի ունեցավ: Տասը տարուց ավել կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Մաքսիմ Հակոբյանն ազատվեց, ինչից հետո բավական ուշագրավ փաստեր սկսեցին ի հայտ գալ: Դրանցից ամենաարտառոցը, սակայն, այդպես էլ մեծ աղմուկ չբարձրացրեց եւ, կարելի է ասել, աննկատ անցավ, չնայած, որ այն լիարժեք բացահայտում է մարզում ձեւավորված համակարգի էությունը:
Սյունիքում հեռարձակվող «Սոսի» հեռուստաընկերությունը, պարզվում է, դեռեւս անցած տարվա հուլիսի 30-ի իր լուրերի թողարկման ընթացքում մի ռեպորտաժ է ներկայացրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզելային վառելիքի գողության համակարգի բացահայտման մասին: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստն այն է, որ այդ պատմությունը մի տեսակ անտեսվել է եւ այդպես էլ հնչեղություն չի ստացել: Ինչեւէ, պարզվում է՝ կոմբինատից դեպի Քաջարան երեք խողովակ է անցկացված եղել, որով գողացվել է ավտոմեքենաներին հատկացված դիզելային վառելիքի մի մասը: Խողովակները բավական լավ քողարկված են եղել եւ հաշվի առնելով դրանց հնությունը՝ վաղուց են անցկացվել: Այդ ռեպորտաժում կոմբինատի նոր վարչական տնօրեն Վահե Հակոբյանը (Մաքսիմ Հակոբյանի որդու` Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ չշփոթել, պատահական համընկում է) պատմում է, որ այդ խողովակներով կոմբինատից գողացվել է ամսական 300 տոննա դիզելային վառելիք: Եթե այդ թիվը վերածենք գումարի, խոսքը ամսական 300 հազար դոլարի մասին է: Ենթադրվում է, որ այդ վառելիքը հետագայում նորից վաճառվել է կոմբինատին, քանի որ նման ծավալի գողոնն այլ կերպ դժվար կլիներ իրացնել:
Նույնիսկ «ուչաստկովիի» համար էլ պարզ է, որ այդպիսի ծավալի դիզելային վառելիքը ԶՊՄ կոմբինատից չէր կարող «անհետանալ» առանց այդ հիմնարկի նախկին տնօրինության եւ անվտանգության ծառայության գիտության: Եվ առաջին հայացքից կարող է թվալ, որ վառելիքը հենց նախկին տնօրինությունն է գողացել ու այդպես արհեստական ուռճացրել է կոմբինատի ծախսերը՝ ըստ այդմ նվազեցնելով բաժնետերերի շահույթը: Այլ կերպ ասած՝ այս սխեմայի վերջնահաշվարկում տուժողները եղել են կոմբինատի սեփականատերերը: Մաքսիմ Հակոբյանը եւս ԶՊՄ կոմբինատի բաժնետեր է, նրա մասնաբաժինը կազմում է 12,5 տոկոս: Սակայն, եթե այդ համակարգի տերը միայն ԶՊՄ կոմբինատի այն ժամանակվա տնօրինությունը եղած լիներ, ապա այն շատ շուտ կարող էր բացահայտվել, քանի որ մարզի իրավապահները, մասնավորապես տեղի ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն, նման համակարգի գործունեությունը, այն էլ ամիսներ եւ տարիներ շարունակ, չէին կարող չնկատել: Իսկ քանի որ դա տեղի չի ունեցել, մնում է ենթադրել, որ մարզի իրավապահները եւս այդ գործում պետք է «փայ» ունենային: Բայց այդ դեպքում գումարը կմասնատվեր եւ այն կոմբինատի տնօրինության համար կդառնար անիմաստ: Առավել իրատեսական է այն տարբերակը, որ վառելիքի գողության համակարգն ի սկզբանե կառուցվել եւ գործել է մարզի իրավապահների գիտությամբ եւ հովանավորությամբ, իսկ դրա արդյունքում ստացված մոտ 300 հազար դոլար եկամուտն էլ հոսել է հենց նրանց գրպանը: Ինչը կոմբինատի այն ժամանակվա տնօրինությանը կարող էր ձեռնտու լինել, եթե նրանք ավելի մեծ գումարներ «տանելու սխեմա» են ունեցել, որի անխափան գործունեության համար անհրաժեշտ է եղել իրավապահներին վառելիքով «կերակրել»: Իսկ այն փաստը, որ ԶՊՄ կոմբինատի վառելիքի հետ կապված այս պատմությունն իրավական հետեւանք չի ստացել, քանի որ ինչպես մեզ հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեից, դեռեւս ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվելիս այդ գործի նախաքննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ մինչեւ 2014-ի հոկտեմբերը, այսինքն՝ ՀՀ քննչական կոմիտեի կազմավորումից առաջ, ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը ղեկավարում էր ներկայումս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը, որի մտերմիկ հարաբերությունը ԶՊՄ կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ բոլորին է հայտնի: Ինչեւէ, ոստիկանությունում գործի քննությունը երկու ամիս էլ չի տեւել ու կասեցվել է: Այն փաստը, որ ՀՀ ոստիկանության քննչական վարչությունը այդքան օպերատիվ ձեւով այդ գործի քննությունը կասեցրել է, եւս մեկ անգամ վկայում է, որ այս ամենի թիկունքում հենց իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած: Ի դեպ, ցանկության դեպքում այս գործը մեկ-երկու օրում կարող էր բացահայտվել:
Այս տարվա մարտի 5-ին Քաջարանում գտնվող «Քաջարան» հյուրանոցի դիմաց հրկիզվել էր «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենա: Այս դեպքի կապակցությամբ նույնիսկ քրեական գործ է հարուցվել եւ, ՀՀ քննչական կոմիտեից մեզ տված պատասխանի համաձայն, նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Ինչեւէ, Քաջարանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ավտոմեքենայի հրկիզումը եւս կապված է ԶՊՄ կոմբինատի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Բանն այն է, որ այդ ավտոմեքենան սպասարկել է կոմբինատի անվտանգության ծառայությանը, եւ տեղի ունեցածը նաեւ այդ պատճառով է նախաքննության առիթ դարձել: Ենթադրվում է, որ ինչ-որ մարդիկ կոմբինատի անվտանգության ծառայության ղեկավարությանն այդպիսով նախազգուշացրել են, որ իրենց խելոք պահեն:
Սյունիքի մարզի իշխանական բուրգը, որն իր մեջ ներառում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կլանը եւ դրա հետ սերտաճած իրավապահ համակարգը, վերջին 15 տարիներին փաստացի տեղում իր սեփական «ինքնավար հանրապետությունն» է կառուցել: Այն ինքնաբավ է, եւ դեռ մի բան էլ՝ ժամանակ առ ժամանակ «սնում» է ՀՀ ղեկավարությանը: Սակայն աղմկոտ միջադեպերը, որոնցից մի քանիսը նաեւ սպանությամբ են ավարտվել, պարբերաբար հանրության ուշադրությունը հրավիրում են Սյունիքի մարզի եւ նրա ֆեոդալների վրա: Ակնհայտ է, որ նման պատմությունները չեն դադարի, քանի դեռ այս մարզում «իշխանափոխություն» տեղի չի ունեցել: Նման հեռանկարը տեսանելի ապագայում կարելի է բացառել, որովհետեւ Սյունիքի ֆեոդալները նույն այն մարդիկ են, ովքեր համապետական ընտրությունների ժամանակ կեղծում են ընտրությունները` Հայաստանի իշխանությունների պաշտոնավարումը ապահովելու համար: Այլ կերպ ասած՝ անիմաստ է հույսեր տածել, թե ներկա իշխանությունները կարող են Սյունիքում իրավիճակը փոխել:
Հ.Գ. Վառելիքի գողության այս պատմության հետ կապված փորձեցինք Մաքսիմ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԸ ՑՈԳՈԼԻ՞Ց ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ
Մոտ օրերս ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի մոտ 11 սաներ հոսպիտալացվել էին: Այս պահին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն կենտրոնում բուժվում է երեք երեխա: «Ժողովուրդ»-ը գյուղապետ Կարեն Հովհաննիսյանից տեղեկացավ, որ երեկվանից ժամանակավորապես դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 6 երեխա: Բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն եւ ընդհանուր թուլություն: Ավելի ուշ հայտնաբերվել է եւս 5 հիվանդ երեխա: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացված 11 երեխայից երեկ առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ալաշկերտ համայնքում կանխարգելիչ աշխատանքները եւ բակային համայցերը արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանի հետ, ով փոխանցեց, որ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: «Երեխաները հավանաբար կեղտոտ են իրենց պահել եւ շփման միջոցով վարակել են նաեւ մյուսներին: Փոքրիկներին տարել են հիվանդանոց եւ պարզվել է, որ աղիքային ինֆեկցիա է երեխաների մոտ ախտորոշվել: Սանէպիդկայանից ներկայացուցիչներ են եկել եւ մանկապարտեզի բոլոր սաների տներով շրջել են: Բոլորին ստուգել են ու հայտարարել են, որ լավ վիճակում են: Իսկ հոսպիտալցված երեխաները մանկապարտեզի փոքր խմբի սաներն են եղել»,- ներկայացրեց գյուղապետը:
«Ժողովուրդ»-ի այն հարցին՝ հնարավո՞ր է՝ մանկապարտեզի աղտոտվածությունից երեխաները վարակված լինեն, գյուղապետը պատասխանեց. «Մեծերի խումբը չի վարակվել: Մանկապարտեզից նույնպես նմուշառումներ են վերցրել, ոչ մի աղտոտվածություն եւ սննդային թունավորում չկա: Այլ՝ աղիքային ինֆեկցիա է, որը տարածվում է շփման միջոցով: Հավանաբար իրենք իրենց տներում ցոգոլ են կերել եւ վարակվել են»: Գյուղապետի խոսքերով՝ բոլոր հնարավոր պետական կառույցներն իրենց կողմից ստուգումներ անցկացրել են: «Նույնիսկ մանկապարտեզի սառնարանում երեք օրվա հնության ճաշ է եղել, դա էլ են տարել ստուգել, պարզվել է, որ ոչ մի խնդիր չկա: Ինչ-որ մի ընտանիքից է եկել այդ վարակը»,- ենթադրեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի ավելի քան 50 երեխաներ հայտնվել էին բուժհաստատություններում: Արդյունքում պարզվեց, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ՝ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՀԻՄԱ ԷԼ ԱՆՁՐԵՎԸ…
Վերջին շրջանում Տավուշի սահմանագոտում անդորր է, Ադրբեջանին սահմանակից գյուղերը չեն գնդակոծվում: Սահմանամերձ համայնքների ղեկավարները այս իրավիճակի մասին խոսելիս ասում են` հանկարծ աչքով չտանք, նորից ազերիները չգնդակոծեն սահմանակից գյուղերն ու դաշտերը: Հարաբերական անդորրը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: Սակայն հիմա էլ Տավուշի մարզում շուրջ մեկ ամիս շարունակվող անձրեւներն են դարձել խոչընդոտ: Գյուղացիներն ամեն օր ահով են նայում երկնքին, շատերը բանկերից վերցրած վարկեր ունեն, որոնք մտադիր են փակել աշնանը ստացվելիք բերքի հասույթից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս