ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՆԱՑ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում «բաց դռների օր էր հայտարարել»: Հերթով Բաղրամյան 26 էին գնում ՀՀ-ում գործող ամենատարբեր կուսակցությունների ղեկավարները, որոնք նախկինում բավականին սուր բնորոշումներով քննադատում էին ինչպես Սարգսյանին, այնպես էլ նրա պլանները՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ:

Լուսանկարներում պարզ երեւում է, թե ինչ երանությամբ են շատ գործիչներ սեղմում Սարգսյանի ձեռքը, որ վերջապես արժանացել են նրա հետ դեմ առ դեմ հանդիպելու պատվին: Կասկած չկա, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պաշտպանելու խոստման դիմաց Սերժ Սարգսյանը հստակ ինչ-որ բաներ է խոստացել շատ կուսակցական բոսերի, թե ինչ, ապագան ցույց կտա: Բայց փաստ է, որ երեկ նախագահականը «պաշարած» կուսակցություններից որեւէ մեկի ներկայացուցիչն առաջվա սուր հնչերանգներով չքննադատեց Սարգսյանի նախաձեռնությունը սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Տպավորություն էր, թե Գագիկ Ծառուկյանն էր խանգարում Սարգսյանին՝ ՍԴ փոփոխությունները կյանքի կոչելու համար: Ու մեկ էլ ՀԱԿ-ը՝ իր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանով, որը չնայած նախկինում հրապարակած աղերսագրի՝ այդպես էլ Սերժ Սարգսյանի կողմից ուշադրության չարժանացավ՝ մնալով լուսանցքում: ՀԱԿ-ն անգամ հրավեր չի ստացել՝ Ս. Սարգսյանի հետ հանդիպելու:
Հայաստանյան կուսակցություններից միայն «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ հստակ հայտարարեց. «Ես պատրաստ եմ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել ընդամենը մեկ հարց՝ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ, ՈՐԸ ՆԱ ԶԱՎԹԵԼ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ: Այլ որեւէ հարց ես նրա հետ քննարկելու չունեմ, երբեւէ չեմ ունեցել ու չեմ էլ ունենալու»: Մնացած բոլորը կա՛մ լռում էին, քանի որ լուսանցքում էին մնացել, կա՛մ չարախնդում էին Սարգսյանի հետ հանդիպած, իրենց բառերով ասած, «ծախվածների» վրա:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն այսօր, ավելի քան երբեւէ, քաղաքական առումով ամուր է կանգնած հողի վրա: Նրա իշխանությանը դեռ լուրջ ընդդիմություն չկա: Այսօր Սերժ Սարգսյանի ընդդիմությունը ՀՀ տնտեսությունն ու սոցիալական իրավիճակն են:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԱՍՈՒՆ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր 9 խոշոր եղջերավոր անասունները գողացել են՝ 3 կով, 2 հղի երինջ, 2 ցուլ, 2 մոզի: Գյուղապետին պատկանող թվով 10 խոշոր եղջերավոր անասուններից անասնագոմ է վերադարձել միայն մեկ մոզի, որն առանձին չպահելու համար մորթել են: Գյուղապետն ասաց, որ իր կովերը շատ արժեքավոր էին, դրանցից յուրաքանչյուրը օրական մինչեւ 20 լիտր կաթ էր տալիս:
Ռ. Օհանյանը նշեց, որ իրենց գյուղն անտառի եզրին է, Աճարկուտում անասունները ոչ թե արոտի են տանում, այլ ազատ են թողնում, որպեսզի գնան արոտավայր: Ձյուն տեղալուն պես անասուններն անտառից գյուղ են վերադառնում: Աճարկուտում մոտ 10 օր առաջ ձյուն է տեղացել, սակայն անասուններն անասնագոմ չեն վերադարձել: Գյուղապետն ասաց, որ անասնագողերը հավանաբար անասուններին ձորն են իջեցրել` ավտոճանապարհի եզր, եւ ավտոմեքենայով տեղափոխել: Նա անասունների անհետանալու մասին գրավոր հայտարարություն է տվել ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն շատ քիչ հույս ունի, որ գողությունը կբացահայտվի:
Սա, ի դեպ, առաջին անգամը չէ, որ Ռաֆիկ Օհանյանին պատկանող անասունները գողանում են: 1996թ.-ին անհայտ անձինք գողացել են նրա՝ 12 գլուխ խոշոր եղջերավոր անասունը, իսկ 2007թ.՝ եւս 3 հատ անասուն: Այսպիսով` վերջին 25 տարում Ռաֆիկ Օհանյանից գողացել են 25 խոշոր եղջերավոր անասուն: «Կարելի է ասել, որ իմ աշխատավարձի գումարի չափով ինձնից գողացել են»,- դառնությամբ ասում է Ռ. Օհանյանը: Հավելենք, որ Ռ. Օհանյանը փոքրիկ, 185 բնակիչ ունեցող Աճարկուտ համայնքը ղեկավարում է 1991 թվականից:

 

Ե՞ՐԲ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՋՐԱԳԻԾԸ
Սահմանամերձ Ոսկեպարում խմելու ջրի խնդիր կա: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ասում է, որ գյուղից 9 կմ վերեւ գտնվող աղբյուրների ջուրը գյուղ տեղափոխելու դեպքում կօգտագործվի նաեւ բնակիչների կենցաղային կարիքների, նրանց տնամերձ հողամասերը ոռոգելու համար: Այդ ջրաղբյուրներից հիմնականը վայրկյանում 4 լիտր ջուր է ապահովում, եւ ջրահավաք ավազան կառուցելու դեպքում ջրի քանակը կավելանա: Տավուշի մարզպետարանը Ոսկեպարում խմելու ինքնահոս ջրագծի կառուցման հայտը ներկայացրել է ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամ: Ծրագրի արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է: Երվանդ Եգանյանը հույս ունի, որ 2015թ-ին կսկսվի ծրագրի իրականացումը: Իսկ մինչ այդ Ոսկեպարի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ՎԱՐՈՒՅԹ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցադիմումը` ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության: ՀԿ-ն պահանջում է դատարանի որոշմամբ ստիպել դատախազությանը հրապարակել ՀՀ ԳԴ Գեւորգ Կոստանյանի` ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած նամակի պատճենը, որով, ըստ դատախազության տարածած պաշտոնական տեղեկատվության, Գեւորգ Կոստանյանը խնդրել էր Վալերի Պերմյակովի գործի վարույթը փոխանցել հայկական կողմին: Դատախազության հայտարարությունից 1 օր անց` փետրվարի 4-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը, ինչը, սակայն, չէր արվել: ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել էր, որ նամակը պարունակում է նախաքննական գաղտնիք, ուստիեւ հրապարակման ենթակա չէ։




Լրահոս