ՁԵԶ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԱԿՑԻԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է «Ձեզ համար կանայք» մեկամսյա առողջապահական ակցիան, որի շրջանակում կիրականացվեն անվճար հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաեւ վիրահատական միջամտություններ: Սակայն այս ակցիայի շրջանակներում կարող են բուժօգնություն ստանալ միայն երեւանցի կանայք, ինչն էլ առաջացրել է մարզաբնակ կանանց դժգոհությունն ու վրդովմունքը:

Տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից մարտի 9-ից ապրիլի 7-ը իրականացվող «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական մեկամսյա ակցիան այս տարի ներառում է 5 ուղղություն՝ աչքի, գինեկոլոգիական հետազոտություններ եւ անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություն, ընդհանուր վիրաբուժություն, համակարգչային տոմոգրաֆիա եւ վահանաձեւ գեղձի հետազոտություններ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առողջապահական այս ակցիայից կարող են օգտվել միայն Երեւանի կին բնակիչները: Իսկ մարզերում նմանատիպ ակցիաներ չեն լինելու: Մինչդեռ նախորդ տարի այս ակցիան համապետական էր: Ստացվում է, որ գործող իշխանությունները հերթական անգամ խտրականություն են դնում մայրաքաղաքի եւ մարզերի բնակիչների միջեւ` նախապատվությունը տալով առաջիններին: Իսկ թե ով պետք է մտածի մարզում բնակվող կանանց մասին, հայտնի չէ: Մինչդեռ այս ակցիան պետությունը պետք է սկսեր հենց մարզերից, առավելեւս՝ սահմանամերձ գյուղերից, քանի որ հենց հեռավոր մարզերի բնակիչներն են, որ ապրում են առավել ծանր սոցիալական պայմաններում, եւ նմանատիպ ակցիաները նրանց համար անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու եզակի հնարավորություն կարող էին լինել:
Տեղեկացնենք, որ նախորդ տարի կանանց միամսյակի ընթացքում Երեւանում եւ մարզերում բուժօգնություն էր ստացել 45 հազար 953 կին, որից 28 հազար 896-ը՝ Երեւանում, իսկ 17 հազար 57-ը` մարզերում:
Ինչեւէ: Կարելի էր տարին մեկ անգամ կոնկրետ խոցելի խմբերի կանանց համար գոնե անվճար հետազոտվելու հնարավորություն ստեղծել: Մինչդեռ մեզանում թե՛ համապետական, թե՛ տեղական իշխանությունները գերադասում են տուրք տալ քարոզչական նպատակներին, քան իրապես թեթեւացնել հայ կանանց խնդիրները: Այս դեպքում էլ մայրաքաղաքային ակցիայի նպատակը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին որպես բարերար ներկայացնելն է: Ընդ որում, ոչ թե քաղաքապետի կամ նրա աշխատակազմի մյուս պաշտոնյաների հաշվին, այլեւ քաղաքային բյուջեի միջոցներով: Հայտնի է նաեւ, որ նման ակցիաները պետբյուջեի միջոցները մսխելու հարմար առիթ են հանդիսանում եւ պարունակում են կոռուպցիոն մեծ ռիսկեր:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր մտահագությունները կիսեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: «Դուք երբեւէ լսել եք, որ, օրինակ, Սլովակիայում կամ Ֆրանսիայում կանանց նվիրված ակցիաներ անցկացվեն: Չկա նման բան: Միայն կա կարգ՝ կանանց առողջությունն ապահովելու համար, որն այնտեղ համահավասար իրականացվում է: Հիմա, չգիտես ինչու, քաղաքապետարանի կամ ինչ-որ մեկի մտքով անցնում է ակցիա անել, որի իմաստը չես կարողանում հասկանալ: Բայց չէ որ կինն իրավունք ունի որոշակի պարբերականությամբ հաճախել կոնսուլտացիաների եւ դրանք անվճար ստանալ»,- նշեց Մկրտչյանը:
Խոսելով «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի մասին՝ նախկին նախարարը հայտարարեց, որ անթույլատրելի է նմանատիպ ակցիաների մուտքը մեր կենցաղ, առավել եւս` առողջապահական համակարգ:
«Առողջապահության կառավարումը ապակենտրոնացված է: Անվճար բան գոյություն չունի, դրա դիմաց որեւէ մեկը պետք է վճարի: Իհարկե, այս դեպքում քաղաքապետարանն է վճարելու: Մեր երկրում վաղուց ի վեր ամպագոռգոռ հայտարարություններ, օրենսդրական փոփոխություններ են կատարվում, բյուջեներում տարեցտարի ամրագրվում են ծնունդօգնությանը եւ կանանց առողջությանն ուղղվող միջոցների ավելացումներ: Եւ, իհարկե, հայտարարվում է, որ ծնունդօգնությանը, կանանց առողջությանը վերաբերող խնդիրները մեր երկրի համար գերակա ծրագրեր են եւ անվճար են: Իսկ թե այդ դեպքում այս ակցիան ի՞նչ նպատակ ունի, անհասականալի է»,- զարմացավ մեր զրուցակիցը:
Նրա պնդմամբ՝ եթե անգամ այդպիսի ակցիաներ էլ արվում են, ապա դրանք պետք է համապետական լինեն: «Բայց դրանք պետք չեն, թող հստակ գոյություն ունեցող օրենսդրության եւ կանոնակարգերի համաձայն խնդիրները լուծեն եւ բնակչության նկատմամբ իրենց պարտավորությունները կատարեն»,- նկատեց Մկրտչյանը:
«ժողովուրդ»-ը առողջապահության նախկին նախարարից հետարքրքվեց՝ արդյոք իր պաշտոնավարման շրջանում նմանատիպ ակցիաներ չեն իրականացվե՞լ, ինչին ի պատասխան՝ Ա. Մկրտչյանը խոստովանեց. «Երկրի ղեկավարությունն ականջ շոյող բաներ անում էր, Երեւանից բժիշկներ էին ուղարկում մարզեր: Բայց իմ կարծիքով, դրանք ավելի շատ պոպուլիստական քայլեր են, քան իրականում բուժօգնության իրականացում: Ավելի շատ պոպուլիզմ եմ տեսնում դրա մեջ, քան արդյունավետ միջոցառում»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ այս տարի նախարարությունը չի կազմակերպելու նմանատիպ համապետական ակցիա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս