ՉԱՐԵՆՑԻ ԵՐԿՈՒ ՆՈՐԱՀԱՅՏ ՎԱՎԵՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցագիտության ոլորտում որոնումները եւ նոր բացահայտումները երբեք չեն դադարել, դրանք այսօր էլ շարունակվում են` ի հայտ բերելով նոր շերտեր ինչպես Չարենցի ստեղծագործական հանճարից, այնպես էլ նրա կյանքի եւ գործունեության ոլորտներից: Որպես ասվածի ապացույց` Եղիշե Չարենցի ծննդյան 118-ամյակի առթիվ գրող, չարենցագետ Հովիկ Չարխչյանը «Ժողովուրդ»-ին է տրամադրել մեծ բանաստեղծի ձեռքով գրված երկու բացառիկ նորահայտ վավերագրեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ:

Առաջին փաստաթղթում կարդում ենք.
« N 910
18 փետրվար, 1921թ.
Երեւան
Ամերիկյան Կոմիտեին
Հասկելի նախկին բնակարանի ներքեւի հարկում, ուր հիմա տեղավորված է Ամերիկյան Միսիան, Լուս. Ժող.Կոմիսարիատից տարված են մի շարք նկարներ, այն է`
1.Երկանյանի «Հայ բանաստեղծ»
2….«Աշխատանք եւ հսկում»
3.Ռուբեն «Փարիզի փողոց»
4.Շարբաբչյանի «Բրիտանացի երեխա»
5….«Սուրամի բերդը»
6.Թադեւոսյանի «Հովերգական»
Քանի որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հիմնում է ժողովրդական պատկերասրահ, որի համար միանգամայն անհրաժեշտ են հիշյալ նկարները, ուստի խնդրում եմ հայտնեք մեզ, թե երբ եւ որտեղ կարող եք հանձնել հիշյալ նկարները մեր ներկայացուցիչ ընկ. Բաշինջաղյանին` տեղափոխելու համար Լուսավորության ժողովրդական կոմիսարիատ:
Արվեստի բաժնի վարիչ` Չարենց, Քարտուղար»:
Հովիկ Չարխչյանը, անդրադառնալով այս վավերագրին, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այն արժեքավոր է ոչ միայն այն պատճառով, որ գրված է Չարենցի կողմից, այլեւ ապացույցն է այն բանի, որ գրողն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման աշխատանքներին: Նա ընթերցողին առաջարկեց ուշադրությունը բեւեռել նաեւ այն փաստի վրա, որ այս գրությունը կազմվել է 1921 թվականի փետրվարի 18-ին` ճիշտ այն օրը, երբ Հայաստանում բռնկվեց Փետրվարյան խռովությունը:
Փաստաթուղթը ներկայացնելուն զուգահեռ ծանոթագրության կարգով հավելենք, որ նամակում հիշատակված Ուիլյամ Հասկելն ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ, Հայաստանում դաշնակից պետությունների գերագույն կոմիսարն է եղել:
Ինչ վերաբերում է այն արվեստագետներին, որոնց կտավները պահանջում է Չարենցը, ապա տեղեկացնենք, որ Սարգիս Երկանյանը գեղանկարիչ էր, ով 1920-ին բնակության մեկնեց Միացյալ Նահանգներ: Ցանկում հիշատակված նրա կտավներն այժմ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Իսկ բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը 1921թ. Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն էր: 1926-ին հենց Շարբաբչյանը պետք է ձեւավորեր Չարենցի «Կապկազ-թամաշան»:
Գրականագետի ներկայացրած երկրորդ բացառիկ փաստաթուղթը Չարենցի պաշտոնական նամակն է զինվորական ժողովրդական կոմիսարին: Ընդ որում, այն նմանատիպ բովանդակությամբ առաջին նամակը չէ` գրված Չարենցի կողմից: Հովիկ Չարխչյանը նշեց, որ արվեստի կոմիսար աշխատած տարիներին Չարենցը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ երիտասարդ արվեստագետների եւ մշակութային գործիչների: Նրանցից շատերն իրենց հետագա հաջողությունների համար մեծապես պարտական են Չարենցի ուշադրությանն ու մարդկային վերաբերմունքին:
Փաստաթղթում կարդում ենք.
«Զինվորական ժողովրդական կոմիսարին.
Նո. 694 ամսիս 26-ի գրությամբ խնդրել ենք ուղարկել Լուսժողկոմիսարիատի Արվեստի բաժնի տրամադրության տակ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանին, որը երաժիշտ է Երեւանի Գավհեղկոմի թատերա-երաժշտական խմբում, որպես մասնագետ թառանվագ միանգամայն անփոխարինելի է Պետական երաժշտախմբի համար, բայց չնայած դրան՝ սվոդնի զինվորական հիվանդանոցի վարչությունը, որի տրամադրության ներքո գտնվում է այժմ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանը, պատասխանել է մեզ մերժումով` առարկելով, որ հիշյալ Թարիվերդյանը հարկավոր է հիշյալ հիվանդանոցի համար: Խնդրում եմ կարգադրել` ուղարկել բաժնիս տրամադրությանը հիշյալ Թարիվերդյանին, որի փոխարեն բաժինս կարող է ուղարկել հիվանդանոցային ուրիշ թառանվագներ կամ իրեն` Թարիվերդյանին, եթե հիվանդանոցում լինեն համերգներ:
Զրկել Պետական երաժշտական խմբին միակ մասնագետ երաժշտից, նշանակում է անգործության ենթարկել մյուս երաժիշտներին եւ այսպիսով կասեցնել այն փոքրիկ գեղարվեստական գործը, որ կատարվում է խորհրդային Մայրաքաղաքի բանվորական թատրոնում:
Արվեստի բաժնի վարիչ` Չարենց
N802
2./.6. 1921»:
Մարտի 13-ը մեծ գրողի ծննդյան օրն է, եւ սա նրան նորովի բացահայտելու, Չարենց մարդուն, գործչին ճանաչելու եւս մեկ առիթ է:

 

 

 

 

«ՆՄԱՆ «ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ» ՉԵՄ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ»

Դերասան Սամվել Թոփալյանը, ում հանդիսատեսն առիթ ունեցավ ճանաչել սերիալներից եւ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմից, վերջին շրջանում էկրաններից մեզ ներկայանում է որպես հաղորդավար` «Հայադարան»-ի շրջանակում, իսկ որպես դերասան նրան կարելի է տեսնել միայն բեմում: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Սամվել Թոփալյանի հետ:

-Սամվե՛լ, տեւական ժամանակ է` էկրաններին որպես դերասան չեք երեւում: Ֆիլմերից, սերիալներից առաջարկներ չե՞ն լինում, թե՞ ուրիշ պատճառ կա:
-Առաջարկներ, որպես այդպիսին, չեն լինում, կամ լինում են` ես չեմ ընդունում: Դրանք, բնականաբար, նվազել են, քանի որ, օրինակ, սերիալները պակասել են, այսօր, համեմատած նախորդ տարիների հետ, դրանք քիչ թիվ են կազմում: Իսկ ինչ վերաբերում է ֆիլմերին, թերեւս պատճառն այն է, որ ռեժիսորներն ունեն իրենց համար նախատեսած դերասաններ:
-Այսօր մի տարածված միտում կա՝ որոշ ստեղծագործական խմբեր ունեն կոնկրետ կազմ, եւ որեւէ նոր անդամի մուտքը գրեթե անհնար է: Գուցե Դուք որեւէ խմբում չե՞ք «տեղավորվում»:
-Դա նորմալ երեւույթ է, որը նախկինում էլ եղել է: Օրինակ` հիշենք Հենրիկ Մալյանի եւ Մհեր Մկրտչյանի մշտական համագործակցությունը: Սակայն ես խոսում եմ մի բանի մասին, որը բացարձակ կապ չունի այսօրվա իրականության հետ (ծիծաղում է): Այդ մարդիկ արվեստի խնդիրներ էին լուծում, ոչ թե ճանաչվածության կամ բիզնեսի: Նման «խմբավորումներում» չեմ տեղավորվում, երեւի իմ տեսակից է:
-Հայկական ֆիլմերին այսօր ի՞նչն է պակասում, որ երբեմն չեք համաձայնում նկարահանվել:
-Ամենավատն այն է, որ այսօր չի նկարահանվում մարդու մասին ֆիլմ, կորել է մարդը: Նրան շրջանցում ենք ու ներկայացնում բաներ, որոնք մեր իրականության հետ կապ չունեն:
-Էկրանին Ձեզ չենք տեսնում, փոխարենը հանդես եք գալիս «Գոյ»-ի եւ Հ. Մալյանի անվան թատրոններում: Միայն թատրոնում աշխատելով` ֆինանսական բացը ստացվո՞ւմ է լրացնել:
-Փորձում եմ ֆիլմերի կրկնօրինակումներ անելով լրացնել այդ բացը, եթե, իհարկե, լրացնում եմ: Բայց եկեք ծանր թեմաներից չխոսենք (ծիծաղում է): Թատրոնից երբեք էլ շահույթ ակնկալել պետք չէ: Գաղտնիք չէ, որ մեր թատրոնները պետական հովանավորչության կարիք ունեն: Ցավոք, մեզ մոտ թատրոնը՝ որպես կարեւոր օղակ, դեռեւս չի ընկալվում:
-Եվ վերջում` առաջիկայում Ձեզ ի՞նչ նոր դերերում կարող ենք տեսնել:
-Չեմ սիրում դեռ չիրականացված ծրագրերից խոսել, հենց պահը գա, կտեղեկացնեմ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

 

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի պետական կամերայինի նվագախմբի հրավերով երկօրյա համերգային ծրագրով Երեւանում է հանրահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը: Հրավերի պատասխանատու «Invitro Production»-ից մեզ տեղեկացրին, որ համերգները չեն ներառվում Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում, ու որ դրանք նախատեսված էին դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին: «Ինչ-ինչ պատճառներով համերգը հետաձգվեց, սակայն մեզ հաջողվեց կրկին պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի այս համերգն անպայման կայանա»,- ասաց ՀՀ պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը:
Վերջինս բացառելով ցեղասպանության 100-ամյակի հետ համերգների կապը՝ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անվանի դաշնակահարը կրում է Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը: «Դա նվագախմբի որոշումն է, համաձայն որի՝ այն արտիստները, ովքեր 2015 թվականին կգան Հայաստան ու կհամագործակցեն մեզ հետ, անպայման կկրեն Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ կրծքանշանը՝ այսպիսով դատապարտելով Հայոց եղեռնը»-մեկնաբանեց Ն. Նազարյանը:
Անձամբ ինքը՝ Կլայդերմանը, վերապահումով խոսեց Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ ինքն «ընդամենը երաժշտության համեստ դեսպան է»: «Ես կարծում եմ, որ երաժշտությունը մարդկանց ցանկացած իրավիճակում օգնում է վերապրել ինչ-որ բաներ: Իրոք, ցեղասպանությունը ձեր ազգի համար պատկերացնում եմ, որ շատ դժվար դրամա է եղել: Կարծում եմ, որ ինչպես կյանքի ցանկացած իրավիճակում, այնպես էլ այս դեպքում երաժշտությունը կարող է մոռացության տալ որոշ հատվածներ»,-կարծիք հայտնեց լեգենդար երաժիշտը: «L FOR LOVE» ստեղծագործության կենդանի կատարմամբ էլ, որը կոմպոզիտորը նվիրեց հայ կանանց, ամփոփվեց լրագրողների հետ հանդիպումը:

 

«100 ԴՈՒՌ». ՆՈՐ ՖԼԵՇ-ՄՈԲ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ռեժիսոր-պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը նախաձեռնել է «100 դուռ» լուսանկարչական նախագիծը, որի շրջանակում նախատեսված է ներկայացնել 100 հայկական եկեղեցու եւ վանքի դուռ: Նախագծի հեղինակը BRAVO.am-ին պատմել է այս գաղափարի մանրամասների մասին, նաեւ տեղեկացրել, թե ինչպես է սկիզբ առել «Մեր վերքերը դեռ բաց են» գրությամբ շապիկներով լուսանկարվող մարդկանց ֆլեշ-մոբը: Նախագծի նպատակն ազգովի աղոթք բարձրացնելն է: Հեղինակի խոսքով` նկարահանվել է շուրջ 70 եկեղեցու դուռ Հայաստանի տարբեր մարզերում, թիմը մտադիր է այցելել նաեւ Արցախ, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան: Ցուցահանդեսն ի սկզբանե նախատեսված է կազմակերպել Երեւանում, ապրիլին, այնուհետեւ՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Դրանից հետո հնարավոր է` լուսանկարները ցուցադրվեն Հայաստանի տարբեր քաղաքներում եւ արտասահմանյան այլ երկրներում:




Լրահոս