«Որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ փորձում են քաղաքականացնել երգը». Առաջին ալիքը` Եվրատեսիլ 2015-ի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցության բոլոր տարիներին ներկայացել է լրջորեն եւ ամենայն պատասխանատվությամբ, ինչպես նաեւ հարգելով մրցույթի բոլոր օրենքները: Այս սկզբունքով է մշտապես Հայաստանը մասնակցել «Եվրատեսիլ»-ին, մոտեցումն անփոփոխ է նաեւ այս տարի: Մրցույթում Հայաստանը կներկայացնի “Genealogy” խումբը` “Don’t deny” երգով, որը համամարդկային արժեքների մասին է:

Երգի ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»: Մեզ զարմացնում է այն հանգամանքը, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ փորձում են քաղաքականացնել երգը, խանգարել մեր մասնակցությանը, խաղալ մեր անվան հետ: Մենք չենք ընդունում նման աշխատելաոճը, փաստերի աղավաղումը եւ ակնկալում Ձեր աջակցությունը ճշտված տեղեկատվության տարածման հարցում, ինչպես նաեւ չճշտված ինֆորմացիայի չտարածման գործում: «Եվրատեսիլ»-ը քաղաքական ամբիոն չէ, այլ յուրատիպ մշակութային հարթակ, որտեղ «կամուրջներ են կառուցվում» պետությունների, մշակույթների, ավանդույթների եւ արտիստների միջեւ:

Մենք անընդունելի ենք համարում համաեվրոպական երգի տոնի հարթակում քաղաքական որեւէ հարցի որեւէ տիպի շահարկումը: Եվրատեսիլը մինչեւ այսօր մեծ ճանաչում ունի, 60 տարեկան է ու երազանք է շատ ու շատ երգիչների համար առաջին հերթին իր կանոնների շնորհիվ: Իսկ այդ կանոնների տակ ստորագրում է մասնակից երկիրը: Ուստի ոչ մի երկիր չի կարող քաղաքական, կոմերցիոն եւ մրցույթի վարկանիշը ոտնահարող որեւէ երգ ու բեմադրություն առաջարկել:

Մենք նորից ենք պնդում, որ “Don’t deny” երգի մեջ քաղաքական երանգ փնտրելը երեւակայություն է կամ ուղղորդված ցանկություն քաղաքական երանգներ հաղորդել դրան: Հորդորում ենք մեդիաներին զերծ մնալ ավելորդ քաղաքական շահարկումներից, փաստերը աղավաղելուց, մրցույթի կանոնները կասկածի տակ դնելուց: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015»-ին Հայաստանը կներկայանա  “Genealogy” խմբով, որի ստեղծման գաղափարը մեզ ոգեշնչել է մրցույթի այս տարվա նշանաբանը: Մենք «կամուրջ ենք կառուցել» անցյալի ու ներկայի, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջեւ:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս