Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դարձել է հեռուստահաղորդավար: Վերջինս հաղորդում է վարելու իր որդու՝ Բեկա Իվանիշվիլիին պատկանող GDS հեռուստաալիքով:
Իվանիշվիլին կիրակի օրը հեռուստաեթերից ներկայացրել է նոր «20/30» վերլուծական ծրագիրը: Նախկին վարչապետի խոսքերով՝ անհրաժեշտ է «քաղաքական իրադարձությունների անաչառ վերլուծություն» անցկացնել, քանի որ Վրաստանի մեդիատարածքում «խախտվել է տեղեկատվական հավասարակշռությունը»:
Իվանիշվիլին հաղորդման ընթացքում խոստովանել է, որ Վրաստանի տնտեսությունը թուլացել է, և դրա վրա ազդում է ուկրաինական ճգնաժամը:
«Սակայն Վրաստանի տնտեսությունում ոչ մի աղետ ու քաոս չկա, ինչպես դա փորձում են ներկայացնել որոշ վրացի փորձագետներ ու ընկերություններ»,- ընդգծել է նա: