«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին սայթաքման դեպքում կձերբակալեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բերձորում մենք հակաօրինական գործողութուն կատարե՞լ էինք, որ նման ահաբեկչություն եղավ մեր նկատմամբ»: Armlur.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներից Գարեգին Չուգասզյանն այսպես արձագանքեց հարցին, թե ի՞նչ հիմքերով է հայտարարում, որ մինչև ապրիլի 24-ը կամ հենց այդ օրը իրենց կարող են ձերբակալել:

«Այն, ինչ կատարվում է վարչախմբի կողմից, պետական ահաբեկչություն է: Դա նոր չէ սկսվել` անցած տարվանից սկսեցին մեր մեքենաները հրկիզել, շարժման մասնակիցների վրա հարձակվել, այնուհետև 160 հոգանոց ավտոերթի վրա հարձակվել: Դրա համար մենք ոչ մի առիթ չէինք տվել: Մենք բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ այդ ամբողջ հրեշացման գործընթացը, որը կատարվում է մեր նկատմամբ մամուլով, խոսում է այն մասին, որ այդ սցենարի մեջ ուրիշ հնարավոր քայլեր էլ կան»,- ասաց նա: Չուգասզյանը նշեց` իրենք առանց հիմքերի կարող են պնդել, որ այդ բռնությունների այլ ձևեր ևս կարող են կիրառվել:

«Իսկ ապրիլի 24-ին մենք բացի ցավի ու կորստի միջոցառումներին մասնակցելուց` մեր կողմից ունենք ուրիշ ոգեկոչում` դա պայքարի ոգեկոչումն է, որը մեզ մոտ արտահայտվելու է քաղաքացիական անհնազանդության գործողություններով»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահը: Նա ավելացրեց, որ նոր ավտոերթեր լինելու են և դրանց անցկացման հետ կապված իրենք լրացուցիչ կտեղեկացնեն:

Նաև նշենք, որ Armlur.am-ի` իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալության դեպքեր կլինեն: Նրանք սպասում են վերջիններիս կողմից որևէ սայթաքման: Դրա վառ ապացույցն է Գյումրիի ավտոերթը, որի ժամանակ ավտոերթի մասնակիցներին դիմավորեցին քրեական հեղինակությունները:




Լրահոս