ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս հայտնվեցի մի բավական տհաճ իրավիճակում: Խանութից գնեցի կիլոգրամով քաղցրավենիք, որի պիտանելիության ժամկետն ուժի մեջ էր: Երբ արդեն տանը բացեցի քաղցրավենիքը, տեսա, որ այն նամշած էր ու, հետեւաբար, ուտելու ոչ ենթակա: Հետ տարա խանութ, բայց վաճառողուհին ինձ ցույց տվեց պիտանելիության ժամկետը եւ պնդեց, որ այն թարմ է: Նա  ո՛չ հետ վերցրեց քաղցրավենիքը, ո՛չ էլ իմ գումարը վերադարձրեց: Այս դեպքում ես` որպես սպառող, ո՞ւմ պետք է դիմեմ:

Օֆելյա Աղաբաբյան, 24 տարեկան, վարսահարդար

ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառողը պետք է չզլանա եւ դիմի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Այնտեղ պետք է դիմում գրի եւ հետեւի իր դիմումի ընթացքին: Սննդի պետական ծառայությունն էլ իր հերթին պետք է քայլեր ձեռնարկի: Այսինքն՝ պետք է վերցնի նմուշը եւ ստուգում կատարի: Եթե սպառողի բարձրացրած հարցը ճիշտ լինի, ապա պետք է այդ ընկերությունը պատժվի (գումարի տեսքով): Բայց այս դեպքում կա երկու տարբերակ. միգուցե խանութում սխալ է պահվել սնունդը, եւ այդ պատճառով է նման հարց  առաջացել, կամ էլ այն իսկապես հին է եղել: Ամեն դեպքում, պետք է դիմել սննդի պետական ծառայությանը, որովհետեւ վերջինս նրա համար է, որ ստուգի եւ կանխի նման դեպքերը:

«Սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անորակ եւ ժամկետանց ապրանքներից խուսափելու տարբերակ սպառողները երեւի թե չունեն: Նամշած մթերք վաճառող խանութները պետք է բոյկոտվեն: Եւ այս դեպքում միայն փակման վտանգի առաջ հայտնված խանութը մատակարարից այլեւս անորակ ապրանք չի վերցնի: Ավելին, խիստ բծախնդիր կդառնա որակի հանդեպ:




Լրահոս