ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարում է, որ 2012 թվականին կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար Վարչական դատարանի կողմից 2 օր առաջ ենթարկվել է պատասխանատվության, ինչն օրենքով արգելված է, քանի որ վերջինս համարվում է անձեռնմխելի: Իսկ պատգամավորին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու համար նախ հարկավոր է զրկել անձեռնմխելիությունից:
Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց. «Եթե դա իմ նկատմամբ հետապնդում է, ապա ես պահանջում եմ, որ դա լինի օրենքով` նախ ինձ զրկեն անձեռնմխելիությունից, հետո նոր ենթարկեն պատասխանատվության: Պատգամավորի նկատմամբ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու գործընթաց լինել չի կարող առանց անձեռնմխելիությունից զրկելու»,- ասաց Ուրիխանյանը:
Վերջինս չպատասխանեց հարցին, թե արդյոք սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, քանի որ պատասխանատվության են ենթարկում 3 տարի առաջ կատարած խախտման համար: «Ես չեմ խոսում այն մասին, որ ամբողջ ժողովրդի գլխին պատուհաս է դարձել տուգանքային ռեկետը, ես չեմ խոսում այն մասին, որ դա տեղի է ունեցել առանց ծանուցագրերի: Ես չեմ խոսում այն մասին, որ ընթացակարգը չի պահպանվել, ես չեմ խոսում այն մասին, որ երեք տարի անց հանկարծ հիշել են, ես չեմ խոսում այն մասին, որ որոշումը ստորագրած դատավորը ազատվել է աշխատանքից և այլն: Ես խոսում եմ այն մասին, որ եթե նման բան կա, ապա նախ պետք է զրկել ինձ անձեռնմխելիությունից, այնուհետև ենթարկել պատասխանատվության: Հակառակ դեպքում` Սահմանադրությունն արգելում է: Իսկ քաղաքական հետապնդում է, թե` ոչ, չեմ ուզում այդ մասին խոսել, մեկնաբանությունները թողնում եմ հանրությանը»,- հավելեց ԱԺ պատգամավորը:
Ուրիխանյանն ակնկալում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը, օրենքի և կարգի համաձայն, առաջիկայում կմտնի Ազգային ժողով, և ԱԺ-ն քվեարկությամբ կզրկի իրեն անձեռնմխելիությունից: