ՊԱՌԿԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ՞ ԵՐԹԵՎԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում մարդկանց եւ մեքենաների երթեւեկը վաղուց է վտանգված: Հատկապես դժվար կացություն է միջպետական մայրուղու՝ քաղաքային շուկային հարող տարածքում: Քաղաքային շուկայի առաջ մշտապես կայանում են մթերքներ վաճառողների մեքենաներ՝ այդ կերպ նեղացնելով առանց այն էլ  երթեւեկության ոչ լայն գոտին: Այստեղ են կայանում քաղաքի մի քանի տաքսի ծառայությունների մեքենաները: Այս հատվածում հաճախ են տեղի ունենում մեքենաների խցանումներ: Նշված տարածքը իջեւանցիներն անվանում են “Լաչինի միջանցք” եւ կատակում, թե ով այդ տարածքը մեքենայով անվնաս անցնի, նրան իսկույն պետք է վարորդական իրավունքի վկայական տալ:
Սակայն այդ հատվածը առավել վտանգավոր է հետիոտների համար: Չնայած անցորդների մեծ տեղաշարժին՝ այդտեղ հետիոտնի անցման ոչ մի գծանշում չկա: Հիշյալ հատվածում միջպետական ճանապարհը հատելիս մարդիկ ամեն անգամ իրենց վտանգի են ենթարկում՝ ռիսկ անելով հայտնվել անցնող մեքենաների անիվների տակ: Մանավանդ որ վերջին տարիներին Հայաստանում մեքենաների թիվը աճել է, երիտասարդ ավտոխուլիգանների վարքն էլ ավելի անկանխատեսելի է դարձել:  
Գիշերները Իջեւանի Անկախության փողոցում երիտասարդ ավտոխուլիգանները մրցավազքի են դուրս գալիս: Նրանք մեքենաները սրընթաց կերպով վարում են նաեւ Վալանսի եւ Աբովյան փողոցներում, որոնք  երեկոյան  ժամը 19-ից հետո  
նախատեսված են միայն հետիոտների տեղաշարժի համար: Երեկոյան գետափնյա գեղատեսիլ Վալանսի փողոցում զբոսնողները, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, մեքենաների պատճառով իրենց վախվորած եւ զգուշավոր են պահում: Իջեւանցի ավտոխուլիգանների արկածների սիրված վայրն է նաեւ Տավուշի մարզպետարանի առջեւ գտնվող Սահմանադրության հրապարակը: Մրցավազքի դուրս եկած  
ավտոխուլիգանների մեքենաների շարժիչների դղրդյունից իջեւանցիները գիշերները չեն կարողանում քնել: Իջեւանի քաղաքապետարանն անսանձ երթեւեկողների դեմ հակաքայլեր է ձեռնարկել, քաղաքի Անկախության փողոցում տեղադրվել է երեք, իսկ դրան կից` դատարանի  նախկին շենքի փողոցում, երկու “պառկած ոստիկան”: Դրանք ճանապարհին սարքված փոքրիկ արգելք-թմբեր են, որոնց պատճառով նշված տեղում հնարավոր չէ մեքենաների արագություն զարգացնել: Թե դրանք որքանով կնպաստեն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանը, ցույց կտա ժամանակը:  
Իջեւանում հանդիպեցինք ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի չորրորդ վաշտի երկրորդ դասակի հրամանատար, փոխգնդապետ Արտուշ Գասպարյանին: Նա հայտնեց, որ պետավտոտեսուչները ճանապարհին հսկողություն են իրականացնում մինչեւ գիշերվա ժամը 12-ը, իսկ ձմռան ամիսներին` նաեւ կեսգիշերից հետո: Իջեւանում խնդիր է  նաեւ լուսացույցների բացակայությունը: Ութ հազար բնակիչ ունեցող Բերդ քաղաքում տեղադրված երկու լուսացույց կա, իսկ քսան հազար բնակիչ ունեցող մարզկենտրոն Իջեւանում՝ ոչ մի: Ներկայում Իջեւանի քաղաքապետարանը միջազգային մի կազմակերպության աջակցությամբ նախաձեռնել է  քաղաքի մի քանի խաչմերուկներում լուսացույցների տեղադրումը: Սկսվել է նոր ուսումնական տարին, երեխաները դպրոց են գնում, ու երթեւեկության անվտանգության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս