Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր պետք է տեղի ունենար «Ազատամարտիկների դաշինք»-ի նիստը: Նրանց տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները հասցրին մի հանգրվանի, որում քաղաքական կուսակցությունները դադար առնելու եւ տեղի ունեցածը գնահատելու անհրաժեշտություն ունեն: Ոչ իշխանական դաշտում այս օրերին ընթացող վերադասավորումները նոր իրավիճակում գործելու նախապատրաստություն են ենթադրում:
Միաժամանակ, երկրում առկա խնդիրները, սկսած՝ ժողովրդավարության դեֆիցիտից, վերջացրած՝ սոցիալական ամենատարրական հարցերով մնացել են նույն մակարդակի վրա: Ավելին՝ իշխող ուժը գնալով էլ ավելի է սեղմում օղակը, որի պատճառով երկրի բնակչությունը լքում է իր հայրենիքը:
Այս տարի հայ ժողովուրդը մեծ խնդիր ունի լուծելու: Այն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի փաստը ծառայեցնել եւս մեկ անգամ համայն աշխարհին հայտարարելու համար, որ հայ ժողովուրդը հետեւողական է լինելու 20-րդ դարի այդ մեծագույն ողբերգության ճանաչման հարցում: Հայաստանը եւ Սփյուռքի մեր հայրենակիցները բազմաթիվ միջոցառումներ են ծրագրել ապրիլի 24-ին ընդառաջ եւ հարկ է, որ այդ ծրագրերը իրականացվեն պատշաճ մակարդակով ու առանց խնդիրների:
Ելնելով նշված պատճառներից «Ազատամարտիկների դաշինքը» հայտարարում է, որ չի փոխվել կազմակերպության մարտավարությունը, չեն փոխվել նաեւ սկզբունքները: «Ազատամարտիկների դաշինքը» վերահաստատում է, որ իր գերագույն նպատակն է ունենալ հզոր, արտաքին մարտահրավերներին դիմակայելու պատրաստ եւ ժողովրդավարական Հայաստան:
«Ազատամարտիկների դաշինքը», հավատարիմ լինելով իր որդեգրած նպատակներին, միաժամանակ հայտարարում է, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտը զբաղված է լինելու ներքին կազմակերպչական աշխատանքներով:
Դաշինքը միաժամանակ հետեւելու է ներքին քաղաքական զարգացումներին՝ անհրաժեշտ պահին պատրաստ լինելու համար հայտնելու իր դիրքորոշումը եւ մասնակից լինելու ներքաղաքական գործընթացներին»: