ՀԷՑ-ը գործում է ի վնաս Հայաստանի, հօգուտ Ռուսաստանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն` անցած 2014 թվականին էլեկտրական էներգիա արտադրողներին չվճարումները կազմել են 10 միլիարդ 830 միլիոն դրամ, որն ընդհանուր մատակարարված էլէներգիայի արժեքի 8 տոկոսն է կազմում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի կողմից սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի ընդհանուր արժեքը կազմել է 188 միլիարդ 178 միլիոն դրամ, որից 185 միլիարդ 386 միլիոն դրամը, կամ նույն է թե` 99 տոկոսը գանձվել է: Փաստորեն 2014-ին ՀԷՑ-ը ստացել է 135 միլիարդ 381 միլիոն դրամի էլէներգիա, որն իրացնելով փաստացի հավաքագրել է 50 միլիարդով ավել գումար, սակայն, միեւնույն է, էլէներգիա արտադրողների գումարներն ամբողջությամբ չի վճարել:

Իսկ այն փաստը, թե էլէներգիա արտադրող հատկապես որ ընկերությունների գումարներն ՀԷՑ-ն ամբողջությամբ չի վճարել, վկայում է, որ այս ընկերության գործողությունները ուղղված են եղել Հայաստանի տնտեսության դեմ, կամ ավելի կոնկրետ` հիմնական էժան էլէներգիա արտադրողների դեմ: Բանն այն է, որ ՀԷՑ-ը, ասենք, Մեծամորի ՀԱԷԿ-ից ստացել է 29 միլիարդ 528 միլիոն դրամի էլէներգիա, բայց դիմացը վճարել է 27 միլիարդ 575 միլիոն դրամ, այսինքն` շուրջ երկու միլիարդ դրամը կամ մատակարարված ապրանքի 7 տոկոսի արժեքը չի վճարել: «Երեւան ՋԷԿ»-ի պարագայում իրավիճակն ավելի վատ է՝ ՀԷՑ-ին մատակարարվել է 22 միլիարդ 649 միլիոն դրամի էլէներգիա, որի դիմաց նշված ընկերությունը վճարել է 15 միլիարդ 203 միլիոն դրամ, չվճարումը կազմել է ավելի քան 7 միլիարդ դրամ, կամ նույնն է թե՝ 33 տոկոս: «Որոտանի ՀԷԿՀ»-ից ՀԷՑ-ը ստացել է 8 միլիարդ 264 միլիոն դրամի էլէներգիա, իսկ դիմացը վճարել է 6 միլիարդ 879 միլիոն դրամ, չվճարումը կազմել է մոտ մեկուկես միլիարդ դրամ, կամ նույն է թե` 17 տոկոս: Փոխարենը ՀԷՑ-ը 100 տոկոս վճարել է «Հրազդան ՋԷԿ»-ից եւ «Հրազդան 5» ՋԷԿ-ից ստացված էլէներգիայի դիմաց:

Նշված երկու ՋԷԿ-երն ամենաթանկ էլէներգիա մատակարարողներն են: Նրանք երկուսն իրար հետ Մեծամորի ՀԱԷԿ-ի չափ էլէներգիա չեն արտադրել. «Հրազդան ՋԷԿ»-ը մատակարարել է 957 մլն/ԿՎտ, իսկ «Հրազդան 5»-ը 857,5 մլն/ԿՎտ էլէներգիա, ընդհանուր` 1814,5 մլն/ԿՎտ, այն դեպքում, երբ միայն ՀԱԷԿ-ն արտադրել է 2464,8 մլն/ԿՎտ էլէներգիա: Ինչպես արդեն նշել ենք՝ ՀԱԷԿ-ին ՀԷՑ-ը պետք է վճարեր 29 միլիարդ 528 միլիոն դրամ, ինչը մասնակի է արել: Փոխարենը «Հրազդան ՋԷԿ»-ին վճարել է 38 միլիարդ 286 միլիոն դրամ, իսկ «Հրազդան 5»-ին՝ 16 միլիարդ 253 միլիոն դրամ: Թվերն ինքնին խոսուն են: Փաստորեն այն էլէներգիա արտադրողները, որոնք ինչպես ՀԷՑ-ը պատկանում է Ռուսաստանին եւ բացի այդ՝ էլէներգիա արտադրելիս օգտագործում են ռուսական գազը, իրենց գումարները ստացել են ամբողջությամբ, իսկ, այսպես ասած, ոչ ռուսական ընկերությունների գումարները, որոնք ոչ միայն ավելի քիչ են եղել, այլ նաեւ ավելի արդյունավետ, մասնակի են վճարվել:

Ինչ է սա, եթե ոչ՝ միտումնավոր վնասարարություն: Իսկ վերջերս ՀՀ ԱԺ-ում փորձում էին հասկանալ, թե ինչպես է ՀԷՑ-ը 300 միլիոն դոլարի պարտք կուտակել. հենց այսպես՝ էժան էլէներգիայի դիմաց չվճարելով ու ռուսական թանկ գազով թանկ էլէներգիայի դիմաց կրկնակի վճարելով: Այնպիսի տպավորություն է, որ ՀԷՑ-ը գործում է լիարժեք անտեր երկրում, որտեղ անգամ իրեն նախագահի տեղ դրածը չի համարձակվում նրանց հակաճառել եւ ասել. «Էս ի՞նչ եք անում, ո՜վ մեր դաշնակից, մենձ ախպեր ջան»:

ՀԷՑ-ի հրապարակած հաշվետվություններից պարզ է դառնում նաեւ, որ Հայաստանում էլէներգիայի ամենամեծ սպառողը բնակչությունն է, որին բաժին է հասնում ընդհանուր սպառվածի 36,1 տոկոսը, իսկ արդյունաբերությանը բաժին է հասնում սպառված էլէներգիայի ընդամենը 23,2 տոկոսը: Այս ցուցանիշը մեր տնտեսությունում առկա ողբերգական վիճակի ամենավառ արտացոլումն է, քանի որ վկայությունն է այն բանի, որ Հայաստանում արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս