ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ԳԱՆՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. ՀՀ առողջապահության նախարարությանը պետբյուջեից տրամադրվել է 65 մլրդ դրամ, որից 1 մլրդ 741 մլնն հատկացվել է հոգեբուժության ոլորտին: Այդ գումարից միայն 870 մլն-ն նախարարությունը փոխանցել է Նուբարաշենի հոգեբուժարանին, որպեսզի հոգեկան հիվանդների խնդիրները հոգան: Բայց պարզվում է, որ Նուբարաշենում մեկ հիվանդից օրական 1000 դրամ գումար են վերցրել:
Ընդհանրապես, հոգեբուժությունը փակ ոլորտ է: Հոգեբուժարանների, հոգեկան հիվանդների կենցաղը մշտապես եղել է յոթ կողպեքի հետեւում` թողնված բժիշկների խղճն: Ու պարզվում է՝ ոչ բոլորն են այսօր հավատարիմ Հիպոկրատի՝ իրենց տված երդմանը: Նրանք պետպատվերի շրջանակներում նախատեսված անվճար բուժման դիմաց ՀՀ քաղաքացուց ապօրինի դրամներ են շորթում:
Օրեր առաջ “Ժողովուրդ”-ն ահազանգ էր ստացել Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչ Նատալյա Մարտիրոսյանից, որի  ” Իմ աղջիկը տասը տարի է՝ հոգեբուժարաններում բուժման կուրսեր է անցնում, բայց նրան բուժում չկա: Հենց դեղերի ազդեցությունն անցնում է, նորից կատաղում է”,-պատմեց մայրը` տեղեկացնելով, որ Ալինան հիմա գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում: Նշենք, որ Ալինան ամուսնացել է 18 տարեկանում, այժմ ունի 15 տարեկան դուստր: Նրա ամուսինը մահացել է: Մոր խոսքերով՝ Ալինան հոգեկան շեղումները ձեռք է բերել իր առաջնեկի ծնունդից հետո. “4 տարեկան էր իր աղջիկը, երբ Ալինան տեղափոխվեց հոգեբուժարանե: Տիկին Նատալյան մենակ է ապրում` երկաթյա ժանգոտված տնակում: Նա գյուղացիների տներում հաց թխելով է գումար վաստակում: 
Դեռեւս 10 տարի առաջ Նատալյան դիմել է “Արմաշի առողջության կենտրոն”՝ աղջկան բուժման ընդունելու համար, այնտեղ նրանից գումար են պահանջել: Յոթ տարի Ալինան բուժվել է այնտեղ, իսկ վերջին երեք տարում՝ Նուբարաշենի հոգեբուժարանում: Եւ այսպես, տիկին Նատալյայի խոսքերով, նա 10 տարի շարունակ մեկ օրվա դիմաց հոգեբուժարաններին վճարել է 1000 դրամ: Այսինքն՝ ամսական 30 հազար դրամ, որը տարեկան կազմում է 360 հազար դրամ: Իսկ եթե հաշվարկենք հիվանդի ծնողի ասած 10 տարվա տված 1000-ական դրամները, ստացվում է, որ հոգեբուժարանները մեկ հիվանդից 3 մլն 600 հազար դրամ են գանձել: Բացի այդ, հոգեբուժարանների աշխատակիցները հիվանդի մորից տարին երկու անգամ պահանջել են բերել սպիտակեղեն, սրբիչ, օճառ, լվացքի փոշի, վարագույր, ավել եւ այլն: ,Ամբողջ ոսկեղենը վաճառել եմ: Սրա-նրա տանը հաց եմ կերել սաբաբ իմ փողի, էրեխու համար, որ նա մնա այնտեղ, չգա ստեղ մեկին վնասի: Կամ էլ ուրիշի տներն եմ հավաքել, մաքրել, որ փող աշխատեմ: Փողոցի թափառական շունը ինձանից լավ է ապրում”,-դժգոհեց տուժած մայրը:
Նա տեղեկացրեց, որ երբ իր վճարած օրերի գումարն ավարտվել է, ամեն անգամ հոգեբուժարանից զանգել ու ասել են, թե ձեր աղջիկը բուժվել է, եկե՛ք, տարե՛ք: Մայրն էլ ստիպված է եղել երբեմն աղջկան տուն բերել՝ վտանգելով նախ իր, ապա հարեւանների կյանքը. “Որտեղի՞ց փող ճարեմ: Օրվա հացի կարոտ եմ: Ու որ ես գումար չեմ կարողանում գտնել, իմ էրեխուն տալիս են ձեռքս ու ասում՝ տա՛ր: Ախր չգիտեմ, թե ում դիմեմ: Ճամփա չգիտեմ”:
Ալինայի առողջական վիճակը գնալով վատանում է, սկսում է ավելի կատաղել: Երբ իրեն հոգեբուժարանից բերում էի տուն, վախից դրսում էի քնում: Ինձ անընդհատ ծեծում էր: Դա ոչինչ: Մի օր հարեւաններս ինձ փրկեցին: Նա ինձ վրա անընդհատ զայրանում էր: Ասում էր, որ ուզում է արյունս թափել: Գիշերվա կեսին պոպոքի ծառի տակ արթուն նստած էի: Կատաղած վրա հասավ ինձ, բռնեց աջ ձեռքիս դաստակն ու սկսեց ամուր սեղմել: Այնքան էր սեղմել, որ ձեռքս ուռեց: Հետո կատաղած գնաց, մեծ դանակը վերցրեց ու կանգնեց առաջս: Վախից չորացել էի: Իմ ծնած աղջիկն ուզում էր ինձ սպանել”,-պատմեց մայրը՝ չկարողանալով զսպել արցունքները: Մի պահ տված դադարից հետո շարունակեց. “Փառք Աստծո, հարեւաններս փրկեցին ինձ: Վախից սկսեցի բարձր գոռալ: Հարեւաններս եկան ու սկսեցին համոզել Ալինային՝ ասելով, որ այս մի դանակը քիչ է, տո՛ւր, տանենք, փոխենք, երկու հատ բերենք: Համաձայնեց, բայց ամբողջ գիշեր կանգնել էր այդ հարեւանիս տան մոտ ու սպասում էր, թե երբ են բերելու դանակները: Անընդհատ ասում էր՝ արյուն եմ ուզում հանել”:
Այս պատմության մեջ սարսափելին նաեւ այն է, որ այդ դեպքից հետո Նուբարաշենի հոգեբուժարանը Ալինային 24 օրով բուժելու համար 24 հազար դրամ է պահանջել: Եւ երբ լրացել է “ուժման կուրսը”, նրանք նորից զանգահարել են տիկին Նատալյային եւ փոխանցել, թե՝ “կա՛մ վճարեք ավել օրերի համար, կա՛մ եկեք տարեք ձեր հիվանդին, նա բուժվել է”:
Զրուցեցինք նաեւ հարեւանների հետ, որոնք միաբերան դժգոհում էին. “,Վա՜յ, աղջի՛կ ջան: Սարսափելի է: Մեր էրեխեքին չէինք թողնում տանից դուրս գալ: Մեղք է Նատան, ամբողջ օրը տանջվում է, որ աղջկա բուժման համար փող հավաքի”:
Փորձեցինք իրավիճակի շուրջ մեկնաբանություններ ստանալ Նուբարաշենի հոգեբուժարանի գլխավոր բժիշկ Սամվել Թորոսյանից, սակայն նրա աշխատակիցները խուսափեցին լսափողը փոխանցել ղեկավարին: Ավելի ուշ պարզեցինք, որ Թորոսյանը երկրում չէ, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ անտեղյակ է խնդրից: Արդյունքում՝ Գողթ գյուղի բնակիչները ստիպված են ապրել սարսափի մեջ, քանի որ հիվանդի մայրը միշտ չէ, որ կարողանում է գումար ճարել ու բավարարել հոգեբուժարանի տնօրինության քմահաճույքները:
Մենք այս թեմային դեռ կանդրադառնանք:
Հ.Գ. Զրույցի ընթացքում տիկին Նատալյան “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համար հոգեբուժարանի աշխատակիցները նույնպիսի ջանասիրությամբ իրենից պահանջել են թարմացնել հիվանդ աղջկա անձնագիրը՝ ընտրություն կատարելու համար: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս