Իշխանությունները «փոշմանել» են. Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ուսումնասիրություններն ընդհատվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդեն ընդհատել եմ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու համար ուսումնասիրությունները, և որոշումն այն է, որ Գագիկ Ծառուկյանը մանդատի խնդիր չի ունենա»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով` իրավական հիմնավորումները ՍԴ որոշման հետ որոշակի բանավեճերի առիթ են դարձել, ինչպես նաև օրեր առաջ լրացուցիչ պարզաբանումներ են ստացել պարոն Ծառուկյանից:

«Մեկնաբանությունը հետևյալն էր, որ ինքը իմացել է, որ գրությամբ իր բացակայությունները հարգելի են, որը իրողություն է, և այս պահին չի կարող փաստաթղթեր ներկայացնի, քանի որ խնդիրը նրանում է, որ բացակայությունները հարգելի են համարվել»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանը նշեց, որ օրերս ինքը կհայտարարի նաև հանձնաժողովների նախագահների և խմբակցության ղեկավարների համատեղ նիստում, որ մինչև օրենսդրական փոփոխությունները ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի միակ բացակայության հարգելիությունը կհամարվի առողջության մասին փաստաթուղթը, ԱԺ-ի գործուղումները, իսկ մնացած հանգամանքերը, որ կապված են այլ խնդիրների հետ, հաշվի չեն առնվի:

Այն դիտարկմանը, թե այլ կերպ ասած` իշխանությունները «փոշմանել են», Գալուստ Սահակյանը նշեց. «Իշխանությունները երբեք չեն փոշմանում, դա իմ որոշելու խնդիրն է, առավել ևս պարզ է, որ այսօր էլ, երբ խոսում եմ, տարամերժ կարծիքներ կան: Ես բավական լուրջ եմ խնդիրն ուսումնասիրել, զրուցել եմ շատերի հետ, փորձել եմ այլ ուսումնասիրության տարբերակներ: Եվ վերջնական որոշումը դա է, որ իրավական տեսակետից բանավեճի առարկա է դարձել, իրավաբանորեն անհարգելի է բացակայությունները, բայց քանի որ նաև ԱԺ-ն որպես քաղաքական հարթակ նախադեպեր չունի այդպիսի»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանը նշեց, թե անկախ նրանից, որ Գագիկ Ծառուկյանն այլևս ԲՀԿ նախագահ չէ, ամեն դեպքում` նա շարունակում է իր աշխատանքը որպես պատգամավոր. «Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը պատգամավոր կարգավիճակում չի՞ շարունակում չարիք մնալ, Սահակյանը նկատեց. «Չարիքը վերաբերում է ընդհանուր երևույթներին ու իրողություններին, կոնկրետ անձնավորված չի կարելի ասել»:




Լրահոս